Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Քոչարյանը Մեղրին հանձնում էր, ո՞ւր է քրեական գործը

Մայիս 03,2021 13:30

Սկիզբը` այստեղ:

«Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը խաղում է Նիկոլ Փաշինյանի դիմակի տակ: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նախկին «ընդդիմադիրները», որոնք իրականում հանրապետականի համար էին աշխատում, այսօր թունդ հեղափոխականի պիտակով բարձր պաշտոններն են գրավում». «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

– Ապաշրջափակման համատեքստում շատ վերլուծաբաններ եւ քաղաքական գործիչներ խնդիր են տեսնում Սյունիքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի մեջ: Ադրբեջանում դա անվանում են «Զանգեզուրի միջանցք», պաշտոնական Երեւանը հերքում է միջանցքի գաղափարը. ի՞նչ վտանգներ կան մեզ համար, ապաշրջափակման այն ծրագիրը, որի շուրջ բանակցություններ են ընթանում, ի՞նչ կտա հայկական կողմին: Ի դեպ, ուշագրավ է նաեւ, որ գործող իշխանությունները «Մեղրին հանձնելու» սլաքները շարունակում են ուղղել դեպի Ռոբերտ Քոչարյան, մինչդեռ այն ժամանակ այդ ծրագիրը տապալվել էր, իսկ այժմ, փաստորեն, իրական վտանգներ կան ծրագրի կյանքի կոչման առումով:

– Այս ժամանակահատվածում, ցավոք, մենք ունեցանք մի իշխանություն, որն ամեն ինչում բացառապես մեղավոր ճանաչեց նախորդներին, բայց նրանցից որեւէ մեկը, որեւէ ձեւով պատասխանատվության չենթարկվեց: Մի իշխանություն, որը խոսում էր թալանի եւ «կոպեկ առ կոպեկ» գանձարան վերադարձի մասին, բայց ընդամենը նախորդների փողերը շատ գեղեցիկ ձեւով «լվաց» եւ ընդամենը մի քանի հարյուր դոլար` չգիտեմ` բյուջե՞ մտավ, հատուկ ֆո՞նդ մտավ, թե՞ ինչ-որ բարեգործական ֆոնդ մտավ, թե՞ որեւէ ֆոնդ չմտավ, հրապարակային այդպես էլ չիմացանք: Եվ դա այն «կոպեկ առ կոպեկը» չէր եւ ոչ էլ հարթակային այն խոստումը, որ գողացածը պետք է ետ վերադարձվեր բյուջե: Իսկ թալան, իսկապես, եղել էր: Ու ոչ միայն այդ մասով, այլ նաեւ արտաքին տարբեր հարցերում նախկիններին մեղադրելով` շարունակում են իշխել, բայց իրականացնում են նույն քաղաքականությունն, ինչ նախորդները: Այսինքն, ռուսական ծիրից այդպես էլ դուրս չեկան: Դրա համար, որքան էլ մեղադրեն Ռոբերտ Քոչարյանին` Մեղրին հանձնելու համար, ակնհայտորեն, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները չբացահայտվեցին եւ որեւէ մեկը չպատժվեց, այդ թվում, եթե Մեղրին հանձնելու խնդիր կար. ՀՀ Սահմանադրությունը խստիվ արգելում է ՀՀ տարածքի որեւէ հանձնում-տրամադրում: Հետեւաբար, ով խոսի, բայց ներկա իշխանությունն իրավունք չունի նախորդներին որեւէ բան ասել, որովհետեւ իրենք նախորդների շարունակությունն են, նույն համակարգի մասն են, համակարգ, որը քրեաօլիգարխիկ է եւ շարունակում են այն քաղաքականությունը, որը նախորդներն իրականացրել են: Իրենք ընդամենը «լվացքի մեքենա» էին, որն այս ժամանակահատվածում բավականին լավ աշխատեց:

Իմիջիայլոց, մի հետաքրքիր դրվագ էլ կա այդ միջանցքի մասով. իշխանության տարբեր ներկայացուցիչներ կամ նույն ներկայացուցիչը տարբեր տեղեր տարբեր բաներ են ասում եւ այնպես չէ, որ այդ խոսակցությունները հիմնազուրկ են: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի զինվորականն արդեն մեր ճանապարհի որոշ հատվածներում է կանգնած եւ դա իսկապես խնդիր է ստեղծում անվտանգային առումով: Այդ միջանցքը բավականին խնդրահարույց կարող է լինել եւ Հայաստանին տնտեսական օգուտ չբերել, բայց նաեւ անվտանգային առումով հետագայում կարող է խնդիր ստեղծել, այն իմաստով, որ եթե մենք ինչ-որ կառույց, տարածք, թեկուզ սյուների վրա ճանապարհի հնարավորություն տանք, ապա դա հավելյալ պատճառ կարող է լինել, որ այդ ճանապարհների պաշտպանության անվան տակ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեն ինչ-ինչ ռազմական գործողություններ իրականացնել: Որեւէ միջանցքի խնդիր չի կարող լինել, եթե Հայաստանի հետագա իշխանությունները ցանկություն կունենան տրանսպորտային կոմունիկացիաների մաս կազմել, ապա դա պետք է լինի ՀՀ ճանապարհը, երկաթգիծը կամ որեւէ տրանսպորտային հանգույցը: Այսինքն, այն բացառապես ՀՀ-ի սուվերենության տակ պետք է լինի:

– Հայաստանում արտահերթ ընտրություններ են նախատեսվում` իշխանության գծած սցենարով, խորհրդարանական ընդդիմության հետ փոխհամաձայնությամբ եւ Սահմանադրությունն ու այլ օրենքներ ոտնատակ տալով: Ինչեւէ, առաջին նախագահի գլխավորած ՀԱԿ-ը հավանական է մասնակցի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել դրանց մասնակցելու մասին: Ընտրությունները կհանգուցալուծե՞ն լարվածությունը, թե՞ առավել բարդ իրավիճակ կստեղծեն` դատելով փաստացի մեկնարկած քարոզարշավից եւ դրա հռետորաբանությունից: Ընտրությունների արդյունքները կանխատեսլի՞ են:

– Անկախ նրանից, թե ես որքան քննադատական մոտեցում ունեմ ՀԱԿ-ի որոշ քայլերի նկատմամբ՝ նման ուժի ներկայությունը խորհրդարանում կարեւոր է: Այսօրվա խորհրդարանը, ցավոք, ապաքաղաքական միավոր է, այնտեղ քաղաքական խնդիրներ չեն առաջադրվում, իսկ առաջադրվածներին էլ՝ քաղաքական լուծումներ չեն տրվում, տարբեր գաղափարական մոտեցումներ չեն գեներացվում, ինչը պետք է լիներ խորհրդարանի թիվ մեկ ֆունկցիան: Ուստի, ՀԱԿ-ի նման քաղաքական միավորի խորհրդարանում հայտնվելը բարենպաստ կլիներ: Ոչ միայն ՀԱԿ-ի, ցանկալի կլիներ, որ այս անգամ խորհրդարանում լինեին ոչ թե ապաքաղաքական, անծանոթ, պոպուլիստ միավորներ, այլեւ ուժեր, որոնք ունեն հետագիծ եւ ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին, անկախ նրանից՝ կլինեն երիտասարդ, թե ոչ: Օրինակ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը վերջերս ստեղծվեց: Կցանկանայի նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռին, «Ժառանգությանը», Պարույր Հայրիկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Պետրոս Մակեյանին, Միքայել Հայրապետյանին տեսնել խորհրդարանում: Ես այն մոտեցման կողմնակիցն եմ, որ նախկինում պայքարած բոլոր ընդդիմադիրները պետք է շատ նեղ օրակարգի շուրջ համախմբվեն եւ ստեղծեն հենց այդ երրորդ բեւեռը, որը ոչ նախկին է, ոչ ներկա, որը նախկինի շարունակությունը չէ, այլ իրապես արժեքների վրա հիմնված միավորում է եւ գալիս է երկրում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու: Այս առումով կան մի քանի կարեւոր կետեր. նոր Սահմանադրություն, կուսակցությունների մասին նոր օրենք, նոր ԸՕ, լյուստրացիա՝ կլինի տնտեսական, քաղաքական, թե գործակալական:

Նորմալ երկրներում իշխանությունը, որը Սահմանադրության կոպտագույն խախտումներ է թույլ տվել եւ անվտանգային խնդիրներ են ստեղծել, ժողովրդի ճնշմամբ հրաժարական կտար, բայց մենք չունեցանք դա: Հերթական ծաղրուծանակը եղանք՝ հայտարարելով, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, հետո՝ չպետք է լինեն, քանզի անհրաժեշտություն չկա, հետո կրկին՝ պետք է լինեն… Սա նշանակում է, որ ունենք իշխանություն, որը քաղաքական հիմնավորում չի տալիս իր քայլերին, ինչը նշանակում է, որ այդ քայլերը ոչ թե երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար են, այլ բացառապես ինչ-որ անձի կամ խմբի շահերը սպասարկելու համար են: Ինչ վերաբերում է այդ խմբին, ապա չլիներ Նիկոլ Փաշինյանը, «Իմ Քայլն» իրենից ոչինչ չէր ներկայացնի: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ գեղեցիկ տեխնոլոգիաներ կիրառելով, հնարամիտ քայլ իրականացնելով՝ Նիկոլից կերտեցին հեղափոխության առաջնորդ: Իսկ ժողովուրդն այն վիճակում էր, որ կայծ էր պետք, որ բոցավառվեին:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմքում քաղաքական պրոցեսներ չեն, հետեւաբար այն չի կարող բերել քաղաքական իրավիճակի հանգուցալուծման: Բայց կա շանս, որ ժողովրդի ձայնը կարող է լսվել, մնում է հուսալ, որ ժողովուրդը 2018 թվականի պես չի խաբվի եւ իր ձայնը կտա հին ընդդիմադիրներին:

Ինչ վերաբերում է Սահմանադրության շուրջ մտահոգություններին, ծանոթ եմ Էդգար Ղազարյանի մոտեցմանը եւ կիսում եմ այն, ընդունում եմ իր հիմնավորումները: Ամբողջ աշխարհում հրաժարական տված անձը չի կարող շարունակել պաշտոնավարումը: Վերցնենք ԱՄՆ-ի կամ Միացյալ Թագավորության օրինակը, որովհետեւ այնտեղ էլ վարչապետը գործադիրի ղեկավարն է. երկու տեղերում էլ չենք գտնի դեպք, երբ հրաժարական տված վարչապետը շարունակում է պաշտոնավարել: Տրամաբանությունն ու Սահմանադրությունը հստակ ասում են, որ հրաժարական տված վարչապետն այլեւս չի կարող ունենալ վարչապետական որեւէ լիազորություն: Ցավում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունն, այնուամենայնիվ, պայմանավորվածության գնաց իշխանության հետ, որովհետեւ այս իշխանության հետ որեւէ պայմանավորվածության չէր կարելի գնալ. իշխանություն, որը հանձնել է ազատագրված տարածքներ, ԱՀ տարածքներ, տվել է բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ի հակառակ ՀՀ Սահմանադրության՝ անվտանգային խնդիրներ է ստեղծել, եւ այս ամենի դիմաց չի գրանցել ոչ մի հաջողություն:

Ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները՝ չեմ կարող ասել: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում քննարկումների մակարդակը ցածր է եւ ի պատասխան լուրջ փաստարկների՝ բերվում են միայն վիրավորանքներ, կամ էլ՝ «ո՞ւր էիր Սերժի ժամանակ, չէիր խոսում»: Ընդ որում՝ սա ասվում է շատ լուրջ եւ նախկինների օրոք նույնպես պայքարած մարդկանց: Հաշվի առնելով այս ամենը եւ այն, որ հասարակության մի ստվար զանգված շատ հեշտությամբ է մանիպուլացվում, ես շատ մեծ ակնկալիքներ չունեմ, որ այս արտահերթ ընտրությունները  լուծելու են ճգնաժամը, քանզի չեն վերացվում ճգնաժամի պատճառները:

Տեղեկատվական դաշտում ես տեսնում եմ Փաշինյան-Քոչարյան արհեստական հակադրություն: Երկուսի դեպքում էլ ինձ համար հին համակարգը պահպանված է մնում, իսկ այդ դեպքում Հայաստանին որեւէ դրական բան չի սպասում: Ամեն դեպքում, կա ժամանակ, հույս ունեմ, որ առողջացման գործընթաց կլինի: Եթե բոլոր հին պայքարողները չմիավորվեն, համակարգը կվերարտադրվի եւ էական չէ, թե ում տեսքով: Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը խաղում է Նիկոլ Փաշինյանի դիմակի տակ: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նախկին «ընդդիմադիրները», որոնք իրականում հանրապետականի համար էին աշխատում, այսօր թունդ հեղափոխականի պիտակով բարձր պաշտոններն են գրավում:

Ռոբերտ Քոչարյանը փորձում է ետ բերել 2008 թվականին կորսված իր իշխանությունը, որովհետեւ որքան էլ իր կարողությունները պահպանվեցին, բայց իրական իշխանական լծակները Սերժ Սարգսյանի գրագետ քայլերի շնորհիվ վերցվեցին եւ համակարգը դարձավ սարգսյանական, ոչ թե քոչարյանական: Հիմա Քոչարյանն իր ֆինանսների եւ ռուսական կապերի շնորհիվ փորձելու է ետ բերել:

Բայց անկանխատեսելի է, թե ինչ կլինի: Ես չգիտեմ՝ ընտրակաշառք կլինի՞, թե` ոչ, ծեծուջարդ, կեղծված ցուցակ, թվանկարում կլինի՞, թե` ոչ: Իշխանությունը, որն արդեն քարոզարշավ է սկսել պետական ռեսուրսի օգտագործմամբ, կշարունակի՞ իր այդ կեղծարարությունը, թե` ոչ: Բայց, եթե այսպես շարունակվի, ինձ համար ակնհայտ է, որ հին համակարգը կվերարտադրվի:

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ.Գ. Հարցազրույցն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն եւս մասնակցելու է ընտրություններին

«Առավոտ» օրաթերթ
01.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31