Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. Իշխանությունը դպրոց չէ, որ գան ու սովորեն, տեղից վեր կացողը, անփորձը չի կարող գալ իշխանության. «Ազգ»

Մայիս 01,2021 10:11

Օրերս Արա Աբրահամյանը կժամանի Հայաստան, իսկ մինչ այդ մեր թղթակիցը Մոսկվայում հանդիպեց նրան եւ խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:

– Պարոն Աբրահամյան, մամուլից արդեն տեղյակ ենք ձեր որոշման մասին: Ասացեք խնդրեմ, դուք ընտրություններին մասնակցելու եք որպես վարչապետի թեկնածո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ո՞ւմ եք աջակցելու, կա՞ այդպիսի մարդ, որին կաջակցեք:

– Ես անպայման մասնակցելու եմ ընտրություններին, իսկ թե ի՞նչ ձեւաչափով՝ պարզաբանեմ. եթե տեսնեմ, որ վարչապետի արժանի հավակնորդ է հայտ ներկայացրել, որը հավատ է ներշնչում, պատրաստ է եւ կարող է մեր երկիրը դուրս բերել խորը ճգնաժամից, որն ի վիճակի է դիվանագիտական խելացի քայլերով մեր երկրի երեսից մաքրելու պարտության խարանն ու միասնականության գաղափարի շուրջ համախմբելու մեր ժողովրդին, ապա ես կկանգնեմ այդ թեկնածուի կողքին եւ իմ բոլոր կապերն օգտագործելովՙ ամեն կերպ կաջակցեմ եւ կսատարեմ նրան: Իսկ եթե ոչ` ապա կառաջադրեմ իմ թեկնածությունը եւ մեր ժողովրդին կներկայացնեմ իմ առաջնահերթ քայլերի եւ անելիքների ծրագիրը, որն արդեն կազմել եմ:

Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ամբողջ աշխարհի հայությանը, մեր բազմամիլիոնանոց սփյուռքին, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Ճիշտ է, նրանք չեն կարող քվեարկել, բայց կարող են իրենց խոսքով, հայտարարությամբ հանդես գալ, կոչ անել հայաստանյան ընտրազանգվածին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի, քվեարկի արժանավորի օգտին եւ պատահական մարդ չընտրվի, որ հերթական անգամ գա իշխանության եւ վերջնականապես կործանի մեր պետությունը:

Այսօր մեր ժողովուրդը պետք է բացառի պատահականությունը, մերժի այն թեկնածուին, որը չգիտես որտեղից հայտնվելով՝ անփորձ եւ անկենսագրություն, իր երկար-բարակ վերացական խոսքով, սին խոստումներով կփորձի մոլորեցնել մարդկանց: Այդպիսիք, ցավոք, արդեն նշմարվում են երկնակամարում, իսկ երբ հարցնում ես՝ թե ո՞ւր էիր մինչ օրս, ի՞նչ ես արել, պատասխանը լռությունն է:

Ես կարող եմ ներկայացնել վերջին 44 տարվա ընթացքում իմ կատարած գործերը Հայաստանի համար: Փառք Աստծո, ականատեսները կան, ինչ որ արել եմ՝ 21 տարեկանում ինստիտուտն ավարտելուց հետո, ամեն ինչ նրանց աչքի առաջ է: Ես միշտ մասնակցություն եմ ունեցել մեր ժողովրդի համար կարեւորագույն իրադարձություններին, ապրել եմ Հայաստանով, եւ իմ հավատքով մշտապես քարոզել այն միասնականությունը, որոնց մասին այսօր կարդում ենք մեծն Հովհաննես Թումանյանի հարյուր տարի առաջ գրած նամակներում: Հազար տարի մենք տանջվելու եւ տառապելու ենք, եթե այսօր ճիշտ ընտրություն չկատարենք եւ տեղ տանք պարտությանն ու պարտվողականությանը:

Մենք կորցրել ենք մեր վստահությունը մեկս մյուսի նկատմամբ. սա այն դառը իրողությունն է, այն ավերիչ հարվածը, որը հասցրեց ներկա իշխանությունը: Նման իրավիճակ ես երբեւէ չեմ հիշում. հասարակությունը բաժանված է բեւեռների, ինչ-որ շերտերի, քույրը եղբորը, հարազատը հարազատին չի վստահում, մի ընտանիքը բաժանված է տարբեր հայացքների, խարխլված են ազգային եւ բարոյական չափանիշները:

Իշխանությունը դպրոց չէ, որ գան ու սովորեն, տեղից վեր կացողը, անփորձը չի կարող գալ իշխանության:

– Վարչապետի թեկնածու առաջադրվելու դեպքում՝ համառոտակի կարո՞ղ եք ներկայացնել ձեր առաջնահերթ քայլերից մի քանիսը:

– Դեռեւս գործող իշխանության պարտության եւ բոլոր բնագավառներում աշխատանքները ձախողելու եւ տապալելու գլխավոր պատճառներից մեկը դիվանագիտության բացակայությունն է: Այս կարեւորագույն բնագավառը, որին շունչ ու ոգի հաղորդելն ու ոտքի կանգնեցնելը կլինի իմ առաջնահերթ խնդիրը՝ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է մեր ժողովրդին՝ արտաքին աշխարհի հետ ճիշտ, խելացի եւ բանիմաց հարաբերվելու համար: Խոսքը ոչ թե սիրողական ու մակերեսային, այլ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայող, ամենադժվարին ու բարդագույն իրավիճակներում խելացի քայլեր ձեռնարկելու ունակ պրոֆեսիոնալ դիվանագիտության մասին է: Այս խնդրի պատշաճ մակարդակի կյանքի կոչումը կապահովի մեր երկրի անվտանգությունը, կվերականգնի հեղինակությունն ու, վերջապես, կարճ ժամկետում լուծում կտա մեր գլխավոր ցավոտ հարցին՝ գերիները կվերադառնան իրենց օջախները:

Այնուհետեւ ես եւ իմ թիմը, որը, ի դեպ, արդեն պատրաստ է գործի լծվելու, օրենսդրական բարեփոխումներով կլավացնենք մարդկանց սոցիալական վիճակը, զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին կտրվեն արժանի օգնություններ: Հաջորդը՝ տաղանդավոր ուսանողներին կուղարկենք աշխարհի լավագույն բուհերը՝ վերադառնալու եւ հայրենիքում իրենց գիտելիքները կյանքի կոչելու պարտադիր պայմանով: Մեծ զարկ կտանք ներդրումներին, կհամագործակցենք այլ երկրների հետ, ժամանակակից ձեռնարկություններ՝ միկրոէլեկտրոնային, ինչպես նաեւ նանո տեխնոլոգիաների գործարաններ կհիմնենք, մենք կարող ենք եւ պետք է դառնանք աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը:

Զրույցը վարեց Գոհար ԲՈՏՈՅԱՆԸ՝ ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31