«Պավլովա» տորթի երկու տարբերակ՝ դասականը եւ շոկոլադի համովը, ներկայացրել եմ մեր ընթերցողներին: Այսօր կներկայացնեմ եւս մի տեսակի «Պավլովա», այս անգամ՝ կիտրոնի կրեմով՝ lemon curd-ով: Այս «Պավլովան» հարմար է հատկապես ձմռանը կամ վաղ գարնանը, երբ ելակ կամ այլ հատապտուղներ չկան դասական «Պավլովա» պատրաստելու համար: Սակայն նշեմ, որ կիտրոնի կրեմն այնքան լավ է ներդաշնակվում սպիտակուցային խմորի եւ հարած սերուցքի հետ, այնքան նուրբ համ է ստացվում, որ նույնիսկ ամռանը, երբ բոլոր հատապտուղներից էլ լինի, էլի կցանկանաք պատրաստել հե՛նց կիտրոնով «Պավլովա»:
Անհրաժեշտ մթերքները
Բեզեի համար՝
Ձվի սպիտակուց- 4 ձվի
Կարդացեք նաև
Շաքարավազ-1 բաժակ
Սպիտակ գինու կամ խնձորի քացախ-1 ճաշի գդալ
Վանիլի էքստրակտ- 1 թեյի գդալ (կամ 1 թեյի գդալ վանիլի շաքար կամ մեկ պտղունց բյուրեղային վանիլին)
Եգիպտացորենի օսլա-1 ճաշի գդալ
500 մլ սերուցք- անպայման պետք է լինի հարելու համար նախատեսված սերուց՝ 30%-ից բարձր յուղայնությամբ
Շաքարի փոշի-1 բաժակ
Ինչպես նաեւ՝
Կիտրոնի կրեմ(lemon curd)- 300-400 մլ (պատրաստման եղանակը տեսեք այստեղ)
Կիտրոնի կեղեւ-1 ճաշի գդալ՝ զարդարելու համար
Հապալաս՝ զարդարելու համար (պարտադիր չէ)
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը շատ լավ հարել՝ մոտ 10 րոպե, որ պինդ բեզե դառնա, ընթացքում քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, ապա օսլան, վանիլնն ու քացախը:
Ջեռոցը նախապես միացրեք 150 աստիճանի վրա, որ տաքանա:
Ջեռոցի տափակ թիթեղի վրա յուղաթուղթ դրեք եւ բեզեն տարածեք վրան այնպես, որ մեջտեղում հնարավորինս ցածր լինի, եզրերը՝ բարձր: Պետք է եփվի, կամ ավելի ճիշտ՝ չորանա ջեռոցում մոտ մեկ ժամ, որից հետո անջատեք եւ թողեք եւս մեկ ժամ, մինչեւ սառչի:
Շատ հնարավոր է, որ ճաքճքի խմորը, անհանգստանալու կարիք չկա:
Երբ բեզեն ամբողջությամբ սառչի, վրան պատեք կիտրոնի կրեմով:
Լավ հարեք սերուցը, գդալ- գդալ ավելացրեք շաքարի փոշին:
Կիտրոնի կրեմի վրայից գդալ-գդալ դրեք հարած սերուցքը: Վրան քերեք լավ լվացած մեկ կիտրոնի կեղեւ, եթե ունեք հապալաս, զարդարեք նաեւ հապալասով: Կարող եք մատուցել հենց նույն պահին:
Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ