Թուրքիայում գիտակցված պետական շահ կա առ այն, որ հայկական պետականությունը եւ հայ անհատը չպետք է լինեն
«Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ առաջին անգամ հնչեց հարցադրում, թե ով է թշնամին եւ որտեղից է գալիս այդ թշնամանքը։ Անկեղծ ասած՝ թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, թե «Իմ քայլականների» ելույթներն ինձ համար շատ դժվար է ակադեմիական ոճով մեկնաբանել։ Անգամ դժվարանում եմ տերմիններ ընտրել՝ դրանք մեկնաբանելու համար, բայց ինչեւէ, իշխանությունը նման բաներ է ասում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարություններին։
Հիշեցնենք, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց թշնամանքը կառավարելու մասին, իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի համոզմամբ՝ գուցե հիմա է լավ շանսը, որպեսզի Թուրքիայի հետ թշնամանք չլինի։ Ապրիլի 24-ին ընդառաջ էլ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտաժողովի ժամանակ թուրքագետները, պատմաբաններն անդրադարձան այս փուլում Թուրքիայից հնարավոր սպառնալիքներին, շեշտեցին, որ իշխանության մոտեցումները համահունչ չեն տարածաշրջանային մարտահրավերներին ու Թուրքիայի դիրքորոշմանը։
«Կարծում եմ՝ գիտաժողովը լիովին պատասխանեց հարցին, թե որտեղից է գալիս թշնամանքը, որն է դրա աղբյուրը։ Իրականում թշնամանքի մասին խոսք չկա, մենք խոսում ենք այն հետեւողական քաղաքականության մասին, որը վարում է Թուրքիան՝ ոչ միայն անցյալ դարի սկզբից։ Հիշեք օսմանյան շրջանը, երբ խոսք էր գնում Օսմանյան կայսրությունում հպատակներին իբր համահավասար իրավունքներով օժտելուց, բայց ամեն անգամ թուրքական իշխանությունը, առաջադեմ մտավորականությունը վերապահում ունեին՝ ասելով, որ այո, պատրաստ են քրիստոնյա հպատակներին հավասար իրավունքներ տալ, բայց միայն այն դեպքում, երբ իրենք ընդունեն թուրք ազգի գերակայությունը»,-շեշտեց Անուշ Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Նա շարունակեց. «Եթե խոսենք այսօրվա մասին, ապա հետեւողական քաղաքականություն է վարվում գուցե առեւերույթ ինչ-որ կայունության մասին խոսելով, բայց Թուրքիայում իրենց պետական շահը շատ լավ է գիտակցված, եւ իրենց համար հայկական հարցը ոչ թե Արցախի հարց է կամ ցեղասպանության ճանաչում, այլ «ermeni sorunu», եւ դա գալիս է հնուց։ Այսինքն, իրենց մոտ հստակ ձեւակերպված, գիտակցված պետական շահ կա առ այն, որ հայկական պետականությունը եւ հայ անհատը չպետք է լինեն։ Որպես ապացույց բազմաթիվ են այն փաստաթղթերը, ըստ որոնց՝ հայկական պետականություն չպետք է լինի, Հայաստանը ֆիզիկապես եւ իրապես չպետք է գոյություն ունենա, կամ պետք է գոյություն ունենա այնպիսի վիճակում, որ հնարավոր լինի թելադրել։ Մենք ասում ենք, որ Թուրքիայի հետ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել, Թուրքիան էլ ասում է՝ ես էլ եմ պատրաստ, բայց այդ «բայց»-ը նախապայման է, որը միշտ կա։ Այնպես որ, կամ այս մարդիկ անգրագետ են եւ պատմություն չգիտեն, կամ սա ուրիշ քաղաքականություն է, որն օգուտ է բերում թուրքական շահերին միտումնավոր կերպով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.05.2021