Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի Կենտրոնի թաղապետարանում մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ. «Հայկական ժամանակ»

Մայիս 01,2021 10:40

Երեւանի Կենտրոնի թաղապետարանում լարված իրավիճակ է: Վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է:

Այս անձինք «Հայկական ժամանակի» խմբագրություն են դիմել ու հայտնում են, որ տեւական ժամանակ վատ վերաբերմունքը, աշխատանքում արհեստական խոչընդոտների ստեղծումն արդեն ավելի լայն թափ է ստացել: Ամեն ինչ, ըստ նրանց, այնքան է բարդացել ու սահմաններն անցել, որ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետ Մանվել Մարգարյանին եւ տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանին ամենակոպիտ ձեւով հրահանգ է տրվել, որ ազատեն աշխատասենյակները:

Նկատենք՝ Երեւանի ավագանու ապրիլի 20-ի որոշման համաձայն՝ կառուցվածքային փոփոխություններ են լինելու Կենտրոն վարչական շրջանի որոշ բաժիններում՝ «Կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժինները վերակազմավորվելու են «Քաղաքաշինության, հողօգտագործման եւ կոմունալ տնտեսության կառավարման» բաժնի:

Հիմնական թիրախում են՝ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետ Մանվել Մարգարյանը, պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանն ու բաժնի գլխավոր մասնագետ Վաղինակ Միլիտոսյանը: Մեր զրույցում նրանք վստահեցրեցին՝ թաղապետարանում ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց՝ աշխատանքից ազատման ինքնակամ դիմումներ գրելուն:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը հայտնեց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաեւ քրեական գործ կա հարուցված: «Իմ բաժնում գրանցած ոմն Անանիա Մաղաքյան կար, գրեթե 5 ամիս ես նրան չէի տեսել, չէր գալիս աշխատանքի, հայտնաբերելուց հետո բացակա դրեցի գրանցամատյանում: Հիմա պատճառաբանում են, թե տանից է աշխատել, բայց դա աբսուրդ է, եթե էդպես լիներ իրենք ինձ էն ժամանակ թույլ չէին տա բացակա դնել»,- ասաց Մարգարյանն ու նշեց՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Անանիա Մաղաքյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի հոր ընկերն է:

Խոսելով իր հանդեպ հետապնդումների եւ անհարմարություններ ստեղծելու մասին՝ վարչության պետը պատմեց, որ աշխատանքի ընդունվելու առաջին օրվանից իր մեքենան շենքի բակում էր կայանում, վերջերս դա էլ թույլ չեն տվել՝ արգելել են, ասելով, որ նպատակահարմար չեն գտնում. «Հատուկ պուլտեր կան, որոնցից օգտվում ենք, մարտից ծրագիրը փոխեցին, արգելափակեցին ինձ, որ չկարողանամ օգտվել բակի կայանատեղիից, բայց բոլոր բաժինների պետերն ունեն, ինձ կոնկրետ թույլ չտվեցին»:

Նա հայտնեց, որ ավագանու որոշումից առաջ, երբ իրեն առանց որեւէ պատճառի ասել են ազատման դիմում գրի, դիմել է ՀՀ վարչական դատարան, դրանից հետո ճնշումներն ավելի են ահագնացել:

Մեր այցելության ժամանակ Մարգարյանն արդեն զրկված էր նաեւ ինտերնետից. «Անջատել են այս սենյակի համակարգչի ինտերնետը, նաեւ հեռացրել են վարչական շրջանի «վոթսափի» մեր ընդհանուր խմբից»:

Բաժնի պետը նաեւ հայտնեց, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը պարբերաբար շեշտել է, որ ինքն ու իր տեղակալը եւ վերոնշյալ աշխատակիցներն իրենց թիմից չեն: «Ես Վիկտոր Մնացականյանի ժամանակ եմ ընդունվել աշխատանքի, ինձ կապում են իր հետ, ու փողոցային լեքսիկոնով անընդհատ շեշտում, թե իրենք են որոշողը, ում ուզեն կբերեն: Հավատացեք, սա աթոռակռիվ չէ, զուտ իրավական առումով ուզում եմ իմ ու ենթակա աշխատակիցներիս իրավունքները պաշտպանել: Իրավական պետություն ենք ուզում կառուցել, բայց ա՞յս ձեւով, ոմանց քմահաճույքներո՞վ»,-ասաց նա:

Բաժնի պետը նաեւ հայտնեց, որ վերջին եռամսյակում թաղապետարանում բոլորը պարգեւավճար են ստացել, բացի իրենից, իր տեղակալից ու գլխավոր մասնագետից. «Ոչ կարգապահական տույժ ունենք, ոչ նկատողություն, բայց դա էլ է իրենց քմահաճույքով»:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանն էլ նշեց, որ առավոտ շուտ իրեն հրահանգ է իջեցվել ազատել սենյակը, միանալ գործավարական աշխատանքներն իրականացնող երեք աղջիկներին, նրանց հետ աշխատել, առանց այն էլ նեղլիկ եւ չբավականացնող սենյակում: «Այդ սենյակն այնքան փոքր է, որ ֆիզիկապես էլ հնարավոր չէ այդտեղ ներկա գտնվել, էլ ուր մնաց քաղաքացի ընդունել, նրանց հետ գծագրեր քննարկել եւ այլն»,- ասաց Ագնեսա Մելիքսեթյանը:

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31