Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտրությունները, գուցե, ավելի արագ գործիք դառնան այս իշխանություններին հեռացնելու առումով». Սոս Հակոբյան

Մայիս 01,2021 19:19

ՀՀԿ-ի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ի դիտարկմանը, թե գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը մի կողմից արտահերթ ընտրություններ արտահայտությունից առաջ օգտագործում է հնարավոր բառը, այսինքն, կասկածի տակ է դնում ընտրությունների անցկացումը, բայց մյուս կողմից ամենագործուն կերպով նախապատրաստվում է արտահերթ ընտրություններին՝ այդպես ավելի իրատեսական դարձնելով դրանց անցկացումը, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը պատասխանեց. «Ցավալիորեն ունենք այնպիսի իշխանություն, որի ցանկացած հայտարարություն, նպատակ, քայլ, որի մասին հայտարարվել է, կարող է իրականություն չդառնալ: Այսպիսի եզրահանգման մեզ բերել է այս երեք տարիներին նրանց ասածին եւ արածին հետեւելու փորձը: Այո, այս անգամ գործընթացները գնում են դեպի արտահերթ ընտրությունների կազմակերպում: Բայց անգամ եթե այսօր Նիկոլ Փաշինյանը վստահություն ունի եւ համոզմունք, որ շարունակելու է այն քայլերն անել, որպեսզի մենք ունենանք ընտրություններ, չի բացառվում, որ երեկոյան մի վատ երազ տեսնի եւ առավոտյան փոխի միտքը: Դրա համար, եթե ինքը չի կարող իր վրա համոզված լինել, բնականաբար, այլ ուժերն էլ չեն կարող: Մինչեւ չլինի հստակ երկու անգամ վարչապետին չընտրելու փաստը ԱԺ-ում, մենք շարունակելու ենք կասկածի տակ դնել ընտրությունների անցկացումը»:

Հարցին, թե  փրկության շարժման 17 քաղաքական ուժերը միասին չկարողացան հեռացնել իշխանությանը, հիմա ի՞նչ վստահություն կա, որ մասնատված, առանձին դաշինքներով է դա հնարավոր, եւ արդյո՞ք իրենք ունեն այնքան միջոցներ, որպեսզի կարողանան բացառել ընտրակեղծիքները, որոնց ըստ ընդդիմության, իշխանությունը պատրաստ է՝ օգտագործելով իր ձեռքին ունեցած բոլոր լծակները, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Սկսեմ վերջին հարցից: Ուժերի միատեղումը նաեւ այդ նպատակն ունի: Կլինեն վստահված անձինք, այլ մասնակիցներ, որոնք վերահսկում են իրավիճակը, գործեն համագործակցված, կոորդինացված: Այդ առումով մենք վստահաբար ունենք թե Երեւանում, թե մարզերում վերահսկողություն իրականացնելու այդ ռեսուրսը:

Ինչ վերաբերում է առաջին հարցին, վերլուծությունները, որ մինչեւ այժմ արել ենք մենք հարցումների եւ այլ միջոցներով, ցույց են տալիս, որ մենք շատ մեծ վստահություն ենք ստանալու Ազգային ժողովում: Կա տարբերություն մարդկանց, որոնք պատրաստ են ակտիվ, փողոցում պայքարել, մասնակցել, երկրորդ, երրորդ օրը գնալ հրապարակ, եւ մարդիկ, որոնք մեկ անգամ կգնան եւ կքվեարկեն: Այդ երեւույթների միջեւ վերաբերմունքն արդեն տարբեր է: Միանշանակ է, որ ընտրություններին միշտ մասնակցում են ավելի շատ թվով անձինք, եւ այդ հինգ րոպեի ընթացքում իրենց խոսքն ասում են անհամեմատ ավելի շատ թվով անձինք: Այս առումով, կարծում եմ, ընտրությունների արդյունքները ավելի ներկայացուցչական են լինելու: Գուցե, նաեւ ավելի արագ գործիք դառնան այս իշխանություններին հեռացնելու առումով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31