Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ստեփանակերտում կայացավ «Արդարություն» կուսակցության հերթական համագումարը, որին ելույթներով հանդես են եկել համահիմնադիրներն ու կուսակցականները, ինչպես նաև հյուրերը:
«Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ արդեն կուսակցության գործունեության երրորդ տարին է, որը Արցախի քաղաքացիներին միավորում և հնարավորություն է տալիս իրականացնել ազատության, ժողովրդավարության, անհատական պատասխանատվության սկզբունքները:
«Մեր համար հիմնարար են ազգային արժեքների գերակայությունը և համամարդկային կարևորագույն արժեքները` բարությունը, սերը և բարոյականությունը, օրենքի առաջնայնությունը, տնտեսական ազատությունը, բոլոր քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը»,-նշեց Հակոբ Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի՝ իրենք քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգությանը, երկրի կյանքի բոլոր ոլորտներին նայում են շարքային քաղաքացու տեսանկյունից, որը տասնյակ տարիներ շարունակ հաշվի չեն առնում իշխանությունները:
Համահիմնադիրի խոսքով՝ երեք տարիների կուսակցական գործունեության հիմքում դրված են եղել հասարակության կյանքի բոլոր կողմերի առողջացմանը և ժողովրդի ստեղծարար ներուժի վերածննդի ապահովմանը միտված աշխատանքները:
Կարդացեք նաև
«Մենք կողմ ենք եղել անձի ազատությանը և մարդու իրավունքները հարգելուն, բազմակարծության ընդլայնմանը և հանդուրժողականության ապահովմանը, քաղաքականության, տնտեսության, մշակույթի բնագավառներում ու ամենօրյա կյանքում անհատի ազատ ընտրությանը:
Մենք դեմ ենք եղել իշխանությանը տիրող անձանց ցանկացած գործողություն անմռունչ ընդունելուն, խստորեն դատապարտել ենք պետական մարմիններում կոռուպցիայի և անօրինականությունների դրսևորումները, պաշտոնատար անձանց նշանակմանը` կամ անձի նվիրվածության կամ ազգակցականության կամ մեր տղա սկզբունքով»,-ասաց Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանը նաև շեշտել է, որ կուսակցության հայացքները, ըստ էության, համահունչ են եղել ազգային և սոցիալական ուղղվածություն ունեցող կուսակցությունների գաղափարներին:
Հակոբյանը ներկայացրել է նաև այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է կուսակցությունն իր գործունեության ընթացքում: Նա առանձնացրել է պատասխանատվության, բարոյականության, կանխատեսելիության, պրոֆեսիոնալիզմի սկզբունքները:
Նշենք նաև, որ «Արդարություն» կուսակցությունը մասնակցել էր 2020-ին Արցախում կայացած համապետական ընտրություններին և դարձել Արցախի երրորդ քաղաքական ուժը: Արցախի Ազգային ժողովում այժմ «Արդարություն» խմբակցության կազմում երեք պատգամավոր են, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմադիր ուժ:
Հակոբ Հակոբյանն, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ավելացրեց, որ պատերազմի 44 օրերի ընթացքում միայն ստահոդ հաղթական լուրերով իշխանությունները խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին՝ ստորագրեցին կապիտուլյացիայի խայտառակ մի փաստաթուղթ:
«Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի: Հատկապես այս պարզագույն, դասագրքային սկզբունքը դարձավ այն ուղենիշը, որին անշեղորեն հետևեց մեր քաղաքական ուժը 44-օրյա պատերազմի ընթացքում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Արցախում չգործեց մեկ այլ պարզագույն, դասագրքային կանոն՝ պարտված իշխանությունները հեռանում են, և Արցախում դա չիրականացրեց Արայիկ Հարությունյանն է՝ իր իշխանությամբ։
2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո մենք առաջիններից էինք, որ այս ողբերգության միակ և հիմնական մեղավորներին՝ Արայիկ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին դատապարտեցինք իրենց հանցավոր արարքների համար և պահանջեցինք նրանց հրաժարականը»,-ասաց Հակոբ Հակոբյանը:
Կուսակցության համահիմնադիրը ամփոփելով իր խոսքը՝ կոչ է արել բոլորին տրամադրվել լուրջ և տևական աշխատանքի:
«Այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք մենք պատրաստվում ենք կյանքի կոչել և այն քայլերը, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել, կենսական նշանակություն ունեն մեր երկրի և մեր ժողովրդի համար: Դրանից կախված է ոչ միայն մեր կուսակցության, այլև մեր ողջ երկրի հետագան: Մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքը պետք է լինի ձեռք բերածի բազմապատկումը` ի փառս մեր ազգի ու հայրենիքի, ի փառս Արցախի Հանրապետության»,-եզրափակեց Հակոբ Հակոբյանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ