«Հայրենիք» կուսակցության խորհրդի՝ ապրիլի 30-ին կայացած արտահերթ նիստում ընդունված հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձեւաչափի վերաբերյալ որոշման տեքստը հրապարակելուց հետո «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
Սոս Հակոբյանը նշեց, որ այս պահին հստակ է միայն ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրության գնալու որոշումը, իսկ ցուցակի, ցուցակում առաջին համարի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների մասով քննարկումները դեռ աշխատանքային խմբերում են, ղեկավարների մեջ են համաձայնեցվում եւ առաջինն իրենք են շահագրգռված, որ պատրաստ լինելուն պես օր առաջ հրապարակվեն, հավանաբար, երբ արդեն կլինի հրամանագիրը ընտրություններ նշանակելու մասին:
Հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ հանրապետականների հետ դաշինք կազմելու որոշումը քննադատվեց, որ Արթուր Վանեցյանին հիշեցնում են, թե նա ժամանակին հանրապետականներին անվանել է կոռումպացված, ասել է՝ անցյալին վերադարձ չի լինելու, բայց փաստորեն հիմա այդ անցյալի հետ միասին ուզում է դեպի ապագա գնալ, եւ ինչպե՞ս է գնահատում իրենց շանսերը՝ հաշվի առնելով, որ հանրապետականները համարվում են մերժված ուժ, բանախոսը պատասխանեց. «Դա երեւի ամենաքննարկվող հարցերից է: Բայց նախ խոսենք Արթուր Վանեցյան անձի, կերպարի մասին: Արթուր Վանեցյանը, գիտեք, 20 տարի կանգնած է օրինականության հաստատման առաջնագծում: Դա իրեն բնութագրող ամենաանբաժանելի հատկանիշն է: Եվ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ մշտապես եղել է օրինականության հաստատման սիմվոլը Հայաստանում: Արթուր Վանեցյանը նաեւ թե պաշտոնավարման ժամանակ, թե դրանից հետո, մինչեւ «Հայրենիք» կուսակցության համագումարի կայացումը եւ այդ ժամանակ ասել է երկու հստակ թեզ, որոնք պետք է ամբողջությամբ դիտարկել: Որ սեւերի եւ սպիտակների բաժանումը կեղծ օրակարգ է եւ որ, այո, նախկինին վերադարձ չի լինելու: Նախկինին վերադարձ չլինելու թեմայով կա հստակ համոզմունք, որ այն, ինչ հանդուրժելի էր, ինչ հնարավոր էր նոր ստեղծված պետությունում, մեր պահանջներն այդ ամենի նկատմամբ պետք է բարձրացվեն: Անկասկած է, որ հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է կրի պատասխանատվություն: Ես երեկ զրույց եմ ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ, որի ընթացքում նա եւս մեկ անգամ շեշտադրել է, որ մեր՝ իշխանության գալու պարագայում, անգամ իր ամենամտերիմ անձը, որ կունենա խնդիր օրենքի հետ, կրելու է օրենքով սահմանված խիստ պատասխանատվություն: Ես այս մասով չեմ տեսնում որեւէ հակասություն: Նախկինը, նախկին բարքերը, ինչ ստեղծված էր նոր ստեղծված երկրում, վաղը պետք է տանելի չլինի: Սրա մասին նույնիսկ հանրապետականներն են հստակ իրենց դիրքորոշումը հայտնել: 2020 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսին ՀՀ 3-րդ նախագահը իրեն տրված հարցին, թե արդյո՞ք պայքարում է անցյալը հետ բերելու համար, մոտավորապես պատասխանել է, որ միանշանակ անցյալին վերադարձ լինել չի կարող, բայց անցյալը պետք է հասկանալ, որպեսզի հնարավոր լինի կառուցել ապագան: Իմ պատկերացմամբ, մեր ընկալումները Հայաստանի ապագայի շուրջ այս առումով ներդաշնակ են»:
Իսկ թե Հանրապետականի հետ դաշինք կազմելով ինչպիսին կլինեն իրենց շանսերը, Սոս Հակոբյանը մեկ անգամ եւս խոսեց կազմվող եւ ապագայում հրապարակվելիք ցուցակի մասին՝ վստահեցնելով, որ այնտեղ տեղ են զբաղեցնելու հասարակության վստահությունը վայելող եւ իրենց գիտելիքներով, մասնագիտությամբ ու կարողություններով օժտված այնպիսի մարդիկ, որոնք ի վիճակի են օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ