ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ապրիլի 29-ին եռօրյա այցով մեկնել էր Արցախ։ Նույն օրը ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ տեղի ունեցած ընկերային հանդիպմանը քննարկվել է Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա մարտահրավերները, Արցախի և Հայաստանի ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները։
Արցախի երիտասարդների հետ կայացած հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքները, ներկա ժամանակաշրջանի առաջնահերթություններն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը, պատասխանել երիտասարդների հարցերին։
Ապրիլի 30-ին ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջև:
Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին․ քննարկվել են արտաքին ճակատում տարվող աշխատանքները և այդ ուղղությամբ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների և Հայ դատի գրասենյակների հետ համադրված գործողությունների իրականացումը։
Նույն օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Դավիթ Իշխանյանը հանդիպել են Արցախի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարների՝ «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» նախագահ Աշոտ Ղուլյանի և «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Մայիսի 1-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ մասնակցել է Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում կազմակերպված ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությանը: Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ ողբերգությունը ոչ թե պետք է հուսահատեցնի և սերմանի պարտվողական հոգեբանություն, այլ վերածվի հավելյալ վճռականության՝ կերտելու հայության մեծ երազանքը:
Ավարտելով հանդիպումները՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների հետ ամփոփել է այցի արդյունքներն ու նոր մարտահրավերներին դիմակայելուն միտված անելիքները։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ