Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Ոչ մի իրատեսական խոսք ու գործողություն Արցախի անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ»

Մայիս 02,2021 17:51

Այսօր Ստեփանակերտում կայացել է «Արդարություն» կուսակցության համագումարը, որին ներկա էին կուսակցականներ, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, որը նաև ղեկավարում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ինչպես նաև հյուրեր Հայաստանից։

ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը, խոսելով մեկ տարուց փոքր-ինչ առաջ Արցախում կայացած նախընտրական քարոզարշավի մասին, նշեց, որ ներկայիս իշխանությունը ոչնչի առաջ կանգ չառնելով՝ որպես հիմնական զենք կիրառեց սուտը, կեղծիքը, փողը ու զավթեց իշխելու իրավունքը։

«Առաջին պարտությունը կրեց կրթության համակարգը, երբ իշխանությունը ողջունեց ազգակործան կրթական չափորոշիչները և հայտարարեց, որ պիտի համահունչ քաղաքականություն վարել Հայաստանի իշխանությունների հետ։ Արցախը ի շնորհիվ սեփական իսկ իշխանությունների, դարձավ հայաստանյան՝ իշխանությունը զավթած ուժերի, թշնամի պետության մասնագետների հետ կրթական նոր, իսկ պատմության համար միասնական չափորոշիչներ մշակող, ազգային գաղափարախոսությունը մերժողների կամակատարը։ Արցախցիներից շատերը գիտակցեցին, որ վերջ, պատերազմն անխուսափելի է։ Մեր կուսակցությունը, Ազգային ժողովի մեր խմբակցության պատգամավորները բազմիցս բարձրացրել են անվտանգությանը վերաբերող հարցերը, սպասվելիք պատերազմի արդեն շատ մոտ լինելը։ Այդ նույն ժամանակ իշխանության կողմից տրվող պատասխաններից և գործողություններից ակնհայտ էր դառնում, որ իրենց և հետաքրքիր չի այդ խնդիրը, և չեն հասկանում կամ չեն կատարում իրենց պարտականությունները։ Հանցավոր անգործության, կեղծիքով ու ստով կառավարման արդյունքը եղավ մեր հայրենիքի մեծ մասի կորուստը, հազարավոր քաջորդիների զոհվելը, հարյուրավոր գերեվարվածներն ու անհետ կորածները»,-իր ելույթի ժամանակ նշել է Մետաքսե Հակոբյանը։

 

Մետաքսե Հակոբյանը, խոսելով շուրջ 6 ամիս առաջ ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի մասին, ասաց.

«Առ այսօր ինչո՞վ են զբաղված իշխանությունները։ Կրկին հանցավոր անտարբերություն, անգործություն և անկարողություն։ Սին ու դատարկ հայտարարություններ ու խոստումներ, հոխորտանք, կեղծ հոգածության շղարշի տակ կրկին սոցիալական անարդարություն, սեփական գրպանը լցնել։ Եվ ոչ մի իրատեսական խոսք ու գործողություն Արցախի անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ»,-նշել է նա։

Ըստ Հակոբյանի` այդ ամենին զուգահեռ թշնամին կոնկրետ գործողություններով հաստատում է իր հաղթանակը՝ ակտիվ շինարարություն,  մշակութային արժեքների վերացմամբ փորձում է կասկածի տակ դնել մեր էթնիկ ժողովուրդ լինելու փաստը։

Մետաքսե Հակոբյանը օրինակներով ու փաստերով ներկայացրեց, թե ինչն է ընկճված արցախցուն խուճապի մատնում։ Եվ, իհարկե, նաև շատ կարևորեց անվտանգության հարցը, որն այսօր օրակարգային ու առաջնային է։

Պատգամավորի խոսքով` անկախ հայրենիքը և պետականությունը պետք է լինեն յուրաքանչյուր հայի բարձրագույն գաղափարը։

«Հայը հայրենիքից կտրվելը պիտի համարի ողբերգություն։ Ապրում և գոյատևում են այն ազգերը, որոնք անձնազոհաբար պայքարում են իրենց հայրենիքի անկախության համար։ Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես կործանման սկիզբ։ Մենք պիտի ապրենք և պայքարենք ազգային գաղափարախոսության չլուծված հիմնախնդիրների իրականացման համար։ Մենք երբեք չենք և չպիտի հրաժարվենք մեր պատմական իրավունքներից։ Պատմության բեռից հրաժարվում են ապազգային ուժերը և պարտվողականները»,-իր ելույթն այսպես է եզրափակել Մետաքսե Հակոբյանը` մեջբերելով Նժդեհի խոսքերը.

«Ամեն ժողովուրդ իր ուսերի վրա է կրում պատմական բախտի բեռը»։

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31