Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախիջևան-Իրան՝ որպես Սուեզի նոր ջրանցքի անալոգ». ի՞նչ է թաքնված Լավրովի այցի հետևում. մեկնաբանություններ Բաքվից և Երևանից. JAMnews

Մայիս 03,2021 11:31

Ինչո՞ւ է Լավրովը Երևան և Բաքու մեկնելու

JAMnews. Մայիսի առաջին կեսերին պլանավորված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան (մայիսի 5-6-ը) և Բաքու (մայիսի 10-11-ը)։ Նախատեսվում են բարձր մակարդակով հանդիպումներ երկու երկրներում։ Ի՞նչ է տարածաշրջանին բերելու ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այս այցը։ JAMnews-ը հարցրել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական տեսաբաններին։

Ադրբեջանին համոզել անդամակցել ԵԱՏՄ-ին
«Հնարավոր է, որ Ադրբեջանին հերթական անգամ առաջարկվի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը [ԵԱՏՄ-ն ստեղծվել է Ռուսաստանի հովանու ներքո, դրան անդամակցում է հետխորհրդային մի քանի երկիր — JAMnews]։ Այս հարցը չէր կարող չբարձրացվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

Հնարավոր է, սա սակարկություն է․ Մոսկվան ուզում է Բաքվին ինչ-որ բան առաջարկել այդ կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցությանը լիարժեք համաձայնելու դիմաց։ Չի բացառվում, որ կարող է փորձ կատարվի ճշտելու ԵԱՏՄ-ին Թուրքիայի միանալու ցանկությունը՝ հաշվի առնելով այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում Բայդենի վերջերս կատարած անհաջող քայլը»։
Ադրբեջանում պահվող հայ զինվորականները

«Եվս մեկ վարկած, թե ինչի մասին է Լավրովը մտադիր խոսել երկու երկրների առաջնորդների հետ, Ադրբեջանում պահվող հայ «ռազմագերիների» հարցն է: Հարցն, իհարկե, բարձրացվելու է Լավրովի կողմից։ Դրա հաջող լուծումը կբարձրացնի Մոսկվայի վարկանիշը հայկական կողմի մոտ և նրան իսկական խաղաղապահ կներկայացնի։ Եվ Ռուսաստանը կարող է պարծենալ դրանով ողջ Արևմուտքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ [միջազգային խումբ, որը 1990-ականներից զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով — JAMnews]։ Սակայն, Լավրովը հազիվ թե ուշադրությունն այս հարցի վրա պահի։ Դա բարդ խնդիր է, քանի որ պաշտոնական Բաքուն իր խոսքն այս հարցում արդեն ասել է՝ հայտարարելով, որ ահաբեկիչներին չի պատրաստվում վերադարձնել»։

Մեկնաբանություններ Երևանից
Ռուսաստանին անհանգստացնում է Իրանի ակտիվությունն ու Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությո՞ւնը
«Լավրովի պլաններում հարցեր կան, որոնք կապված են Հայաստանի Սյունիքի մարզի (Ադրբեջանի հետ սահմանին) ռազմական ենթակառուցվածքների հետ։

Այնտեղ որոշվում են ոչ միայն հայկական և ադրբեջանական դիրքերի, նոր սահմանների և անվտանգության նոր սպառնալիքների խնդիրներ։ Սյունիքը միշտ ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն է ունեցել, հատկապես՝ Իրանի առաջարկած «Պարսից ծոց – Սև ծով» տարանցիկ միջանցքի համատեքստում։ Իրականում, դա Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների հարցն է։ Եվ կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ կարևորություն է տալիս դրան Ռուսաստանը։ Հայաստանի համար սա երկակի իրավիճակ է։ Երկիրն անվտանգության առումով Ռուսաստանից ծայրահեղ կախվածության մեջ է, և դժվար է պատկերացնել, որ Հայաստանը նրան դիմադրելու լուրջ ռեսուրսներ ունի։

Սակայն մենք նաև լուրջ ազդակներ ունենք ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության, Արցախի կարգավիճակի, տեղահանվածների հարցերում։ Եվ սա կարող է Հայաստանին օգնել ավելի ինքնավստահ լինել և իր շահերը պաշտպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում»։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը
«Ռազմագերիների թեման, իհարկե, քննարկվելու է, քանի որ Երևանը բարձրացնում է այդ հարցը։ Եվ Ռուսաստանը հետաքրքրված է դրա լուծմամբ։ Սակայն հարցն այն է, թե որքանով է այն պատրաստ իր ներուժը դրա համար օգտագործել։ Մոսկվան, մի կողմից, չի ուզում լուրջ քայլերի գնալ, որոնք կարող են փչացնել կամ լարել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Մյուս կողմից, Ռուսաստանը կարող է այդ հարցն օգտագործել՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ», — կարծում է Հակոբ Բադալյանը։

Երկու երկրների տարածքով ճանապարհների բացումն ու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը
Հենց այս հարցերն են առաջնահերթ լինելու երկու երկրների առաջնորդների հետ քննարկումներում Ռուսաստանի արտգործնախարարի այցի ժամանակ, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․ «Այնպիսի տպավորություն ունեմ, որ Ադրբեջանն Արցախյան երկրորդ պատերազմից առաջ՝ 2020 թ-ի աշնանը, Ռուսաստանին խոստացել է անդամակցել ԵԱՏՄ-ին։ Իսկ հիմա և՛ Թուրքիան նրան թույլ չի տալիս անել դա, և՛ Ադրբեջանն է գիտակցում, որ դա իրեն ձեռնտու չէ։ Այս իրավիճակում Բաքվին ձեռնտու է Հայաստանի՝ վետոյի իր իրավունքից օգտվելը ԵԱՏՄ-ում Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ՝ գերիների վերադարձի նախապայմանն առաջ քաշելով։ Գուցե Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում հենց այս պատճառով»։

Նախիջևան-Իրան՝ որպես Սուեզի նոր ջրանցքի անալոգ
«Ռուսաստանի համար շատ կարևոր է տարածաշրջանում ճանապարհների բացման հարցը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար կարևոր է Նախիջևան-Իրան կապը։ Այդ ճանապարհը լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն ունի ոչ միայն այդ երկու երկրների, այլև Իրանի և, հնարավոր է, Հնդկաստանի և Չինաստանի համար։ Այդ երկաթուղին կարող է Պարսից ծոցը միացնել Սև ծովին, հնարավոր է, շրջանցելով Վրաստանը, Աբխազիայի տարածքով [Ռուսաստանի կողմից ճանաչվել է որպես անկախ պետություն, սակայն Վրաստանը, ողջ արևմտյան հանրությունն ու ՄԱԿ-ն Աբխազիան Վրաստանի մաս են համարում — JAMnews]։ Դա Սուեզի նոր ջրանցքի անալոգ է, որը Ռուսաստանը լոբբինգի է ենթարկելու։ Սակայն Թուրքիան ու Ադրբեջանը հետաքրքրված են մյուս ճանապարհով՝ հայկական Մեղրի քաղաքով [ճանապարհ, որն Ադրբեջանում անվանում են Զանգեզուրի միջանցք — JAMnews]», — կարծում է Ստեփան Դանիելյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31