Երկարամյա ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն արդեն 5 տարի հանդես է գալիս նաեւ որպես դիրիժոր
Տասնամյակներ շարունակ դիրիժորական արվեստում դոմինանտել է կարծրատիպը, թե հայաստանյան պետական նվագախմբերի գեղարվեստական ղեկավարները խանդով ու անվստահությամբ են վերաբերվում նոր անուններին։ Մեծ հաշվով դա իրականություն էր։
Փոխարենը՝ հաճախ ենք հանդիպել արտասահմանից հրավիրյալ ոչ միայն անվանի, այլեւ երիտասարդ դիրիժորների։ Այսօր այդ կարծրատիպը, կարելի է ասել, այլեւս գոյություն չունի։ Մեր նվագախմբերի դիրիժորական վահանակների առջեւ հանդիպում ենք նոր անունների։ Օրինակ՝ դեռեւս համավարակից առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ներկայացրեց միանգամից երկու երիտասարդ դիրիժորի՝ Ներսես Մկրտչյանին եւ Դավիթ Մարուխյանին։ Նման կերպ են վարվում մեր պետական մյուս կոլեկտիվների՝ սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի ղեկավարները։
Վերջերս էլ Ազգային օպերային թատրոնում կայացած համերգին՝ նվիրված Մոցարտի ծննդյան 265-ամյակին, նվագախումբը ղեկավարում էր Նիկոլայ Պողոսյանը, որն առաջին մասնագիտությամբ ֆագոտահար է։ Մոտ երկու տասնամյակ նա իբրեւ նվագախմբի արտիստ հանդես է գալիս սիմֆոնիկ եւ օպերային թատրոնի նվագախմբերում։ Որպես դիրիժոր՝ նրա գործունեությունը ընդամենը հինգ տարվա պատմություն ունի։
«Առավոտի» հետ զրույցում Նիկոլայ Պողոսյանը հայտնեց, որ դիրիժորի իր առաջին բեմելը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կայացել է 2016թ.՝ Չինաստանում. Հայկո քաղաքում ղեկավարել է երկու համերգ, մեկը բացօթյա՝ շուրջ 10 հազար հանդիսատեսի ներկայությամբ։ Նշեց իր ղեկավարությամբ սիմֆոնիկի համերգները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ նվիրված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, պատերազմի օրերին էլ նույն նվագախումբը ղեկավարել է Կասկադում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Գարեգին Նժդեհի արձանի հարեւանությամբ եւ այլն։ Մեր զրուցակիցը նշեց, որ ուսանել է երջանկահիշատակ Յուրի Դավթյանի դասարանում եւ կանխելով հարցը, թե ինչո՞վ բացատրել պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կողմից նման վստահությունը, ասաց. «Վստահության պատճառը չգիտեմ։ Այդ տարիներին դեռեւս ուսանում էի պրոֆեսոր Դավթյանի ղեկավարությամբ։ Հիմա էլ օպերային թատրոնը ձեռնամուխ է եղել Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրական աշխատանքներին, ես էլ թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանի հրավերով ստանձնել եմ երկրորդ դիրիժորի աշխատանքը»։
Առանց մանրամասնելու հավելեց նաեւ, որ այս պահին ծրագրեր կան ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային նվագախմբերի հետ։ Հետաքրքրությանը՝ ո՞ր ժանրն է նախընտրում՝ սիմֆոնի՞կ, թե՞ օպերային, դիրիժորը հակիրճ պատասխանեց՝ օպերային։ Դիտարկմանը, թե դիրիժորները սովորաբար կարիերան սկսել են իրենց ընկերներից կազմելով կամերային նվագախմբեր, ներկայանալով տարբեր միջոցառումների, մեր զրուցակիցը ժպտալով պատասխանեց. «Իրավացի եք։ Բայց ես այդպես չեմ սկսել։ Իբրեւ նվագախմբի արտիստ գեղարվեստական ղեկավարներն ինձ ճանաչում էին, մյուս կողմից՝ դրա կարիքը չի եղել։ Կրկնում եմ՝ դեռեւս ուսանող էի, որ հրավիրվեցի ղեկավարել պետական սիմֆոնիկ նվագախումբը»։
Նիկոլայ Պողոսյանը երբեւէ չի մասնակցել դիրիժորների համար այնքան անհրաժեշտ վարպետության դասերի։ Իսկ գուցե պատրաստվո՞ւմ է հունիսի 6-12-ը Երեւանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթին, որն այս տարի 2-րդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ, մեր զրուցակիցը հայտնեց, որ մեկ տարի ուշացել է, քանի որ կա տարիքային սահմանափակում. կարող են մասնակցել 18-35 տարեկանները։
Զրույցի ընթացքում երաժիշտը հատկապես շեշտեց, որ իր երկացանկում, բացի աշխարհահռչակ կոմպոզիտորներից՝ Ռամո, Լյուլլի եւ այլն, մշտապես եղել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանից մինչեւ Էդգար Հովհաննիսյան, Բարսեղ Կանաչյան եւ Արմեն Սմբատյան… Ցանկություն հայտնեց, թե շատ կուզենար, որ ժամանակակից կոմպոզիտորները՝ Արամ Սաթյան, Մարտին Ուլիխանյան, Էդուարդ Հայրապետյան, Վաչե Շարաֆյան, Արթուր Ավանեսով եւ այլն, ինչու ոչ՝ հենց իրեն վստահեին իրենց ստեղծագործությունները։ Հետո էլ կարծես ինքն իրեն հուսադրելով՝ ասաց. «Դիրիժորները հիմնականում 50 տարեկանից հետո են սկսում երեւալ կամ ուշադրություն են դարձնում նրանց վրա։ Մեծ հաշվով՝ համաշխարհային դեմքեր Կարայանը, Քլայբերնը, Աբադդոն, Բուլեզը, Կուրտ Մազուրը, Լորին Մազելը երկարակյաց էին թե կյանքի, թե ստեղծագործական առումով»։
Դիրիժորին կոլեգաները դիմում են կարճ՝ Նիկոլ, Կոլյա։ Հարցին՝ երբեւէ արժանացե՞լ է մաեստրո «տիտղոսին», արվեստագետն ասաց. «Ճիշտն ասած՝ սկսել են այդպես դիմել, ինչից, անկեղծ ասած՝ շատ լավ եմ զգում»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.05.2021