Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում այսօր բարեգործական ծառատունկ իրականացվեց, որից ստացված հասույթն ուղղվելու է Կողբ սահմանամերձ համայնքում «Թումո» ստեղծարար կենտրոնի կառուցմանը։
Մեզ հետ զրույցում «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Բարսեղյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է հիմնադրամի 7-ամյակին և այսօրվա բարեգործական ծառատունկը իրականացվել է Կողբում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում, որտեղ ավելի քան 5 հա տարածքում տնկվել է մի քանի հազար ծառ։
Բարսեղյանի փոխանցմամբ՝ բարեգործական ծառատունկից գոյացած հասույթն ուղղվելու է Կողբում «Թումո» ստեղծարար կենտրոնի կառուցմանը, որտեղ անվճար կրթության հնարավորություն են ունենալու ոչ միայն Կողբ համայնքի, այլ նաև հարևան Նոյեմբերյան, Բերդավան և այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող 1000-ից ավելի պատանիներ.
Կարդացեք նաև
«Կենտրոնի շինարարական աշխատանքները իրականացվում են «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ և այս պահի դրությամբ ավարտվել են արդեն կենտրոնի բետոնային աշխատանքները և պետք է արդեն անցնել ներքին հարդարման աշխատանքներին։ Կցանկանայի նշել, որ կենտրոնն աշխատելու է երկու հերթափոխով, քանի որ առավոտյան՝ երբ երեխաները դպրոցում կլինեն, կենտրոնից օգտվելու են հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողները, իսկ երեկոյան կենտրոն կհաճախեն դպրոցականները»։
Բարսեղյանը նաև վստահեցրեց, որ սահմանամերձ համայնքում կառուցվող կենտրոնը ոչնչով չի զիջելու Երևանի «Թումո» կենտրոնին և ունենալու է տարածաշրջանային նշանակություն.
«Շինության ճարտարապետը Լիբանանից Բերներդ Խուրին է և քանի որ Կողբը սահմանամերձ համայնք է, կառույցի ճարտարապետությունն այնպես է նախագծվել, որ այն լինի անվտանգության բոլոր կանոններին համաձայն։ Այս կենտրոնը, ոչ միայն կրթություն է տալու երեխաներին, այլ նաև իրական մշակութային փոփոխություն է բերելու տարածաշրջանում»։
Նշենք, որ միջոցառումը ամփոփվելու է «Լավ էլի» և «Թմբաթա» ռոք խմբերի համերգով։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ