Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը ևս ստացել է կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումն ու վստահ է, որ դա միակ միջոցն է վարակի դեմ պայքարում

Մայիս 02,2021 22:24

Այն քաղաքացիները, որոնք դեմ են կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստմանը, պետք է գիտակցեն, որ դա նշանակում է  ընդմիշտ լինել դիմակներով, միշտ լինել այն վտանգի առջև, որ վարակված 50 հիվանդներից մեկը պետք է մահանա, միշտ լինել սահմանափակված, քանի որ տնտեսությունը չի կարողանալու զարգանալ։

Այս մասին այսօր Դիլիջանում անցկացվող «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, Արաբկիր ԲԿ-ի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը։

«Երբ սկսվեց համաճարակի առաջին փուլը և խիստ միջոցառումներ իրականացվեցին պետության կողմից, տեսանք, որ վարակի տարածման աճը իջավ, սակայն դա տեղի ունեցավ տնտեսության գործող կարևոր կառույցների փակման արդյունքում, ինչի հետևանքով՝  չնայած իջավ վարակի տարածումը, սակայն տնտեսությունը կանգնեց լուրջ  ճգնաժամի առաջ։ Պատվաստումները մենք չենք հնարել, այլ աշխարհում ամենաառաջատար կազմակերպություններն են այդ գործունեությունը իրականացնում և պնդում են, որ այս վարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է»։

Բաբլոյանը վստահեցրեց, որ ինքն էլ արդեն ընդունել է վարակի դեմ պատվաստում, և դա միակ միջոցն է վարակի դեմ պայքարելու համար․ «Բոլորն էլ գիտեն, որ այս պահին ես ոչ մի պաշտոն չունեմ և ոչ մի կապ չունեմ իշխանության հետ, բայց միևնույն ժամանակ լինելով բժիշկ՝ ես չեմ կարող չմասնակցել այն գործընթացին, որոնք ուղղված են մեր բնակչությանը օգնելու։ Շատ կարևոր և պատասխանատու իրավիճակներում էլ եղել է, որ Առողջապահության նախարարությունը հրավիրել է ինձ համաժողով կամ քննարկում ղեկավարելու համար, և պատվաստումների հետ կապված իմ տեսակետը կապված չէ իմ պաշտոն ունենալ կամ չունենալու հետ։ Ես ինքս էլ հիվանդացել եմ կորոնավիրուսով և պատվաստվել եմ, որպեսզի դրանով ցույց տամ, որ պատվաստումը կարևոր է և անհրաժեշտ»։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31