Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, Արայիկ Հարությունյանը կամրապնդվի Արցախում, կարճ ժամանակ անց կկորցնենք Արցախը»․ «168 ժամ»

Մայիս 01,2021 10:22

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 28-ին պետական կառույցների ղեկավարների հետ հանդիպելու ժամանակ հայտարարել էր, որ Արցախի 44-օրյա պատերազմի ելքն իր համար պարզ էր դեռևս հոկտեմբերի սկզբին։

«Պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չի եղել: Չի ձևավորվել քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այս հայտարարությանը՝ նշեց, որ նրա ցանկացած խոսք, հայտարարություն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։

«Եթե Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի սկզբին գիտեր պատերազմի ելքը, ապա դա նշանակում է, որ ինքը գիտեր ամբողջ սցենարը, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է, որ նա այդ սցենարի գրողներից է ու նրանց հանցակիցը։ Բնականաբար, հիմա Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը փորձում են գտնել քավության նոխազներ, որի արդյունքում փորձում են ընդդիմությանը թիրախավորել։ Հասկանալի է, չէ՞, որ առաջիկա ընտրություններում Արայիկ Հարությունյանը պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին, որովհետև երաշխիքը, որ Ա. Հարությունյանը կմնա իշխանության, դա Փաշինյանի վերընտրվելն է։ Բնականաբար, դրա համար ամեն կերպ պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին, հիմա հասկանալի է, որ պետք է թիրախավորեն նաև ընդդիմությանը, սա էլ այն դեպքում, երբ ընդդիմությունը որոշումներ կայացնող չէր պատերազմի ժամանակ։ Հետևաբար՝ այս ամենը ֆիլմ է, ընդ որում՝ էժանագին ֆիլմ, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Այս ձևով փորձում են ամրապնդել Նիկոլի դիրքերը, ինչից ելնելով՝ նաև Ա. Հարությունյանի դիրքերը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանն իր հայտարարության մեջ նաև տգեղ խոսքեր է հնչեցրել 90-ականների իշխանությունների վերաբերյալ՝ նրանց մեղադրելով Շահումյանի հայաթափման մեջ, այն պարագայում, երբ այսօր իր շնորհիվ Արցախն աստիճանաբար հայաթափվում է։

«Աստված ոչ անի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը կամրապնդվի Արցախում, կարճ ժամանակ անց կկորցնենք Արցախը։ Դրանից հետո Արցախում որևէ մեկը չի բնակվի»,- շեշտեց նա։

 

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31