Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ի Նամակը ՌԴ դեսպանին. Հորդորում ենք դուրս գալ միայն սեփական շահերից բխող քաղաքականություն վարելու գործելաոճից

Մայիս 01,2021 12:42

Նամակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին

Հարգելի Պարոն Կոպիրկին

Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը ներկայացնող՝ առաջատար ուժ համարվող, Ազգային-Ժողովրդավարական Բևեռը դեռևս 2021 թ․ ապրիլի 16-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հրապարակեց դիմում-հայտարարություն, որով Ռուսաստանի Դաշնությունից պահանջել էր հավատարիմ մնալ իր կողմից ստանձնած պարտավորություններին՝ կապված 2020 թ․ նոյեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարության կետերի պատշաճ իրագործմանը։

Դիմում-հայտարարության պահանջը, գլխավորապես, առնչվում էր կողմերի միջև կնքված հայտարարության 8-րդ՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» կետի մինչ օրս չկատարված պարտավորությանը։ Հատուկ շեշտվել էր նաև, որ «Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրներից առանձին և միակողմանիորեն ստանձել է երրորդ, միջնորդ կողմի պարտավորությունը, իսկ Նախագահ Վ. Պուտինն իր խոսքերի համաձայն անձամբ է մշակել Հրադադարի հայտարարության տեքստը, միանշանակ կերպով կարող ենք հաստատել, որ հայտարարության, այդ թվում՝ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի երաշխավորը և պատասխանատուն հենց Ռուսաստանն է»։

Ցավոք, Ռուսաստանը ոչ միայն անտեսեց՝ պատասխանի չարժանացրեց իրեն հասցեագրված դիմումը, այլև այժմ էլ շարունակում է հանցավոր անգործություն ցուցաբերել Ադրբեջանում՝ պատանդի կարգավիճակով պահվող, հայ գերիների և քաղաքացիական անձանց Հայաստան վերադարձնելու հարցում։

Ավելին, երբ հայ ռազմագերիների հարցը 2021 թ․ ապրիլի 20-ին ԵԽԽՎ-ի նստաշրջանի ընդգրկելու վերաբերյալ քվեարկությանը Ռուսաստանի պատվիրակներն Ադրբեջանի և Թուրքիայի հետ համերաշխաբար դեմ քվեարկեցին, ըստ էության հաստատվեց Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախորդ հայտարարության մեջ արտահայտած մտավախությունը, որ Ձեր երկիրը Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված գործում է Հայաստանի ժողովրդի շահերի դեմ։

Խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից վարվող նման հակահայ քաղաքականությունը, հորդորում ենք դուրս գալ միայն սեփական շահերից բխող քաղաքականություն վարելու գործելաոճից՝ վերադառնալով համամարդկային արժեքներ դավանելու դաշտ, որո՛վ միայն կարող եք հարգանք ու վստահություն ձեռք բերել հայ ժողովրդի մոտ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ և հանրահավաքի մասնակիցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31