Մինչև այսօր սփյուռքի հանդեպ վերաբերմունքը եղել է՝ դուք կարող եք խորհուրդ տաք, դուք կարող եք օգնություն տալ, բայց մի խառնվեք մեր ներքին գործերին, մենք գիտենք՝ ինչ ենք անում, իսկ Սփյուռքն էլ պետք է ընդունի մի բան, որ ինքը չի կարող Փարիզում կամ Մոսկվայում նստած խորհուրդներ տա։
Արցախի վերականգնումը ոչ միայն պետության, այլ ամբողջ հայության խնդիրն է։
Այս մասին այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից նախաձեռնած «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը լրագրողների հետ զրույցում նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Պատերազմի առաջին օրվանից «Ավրորան» փորձել է միջամտել և օգնել, որ պատերազմը շուտ կանգնեցվի։ Իսկ պատերազմի ավարտի առաջին օրվանից մենք սկսել ենք մարդասիրական ծրագրերը, որին աջակցել և մասնակցել են Հայաստանում և Հայաստանից դուրս գործող բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ։
Առաջին փուլում մենք փորձում էինք ավելի հրատապ հարցերին լուծում տալ, իսկ այս փուլում արդեն մենք փորձում ենք երկարաժամկետ խնդիրներին լուծում տալ, քանի որ պատերազմից հետո պետք է լուծել Արցախի անվտանգության և վերականգման հարցերը, որը բոլորիս կողմից մեծ կամք և ուժ է պահանջելու»,- նշել է Վարդանյանը։
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանը նաև ընդգծել է, որ լրջորեն պետք է վերանայել նաև Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունը ու այն ավելի սերտ ու արդյունավետ դարձնել.
«Ես Հայաստանի նոր զարգացումը տեսնում եմ Հայաստանի և Սփյուռքի միջև կտրուկ փոխված հարաբերության միջոցով՝ ավելի մտերիմ և միմյանց օգնելով, քանի որ ոչ միայն Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, այլ նաև Հայաստանը պետք է օգնի Սփյուռքին։ Մինչև այսօր Սփյուռքի հանդեպ վերաբերմունքը եղել է՝ դուք կարող եք խորհուրդ տաք, դուք կարող եք օգնություն տալ, բայց մի խառնվեք մեր ներքին գործերին, մենք գիտենք ինչ ենք անում, իսկ սփյուռքն էլ պետք է ընդունի մի բան, որ ինքը չի կարող Փարիզում կամ Մոսկվայում նստած խորհուրդներ տա։ Եթե ուզում են, պետք է գան Հայաստանում ապրեն և փոխեն Հայաստանը։ Այս առումով երկու կողմից էլ լուրջ փոփոխություններ պետք է լինեն, քանի որ պատերազմը և վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ այդպես չի աշխատում համագործակցությունը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ