Նյու Յորքի Թայմս հրապարակից մինչև Լոնդոնի Թրաֆալգար հրապարակ
Ապրիլի 30-ին Ազգային Ժողովի շենքի առջևում մեկնարկեց «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնության երկրորդ բողոքի ակցիան՝ Ադրբեջանում ապօրինի գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացիների անհապաղ վերադարձի պահանջով:
Նախաձեռնությունը ձևավորվել է Սփյուռքում, որի շրջանակներում աշխարհի 13 երկրների շուրջ 30 քաղաքներում (Լոս Անջելես, Նյու Յորք, Հռոմ, Զագրեբ, Բեռլին, Հաագա, Ժնև, Սիդնեյ, Թել Ավիվ, Մոնրեալ և այլն) տեղի ունեցան համանման ակցիաներ՝ տեղական կառավարություններին և մարդու իրավունքների կազմակերպություններին ներկայացնելով հայ ռազմագերիներին ապօրինի գերության մեջ պահելու Ադրբեջանի գործելաոճն ու մեր հայրենակիցներին անհապաղ վերադարձնելու պահանջը։
Կարդացեք նաև
Երևանում ցուցարարներին էին միացել ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց ծնողները, շատերը հատուկ Երևան էին եկել ակցիային մասնակցելու համար։ «Մենք՝ ծնողներով, Գյումրիից հասել ենք այստեղ՝ ողջ աշխարհին դիմելու, որ մեր երիտասարդները, մեր գերիները վերադառնան, սա է մեր միակ խնդրանքը»,- լրատվամիջոցների հետ զրուցելիս ասաց ծնողներից Գրիշա Ենգոյանը։
Ցուցարարներն այցելեցին և նամակ հանձնեցին 9 պաշտոնական ներկայացուցչության՝ Հունաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ՌԴ, ԱՄՆ դեսպանատներին, Եվրամիության Պատվիրակությանը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի աշխատակազմի ղեկավար Վոլքեր Էբելը զրուցեց հավաքվածների հետ և ընդունեց նամակը՝ խոստանալով փոխանցել այն դեսպանին։
Իտալիայի դեսպանության Ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին ողջունեց «Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնության ներկայացուցիչներին և ռազմագերիների ծնողներին, ովքեր դեսպանատան մոտ ներկայացրեցին ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդրի հրատապության մասին։ Պարոն Դիոնիսիի և մասնակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ օրերին ներկաներից երեք հոգի առանձին հանդիպում կունենան դեսպանատանը՝ ավելի հանգամանալից զրուցելու ռազմագերիների խնդրի շուրջ։
ԵՄ պատվիրակության աշխատակազմի ղեկավար պարոն Միխայիլ Համնթանը հանդիպեց Պատվիրակության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ, ընդունեց դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինին հասցեագրված նամակը, զրուցեց ռազմագերիների հարազատների հետ և խոստացավ նրանց խնդրանքը պատվիրակել դեսպանին:
Լոս-Անջելեսում ակցիայի մասնակիցները բեմականացրեցին հայերին գերեվարելու տեսարանը՝ ադրբեջանցի մարդասպանների անունից շնորհակալություն հայտնելով ամերիկյան հանրությանը՝ լռության և անտարբերության համար։ Սփյուռքում իրականացված ակցիաները մեծ արձագանք են հարուցել օտարերկրյա հարթակներում և լուսաբանվել միջազգային լրատվամիջոցների կողմից։ Հազարավոր հայեր և մարդու իրավունքի միջազգային պաշտպաններ շարունակում են բարձրաձայնել հայ ռազմագերիների խնդիրն ու նրանց անհապաղ հայրենիք վերադարձնելու պահանջը։
«Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնությունը նախատեսում է շարունակաբար իրականացնել առանձին բողոքի ակցիաներ և նոր համատեղ ակցիա առաջիկա օրերի ընթացքում։
ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհի հայերն ու մարդու իրավունքների պաշտպաններն այսօր միավորվել են՝ պահանջելով անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ գերիներին։
Ադրբեջանը շարունակաբար խախտում է Ժնևի՝ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիան՝ անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին: Բացի այդ, Ադրբեջանը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ հայտարարությունը:
2021 թ. ապրիլի 15-ի մեր կոչն արդեն մեծ արձագանք է ստացել, և այսօր` երկու շաբաթ անց, մարդու իրավունքների պաշտպաններն ու մտահոգ քաղաքացիները երկրորդ անգամ են հավաքվում աշխարհի ավելի քան 15 երկրների 30 քաղաքներում, կթվարկենք միայն մի քանիսը. Բեռլին, Բրյուսել, Ժնև, Լոնդոն, Լոս Անջելես, Մոսկվա, Նյու Յորք, Հռոմ, Երևան և այլն։ Պահանջը մեկն է՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանի բանտերում անմարդկային պայմաններում գերի պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներին:
Մենք միասնական ենք՝ դիմագրավելու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների հարցը քաղաքական և դիվանագիտական գործարքների մեջ օգտագործելու ամոթալի փորձերին:
Այսպիսով, մենք կոչ ենք անում.
– Հայաստանի Հանրապետության կառավարությանը,
– մեր համաքաղաքացիներին,
– Միավորված Ազգերի Կազմակերպությանը,
– իրավապաշտպան կազմակերպություններին և փաստաբաններին
Կանխել Ադրբեջանի կողմից արվող շահարկումները և պահանջել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:
ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
Հայ ռազմագերիների ազատման համաշխարհային շարժումը մարդու իրավունքների պաշտպանների ոչ պետական, ոչ կրոնական, անկուսակցական ցանց է, որը ծագել է հայկական սփյուռքում:
«Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնություն