Ռուբեն Վարդանյանը ոչ մի կերպ մասնակցություն չի ունենալու հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ, ինչպես ինքը նշեց, ՀՀ քաղաքացի չէ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերը ոչ քաղաքական ծրագրեր են։
Այս մասին այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպած «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը լրագրողների հետ զրույցում նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Մեր ծրագրերը բաց են բոլորի համար, և հայ ժողովուրդը իրավունք ունի հասկանալու, թե ուր է գնում Հայաստանը, և այն իշխանությունը, որը գալու է հունիսի ընտրություններից հետո, ինչպիսի Հայաստան է ցանկանում կառուցել։
Կառավարությունը ժողովրդից ընտրված է լինելու, որը պետք է լսի և հասկանա, թե ինչ է ցանկանում ժողովուրդը։ Այդ իշխանությունը պետք է լինի թափանցիկ, պարզ և ազնիվ, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնը լսվում է, իսկ իշխանությունն էլ իր որոշումը կայացնելուց պետք է հիմնվի ժողովրդի կարծիքի վրա։ Այս առումով շատ կարևոր է, որ միֆերից հրաժարվենք և նայենք իրականության աչքերին ու ռեալ գնահատենք մեր կարիքներն ու հնարավորությունները»,- նշել է Վարդանյանը։
Կարդացեք նաև
Խոսելով Արցախի անվտանգության և ինքնորոշման խնդրի լուծման մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այդ հարցը այս պահին ամենանուրբ հարցն է և պատերազմից հետո ամենակարևոր բանը, ամենակարևոր բանը, որ պետք է անենք բոլորս՝ դա ուժեղ լինելն է.
«Եթե մենք ուժեղ չլինենք, ոչ մի բան չենք կարողանա փոխել։ Առաջին հերթին մեր նման մարդիկ, որոնք ընդգրկված չեն քաղաքական, պետական կառույցների մեջ, պետք է ուժեղ լինեն և աջակցեն, որ պետությունը և Արցախում ապրող մարդիկ ուժեղ լինեն։ Սակայն պետք է նշեմ, որ Արցախի անվտանգության խնդրի լուծումը դժվար հարց է և պահանջելու է շատ մեծ ջանք Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից, ինչպես նաև այս հարցի լուծման մեջ պետք է ընդգրկենք ոչ միայն հայությանը, այլ նաև ամբողջ աշխարհին»։
Վարդանյանի խոսքով՝ պետք է իրականությանը նայել բաց աչքերով և հասկանալ, որ չնայած շատ հարցերի շուրջ կան անհամաձայնություններ, սակայն եթե մենք ուզում ենք շարունակել հայ ազգի պատմությունը, պետք է համախմբվենք և մեղավոր, դավաճան կամ սխալ գործողներ փնտրելու փոխարեն հասկանանք, թե ի՞նչ Հայաստան ենք մենք ուզում կառուցել.
«Շատ կարևոր է, որ ապագայի տեսլականը մարդկանց միացնի, և սա շատ կարևոր է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ նաև Սփյուռքի համար։ Սա հայ ազգի ապագայի մասին է և ես վստահ եմ, որ այս ճգնաժամը գուցե ինչ-որ ձևով աջակցում է, որ մենք իսկապես ժամանակ տրամադրենք այդ հարցին և հասկանանք, թե ի՞նչ Հայաստան ենք ուզում տեսնենք, որ մեր երեխաներն այդտեղ ապրեն։ Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ մեկը չի գալու մեզ փրկի, այլ մենք պետք է միանանք և միասին բանաձև գտնենք այդ նոր Հայաստանը կառուցելու համար»։
Վարդանյանի խոսքով՝ պետք է ընդունել, որ Արցախի անվտանգության հարցը շատ բարդ է, և լուծումը պետք է իրականացվի խորքային հանդիպումների և քննարկումների միջոցով.
Իսկ Aravot.am- ի այն հարցին, թե արդյո՞ք ներկայիս իշխանության կողմից կա այդ պատրաստակամությունը համագործակցելու և քննարկումներ իրականացնելու՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ հունիսի 20 -ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ բան կփոխվի. «Ես վստահ եմ, որ հունիսից հետո, ով էլ գա իշխանության, կլինի ժողովրդի կողմից ընտրված, և այդ իշխանությունը պետք է հասկանա, որ ուրիշ ճանապարհ չկա, և ինքը պետք է համագործակցի»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր ժողովուրդը ամենաշատը հիմա կարիք ունի Ռուբեն Վարդանյանի նման հայրենասեր մարդկանց…