Ինչպես ենթադրվում էր, գերմանալեզու լրատվամիջոցներն ապրիլ 24-ին եւ հետագա օրերին անդրադարձան Հայոց ցեղասպանության փաստին, ԱՄՆ նախագահ Բայդենի նախընտրական խոստման պահպանմանը՝ գրավոր եւ բանավոր տեքստում, սակայն միշտ շարունակելով խաղարկել Հայոց «ջարդեր, կոտորածներ» եւ «ցեղասպանություն» բառաձեւերը:
Թեեւ ամեն անգամ չեն մոռանում հիշատակել, որ Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ի բանաձեւով ոճիրը որակել է որպես «ցեղասպանություն», այդուհանդերձ բառերի հանդեպ մեր զգայնությունները հաշվի չառնելը կամ դրանք, մեղմ ասած, որպես հոմանիշ ձեւեր գործածելը չի բխում 5 տարի առաջ բանաձեւն ընդունած երկրի որոշումից: Գերմանիայի օրենսդիրը խոսում էր մեղսակցությունից, ավա՜ղ, հավաքական գիտակցության մեջ այն ներկա չէ. Ահավասիկ ապաշխարությունից հեռու այս բառապաշարը:
«Դոյչլանդֆունկը» ապրիլի 25-ի լրատվության մեջ, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բայդենի՝ ապրիլ 24-յան ամենամյա հիշատակման խոսքում «Հայոց ցեղասպանություն» աստիճանակարգմանը, այն է՝ ճանաչմանը, թուրքական «Անադոլու» գործակալությանը հղում տալով իրազեկում է Թուրքիայի կառավարության արձագանքի մասին՝ Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է բացատրության համար:
«Դոյչլանդֆունկն» այնուհետ անդրադառնում է նաեւ Թուրքիայի կառավարության քննադատությանը, թե «սույն հայտարարությունը վերք է բացում երկու երկրների հարաբերությունների մեջ, որը դժվար է նորից բարենորոգել»: «Դոյչլանդֆունկը» ներկայացնում է նաեւ, որ վարչապետ Փաշինյանը շնորհակալական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բայդենին՝ հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը նկատելով որպես «կարեւոր քայլ՝ հանուն արդարության»:
Կարդացեք նաև
Գերմանիայի հեռուստատեսության առաջին ալիքի՝ ARD-ի եթերն անշուշտ ձեռնպահ չի մնացել Բայդենի ճանաչմանն անդրադառնալու առիթից: Ակնդիրների սիրելի ժամին՝ 20-ի եթերի ժամանակ առաջին ալիքը ծանուցել է Բայդենի հաստատակամության մասին: Հեռուստաեթերի սահմանափակ ժամանակը մանրամասների մեջ խորանալու արտոնություն չի տալիս, փոխարենը ARD-ի կայքէջում ծավալուն անդրադարձ կա: Մեր տարածաշրջանին քաջածանոթ Զիլվիա Շթյոբերի հանգամանալից վերլուծությունը ծանոթացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման, ուրացման դեմ պայքարի ողջ ընթացքին՝ խոշորացույցի տակ առնելով հատկապես Թուրքիա- Ադրբեջան գործակցությունը 2020-ի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի դեմ սանձազերծած պատերազմում:
«2020 թվականի աշնանը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջակայքում եւ ԼՂ-ում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների բռնագրավումը ավելի քան 6000 կյանք արժեցավ: Քանի որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նույնիսկ հրադադարից հետո պահպանել է իր ծայրահեղ ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանում մեծ է սեփական տարածքը կորցնելու վախը», արձանագրում է մեկնաբանը՝ ծանուցելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ- ում խորհրդանշական կարեւոր գործողություն է հայերի համար: Այն ցույց է տալիս նաեւ, որ ԱՄՆ-ն վերստին ավելի մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ուշագրավ մի դիտարկում՝ Բայդենի ճանաչումից հետո գերմանաբնակ թուրքերը սկսեցին կրքոտ մեկնաբանություններ գրառել սոցցանցերում: Մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ՝ Ամերիկա, դու քո մեղքը քավիր: Հերոսիման ու Նագասակին չեն մոռանում: Նրանց պատասխանում էին գերմանացիները՝ գոնե հիմա ընդունեք ձեր մեղքը, մի՛ ուրացեք:
Դահիճը միշտ ձայն է հանում:
Ապրողներիս պարտքն է զոհերի ձայնը դառնալ՝ դատարանում:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում