Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին երեքը եւ չորրորդը

Մայիս 01,2021 10:00

Եվ այսպես, ՀՀԿ-ն նույնպես հայտ ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու. «Հանրապետականին» աջակցելու է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, որտեղ կան փորձառու քաղաքական գործիչներ եւ մասնագետներ:

Շատ հավանական է, որ օրերս մասնակցության մասին հայտարարի նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Այդպիսով ընդդիմադիր դաշտում են հայտնվում առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների ղեկավարած քաղաքական ուժերը (եւ, ի դեպ, բացառված չէ, որ նախկին երեք ղեկավարները պայմանավորվել են առնվազն այն մասին, որ ընտրարշավում իրար նկատմամբ պահպանելու են կոռեկտության նորմերը):

Ես իմ վերլուծություններում աշխատում եմ վերանալ անձնական նախասիրություններից եւ, հետեւաբար, արձանագրում եմ, որ ներկա վարչապետի հիմնական մրցակիցը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի պատճառներով. նախ՝ նրա իշխանության բացասական դրսեւորումներն արդեն փոքր-ինչ մոռացվել են, նրան աջակցում է Դաշնակցությունը՝ լավ կազմակերպված կուսակցություն, որի շարքերում կան որոշակի գաղափարներ դավանող մարդիկ: Նյութական միջոցներից Քոչարյանն ու նրա աջակիցները նույնպես, մեղմ ասած, զրկված չեն, ինչը կարեւոր է ընտրությունների ժամանակ (այստեղ նրանց հետ կարող է մրցել միայն ՀՀԿ-ն): Երկրորդ նախագահը նաեւ ինչ-որ «քիմիա» ունի Պուտինի հետ՝ չնայած չեմ կարծում, որ ՌԴ նախագահը հիմքեր ունի դժգոհ մնալու Փաշինյանից. վերջինս անվերապահորեն կատարում է Պուտինի ծրագրերը, որոնք, իրենց հերթին, համաձայնեցված են Էրդողանի հետ:

ՀՀԿ-ի եւ Քոչարյանի ընտրազանգվածի ձայներն, այսպիսով, կբաժանվեն ոչ հավասար ձեւով՝ հօգուտ երկրորդի: Տեր-Պետրոսյանի էլեկտորատն այդ առումով ավելի յուրահատուկ է՝ հասկանալու համար, թե ինչ է նա առաջարկում, անհրաժեշտ է ապրել իրականության մեջ, ոչ թե ղեկավարվել նախապաշարումներով եւ միֆերով, ինչը (հեքիաթներով չապրելը), ճիշտն ասած, հասարակության մեծամասնության կողմից սպասելի չէ:

Իհարկե, այնպես չէ, որ նախկին երեքը եւ ներկայիս չորրորդը ինչ-որ հրեշտակներ են, եւ նրանց իշխանության տարիների մասին որեւէ վատ բան չի կարելի է ասել: Տեր-Պետրոսյանի օրոք հիմք դրվեց ընտրակեղծիքների եւ ուժայինների կամայականությունների, Քոչարյանը ստեղծեց եւ Սերժ Սարգսյանը զարգացրեց քրեաօլիգարխիկ համակարգը, որը «նպատակադրված է» կոռուպցիայի ուղղությամբ, Երկրորդ եւ Երրորդ նախագահը Արցախի հարցը լուծելու փոխարեն այդ լուծումը փորձում էին հետաձգել, Փաշինյանը ոչ միայն չէր լուծում եւ հետաձգում էր, այլեւ արտաքին հարաբերությունների ոլորտում, անհիմն ինքնավստահությունից ելնելով, անպատասխանատու, «մաչոյական» հայտարարություններ էր անում: Վարչապետի՝ նույն ոճի «դուխով» խոսակցություններն ու գործողությունները բոլոր մնացած ոլորտներում բերեցին այն ողբալի վիճակին, որը կա այսօր:

Ինչ խոսք, պետք է կենտրոնանալ այսօրվա իշխանությունների բացթողումների եւ ձախողումների վրա: Մնացածին կարելի էր թողել պատմությանը, եթե նրանք հայտ չներկայացնեին մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերիվարոյ, վերջին հաշուով, միայն ու միմիայն մէկ էական տարբերութիւն կայ, այդ նախկին երեքին եւ ներկայի չորրորդին միջեւ: Արցախի կորուստը: Այդ աստիճանի ուրիշ որեւէ տարբերութիւն չկայ, որեւէ տեսանկիւնից:

    Թէ որ այդ չլինէր, չորրորդն ալ թող՝ տասը, քսան տարի բազմէր իր խղճալի գահին վրայ, ու «վայելէր» իր իշխանութիւնը:

    Սակայն տեղի ունեցաւ – շատերուս կողմէ, ի սկզբանէ նախատեսուած եւ ահազանգուած – ծայրագոյն Աղէտը:

    Ով որ էլ լինի յաջորդ իշխանութեան ղեկավարը, անհնար է որ, հիմնական եւ նշանակալից կերպով, նա կարողանայ սրբագրել գործուած վնասներն ու աւերները, որոնք անդառնալի են: (Հասկնալի է սակայն որ երկրի բնակիչներին մի մասը, երբէք պիտի չուզէ ընդունիլ այս իրողութիւնը, քանզի կարելի չէ ապրիլ՝ առանց յոյսի: Մաղթենք միայն որ նահատակներուն ընտանիքներն ալ, կը կարողանան իմաստաւորել՝ մահը, իրենց հարազատին կորուստը, այդպիսի պայմաններում: )

  2. Armen says:

    Իմ համոզմամբ մեր ժողովուրդը գոնե վերջին 20 տարիները հիշում է և ՀՀԿ – Քոչարյան մրցակցության առումով նախապատվությունը տալու է ՀՀԿ -ին, դրա համար կան բամաթիվ պատճառներ: Իսկ այս երկուսը միասին կհավաքեն 10-15 տոկոսի միջակայքում՝ լավագույն դեպքում…

  3. Լավատես says:

    Ամեն մի քաղաքականապես անչափահաս ընտրող մտածում է՝ իմը ընդամենը մի ձայն է եւ ի՞նչ է փոխվելու, եթե նույնիսկ սխալվեմ կամ էլ ընտրակաշառք վերցնեմ: Հենց այս մանկական մտածողությունն էլ տարածված է ընտրողների մեկ երրորդի մեջ, որի ընտրությունը որոշիչ ու ճակատագրական կլինի ազգի համար, սա ավելի ջախջախիչ հարված կլինի ազգի ու պետության գլխին, քան մեր բոլոր թշնամիների վայրագությունները միասին վերցված եւ հենց այդ նույն միամիտ ընտրողների գլխին, որոնք կապ չեն տեսնում իրենց անձնական ընտրության եւ այսօրվա իրավիճակի հետ: Անհրաժեշտ է քաղաքական լիկբեզ անցկացնել ժողովրդի մեջ, մեր ամենամեծ ու ամենահզոր թշնամին՝ մեր քաղաքականապես անգրագետ զանգվածն է: Մեր այսօրվա ներկանախկինները լավ կամ վատը չեն, նրանք պարզապես կախյալ են ոչ թե իրենց ընտրողներից, այլ իրենց դրսի տերերից, որոնք մեծագույն գումարներ են ներդնում, որ հենց նրանք էլ անցնեն եւ տանեն ընտրողների շահերի դեմ քաղաքականություն: Պետք են ոչ միայն նոր մարդիկ, այլեւ այդ մարդկանց նույն ընտրողները իրենց ընտրյալի ողջ ծառայության ընթացքում պետք է նրան թեւութիկունք լինեն, որովհետեւ դրսից նշանակված բորենիները նրան կհոշոտեն: Խնդիրը մեր մեջ է եւ հույսներս միայն մեր խելոքներն են՝ գնան խելք խրատ տան մեր անչափահաս ընտրողներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31