Կարանտինն ու պատերազմը նույնպես իրենց հետքն ունեցան մշակութային գործիչների, արվեստագետների ու երաժիշտների ստեղծագործական կյանքի ու հետագա քայլերի վրա, շատերի համար էլ նոր մտքերի, նախագծերի ու ստեղծագործությունների հիմք դարձան։
Հաճախ հենց աղետներն ու դժվարություններն էլ են դառնում ոգեշնչման աղբյուր։ Այդպես էր նաև «Կաթիլ» բենդի դեպքում, որին հաստատ կճանաչեք հայտնի ու սիրված «Կուզիմ» երգով։ Հայկական տարբեր գավառների հայտնի ու անհայտ երգերը «Կաթիլ» բենդի տղաները ներկայացնում են նոր գործիքավորմամբ ու արտահայտչամիջոցներով:
Խմբի անդամներից Գրիգոր Քարտաշյանը, որը նվագում է էթնիկ փայտափողային գործիքներ, ասում է․ «Պլաններ շատ ունեինք, ինչպես բոլոր խմբերը, որոշ մասը կատարեցինք, օրինակ ձայնասկավառակը՝ «Ակներ»-ը, որը արդեն թողարկել ենք, սակայն հիմնականում համերգային գործունեությունը, որը պլանավորում էինք և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, չկարողացանք իրականացնել, դե ինչպես գիտենք՝ հարգելի պատճառներով։ Բավականին շատ նաև համագործակցել ենք այլ պրոյեկտների հետ, օրինակ «Ջուր»-ի, որի արդյունքը վերջերս հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Պատերազմի ընթացքում էլ դեպրեսիայի մեջ ենք եղել, ինչպես բոլորը»։
Կարդացեք նաև
Խմբի մնացած անդամներն էլ համաձայնեցին՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում էլ անմասն չմնացին՝ փորձելով ընդհանուր ռազմահայրենասիրական ոգին բարձրացնել։ «Ձայնագրեցինք հայրենասիրական գործ՝ «Տիրանը», փորձեցինք մենք էլ մեր ներդրումն ունենալ, փորձելով համախմբվել ու համախմբել»,- պատմում է խմբի վոկալիստ Սևադա Համբարչյանը։
Ի՞նչ է սպասվում երաժիշտներին ու ստեղծագործողներին հետպատերազմյան շրջանում և ի՞նչ պետք է անել հարցին Սևադա Համբարչյանը պատասխանում է․ «Իմ կարծիքով, եթե շարժիչն աշխատում է ու ինչ-որ դետալ իրենից պակասում է, այն սկսում է լավ չաշխատել։ Մենք էլ այս մեխանիզմի մեծ մաս ենք, որը ապահովում է մարդու տրամադրվածությունը, տրամադրությունը, և առհասարակ մարդը սնուցվում է երաժշտությամբ։
Փիլիսոփաներից մեկն ասել է․«Հռոմը փլուզվեց այն ժամանակ, երբ այնտեղի երաժշտությունը սկսեց ոչ թե ուսուցանել, այլ զվարճացնել»։ Եվ իսկապես, երաժշտությամբ՝ տեղի, համայնքի ու տարածաշրջանի մասին կարող ես կարծիք կազմել ու հասկանալ թե ինչ զարգացվածության աստիճանին է գտնվում։ Եթե երաժշտությունը, մշակույթը, գիտությունը չզարգանա, ապա պետությունը չի կարող ուժեղ լինել ու թեկուզ պատերազմել այլ պետությունների դեմ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ուժեղանանք ոչ միայն զենքով, այլ նաև երաժշտությամբ, մշակույթով, իսկ դրա համար պետք է անդադար գործել, իսկ գործելու համար պետք է կամք ու նայել առաջ»։
Հարվածային գործիքների մասն ապահովող Գրիգոր Դավթյանն էլ հավելեց․ «Երբ հասկանանք, որ մեր պետությունը փազլով է հավաքվում և երբ այդ փազլից մի կտոր չկա, այն ամբողջական չէ, այդ դեպքում արդեն նմանատիպ հարցերի առաջ չենք կանգնի, իմանալով որ մենք այդ փազլի մասի համար պատասխանատու ենք»։
«Երաժշտությունն առհասարակ ուսուցանող պետք է լինի։ Կա առաջնային խնդիր, որը լավ երաժշտության ու մշակույթի տարածումն է, ու ամենակարևորը, որ մշակութային գործիչները պետք է անեն, այդ «բեռը» իրենց վրա վերցնելն է։ Ասել, որ կա լավը ու կա վատը, ու պարտադիր չէ, որ այդ լավը լինի միայն հայկական, ու խոսել ու տարածել այդ ամենը, որպեսզի պատերազմի օրերին մենք չլսենք թուրքական մելիզմներով ու հայկական բառերով երգեր։ Որ գոնե մեր հերոսների անունները չտանք մեր թշնամու երաժշտության ներքո։ Պետք է փորձենք պահպանել հայկականը, դա լինի մշակույթով, երաժշտությամբ, համացանցում հայերեն գրելով ու լատինատառից խուսափելով ու որակովն ու հայկականը խրախուսելով»,- կրկին մեջբերում է Գրիգոր Դավթյանը։
«Մշակութային համակարգային փոփոխության հասնելու համար, արդյո՞ք պետք է կառավարությունն ու իշխանությունը իր ներդրումն ունենա, թե մշակութային գործիչներն իրենք պետք է անեն այդ փոփոխությունը» հարցին Սևադան արձագանքում է․ «Եթե ազգի մշակութային գործունեությունը կախված պետք է լինի իր ղեկավարից, համարեք, որ այդ ազգը պարված է։ Իտալիայում ինչքան էլ փոխվեն տերերը, օպերային արվեստում ոչ ոք ոչ մի դերակատարություն չի կարող ունենալ, եթե, իհարկե, նա օպերային ռեֆորմ չի անում։ Պետական համակարգը ժամանակավոր երևույթ է, իսկ մշակույթն ու արվեստը ժամանակ չեն ճանաչում, պետք չէ ժամանակավոր երևույթներին կապել անժամկետ երևույթների հետ»։
«Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ այն երգերը, որոնք երգում եք, ասում են թուրքական է, սակայն դրանք մերն են, և ոչ թե մենք ենք իրենցից վերցրել, այլ նրանք՝ մեզնից։ Ինչպես անենք, որ նախ գիտակցենք ու ընդունենք, թե որն է մերը և հետո, որ այն դուր գա մեզ և թուրքական կամ այլ երաժշտություններին չփորձենք գտնել մեզ» հարցին խմբի անդամ Արեգ Սուքիասյանը պատասխանում է․
«Նախ պետք է զանազանել թուրքականը՝ հայկականից, դա պետք է ընդհանուր ազգի գիտակցության մեջ ճիշտ դրվի։ Օրինակ չինացիները, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց էությունն ու ազգայինը ճիշտ ներկայացնել՝ իրենց առաջադիմությունն իրենց մշակութային պատկանելությանը չի խանգարում։ Մենք քանի որ ոչ այդքան լավ հարևաններով ենք շրջապատված եղել ու բնականաբար իրենք իրենց ազդեցությունն են ունեցել, օրինակ` թեկուզ հենց Շեյրամի շրջանը անվանվել է թուրքական շրջան, երբ Ջիվանին եկավ, այդ ամենն սկսեց արդեն մաքրվել։ Պետք է նաև ուսումնասիրել մեր հարևանների երաժշտությունը, որ կարողանանք տարբերակել թե որն է մերը և որը՝ ոչ։ Սա վերաբերում է ցանկացած ոլորտի, դրա համար էլ ոլորտի ոչ այդքան մշակութային ու որակյալ դեմքերն են հասնում այնպիսի տեղեր, որտեղ ամենևին էլ չեն ցուցադրում մեր հայկականն ու ազգայինը։ Պետք է ինքներս ստեղծենք ու նպաստենք այն ամենին, ինչ մենք իսկապես սիրում ենք, ինչ ճիշտ է ու մեզ բնորոշ։ Ամենակարևորը պետք է լինենք նախաձեռնող ու պահանջենք լավը, որպեսզի ստանանք այն»։
Այս շրջանում մարդիկ սկսեցին վերաիմաստավորել իրենց կյանքն ու գործունեությունը, ձեզ մոտ ինչպե՞ս եղավ այդ ամենը հարցին խմբի կիթառահար Ռոբերտ Սիմոնյանն արձագանքում է․
«Մեզ մոտ վերաիմաստավորում չեղավ, իմաստի ավելի թնդացում, եթե այդպիսի բառ կա։ Եթե առաջ ունեինք նպատակներ, հիմա ունենք քառակի շատը, քանի որ գիտակցում ենք, որ հիմա ավելի շատ կա դրա կարիքը։ Ու ընդհանրապես, ալբոմներ պետք ձայնագրել, ալբոմներ»։
Նյութը և լուսանկարները՝ Լիանա ԹՈՒՐՅԱՆԻ