Այս տարվա ապրիլի 29-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել, և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն: «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով»,-ընդգծել է նա:
Իսկ արդյո՞ք Հայաստանում պատվաստումների դեմ շարժումները նոր են սկսվել: Փաշինյանը, ինչպես միշտ, հիշողության կորուստներ է ունենում: Իսկ ավելի ստույգ՝ նրան այդպես է պետք:
Օրինակներ. «Հայկական ժամանակ», 2007 թվական. «…Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստումն առաջին անգամ է փորձարկվում Հայաստանում… Հայաստանի բժիշկները ներքին կարգով իրենց ազգականներին ու մտերիմներին հուշում են չթույլատրել իրենց երեխաներին պատվաստել… Ժողովրդի մեջ խուճապ է տիրում… »: «Հայկական ժամանակ», 2009 թվական. «…2009 թ. հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները պատվաստվելու են հնգավալենտ պատվաստանյութով… Այս պատվաստանյութն առնվազն Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ, ու փաստորեն` երկու ամիսն էլ դեռ չբոլորած նորածինների դեպքում…»:
Կարդացեք նաև
Շարքը կարելի է շարունակել… Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նմանատիպ մյուս բոլոր ընդդիմադիրները «նախկին քրեաօլիգարխիկ հանցագործ ռեժիմի դեմ» պայքարել են բոլոր հնարավոր միջոցներով: Այսինքն, նման ռեժիմի պայմաններում հանրապետությունում բացառվում էր դրականը, մանավանդ, եթե դա ձրի է (օրինակ՝ պատվաստումները), և հետևաբար պետք է պայքարել դրա դեմ: Իսկ պատվաստումների թեման զգայուն հարց է, ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Հակաքարոզչությունը ունակ է զգալի իջեցնել պատվաստումների ընդգրկվածությունը, հավատը դրա արդյունավետության նկատմամբ կուտակվում է տարիներով, իսկ կասկածներ առաջացնելը շատ հեշտ է:
Կամո ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում