Ինչ են պարզել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հոգեբուժական կազմակերպություններում
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեկուսացված անձը զսպման սենյակում պահվել է յոթ օր՝ այդ ընթացքում քնելով ֆիզիկական զսպման համար նախատեսված մահճակալին: Մեկուսացված անձը չի ունեցել սպիտակեղեն, իսկ անկողնային պարագաները եղել են կեղտոտ»,-սա պարզել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, երբ այցեր են կատարել հոգեբուժական կազմակերպություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պահման պայմաններին ծանոթանալու:
Բժշկական անձնակազմի տրամադրված տեղեկությունների համաձայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին մեկուսացնելու պատճառ է հանդիսացել բաժանմունքի մեկ այլ պացիենտի վրա գործած հարձակումը:
Պաշտպանի աշխատակազմը մտահոգիչ է համարում, որ ինչպես նշված պացիենտը, այնպես էլ բաժանմունքում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մյուս անձինք ու բժշկական անձնակազմի ներկայացուցիչներն անձի մեկուսացումը եւ նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները մեկնաբանել են՝ որպես պատժիչ միջոցի կիրառում:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկանում ենք պաշտպանի զեկույցից, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին որպես պատիժ արգելվել է նաեւ հեռախոսազանգեր կատարել, ծխել, սուրճ խմել, երեկոյան ժամերին ջուր խմել եւ գիշերային ժամերին օգտվել սանհանգույցից: Նա սնունդն ընդունել է զսպման սենյակում եւ չի օգտվել բաժանմունքի ճաշարանից: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացուն անկողնային պարագաներ տրամադրվել են միայն պաշտպանի ներկայացուցչի միջամտությունից հետո:
Ի դեպ, պաշտպանի ներկայացուցիչները պարզել են, որ նշյալ պացիենտի մեկուսացման վերաբերյալ նշված հոգեբուժական կազմակերպության որեւէ մատյանում կամ վերջինիս հիվանդության պատմագրում որեւէ գրառում առկա չէ. «Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ անձի՝ առանց որեւէ հիմնավորման մեկուսացումը զսպման միջոցների կիրառման համար նախատեսված սենյակում՝ փաստացի պատժելու նպատակով, առանց բավարար կենցաղային պայմանների ապահովման, ինչպես նաեւ առանց հիմնավորման վերջինիս իրավունքների սահմանափակումը թույլ են տալիս արձանագրել, որ նշված դեպքում պացիենտի նկատմամբ դրսեւորվել է վատ վերաբերմունք: Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ հոգեբուժական կազմակերպությունում պատժիչ միջոցների կիրառումը խիստ անթույլատրելի է: Նշված գործողությունները կարող են նաեւ հոգեբանական ճնշում հանդիսանալ բաժանմունքի այլ պացիենտների նկատմամբ»,- իրենց զեկույցում գրել են ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները:
Վկայակոչելով Լատվիայի վերաբերյալ 2017 թվականի զեկույցը, պաշտպանի ներկայացուցիչները նշում են, որ ժամանակ առ ժամանակ կարող է անհրաժեշտ լինել գրգռված կամ ագրեսիվ անձանց առանձնացնել մյուս պացիենտներից՝ ինքնավնասումը կամ ուրիշներին վնաս պատճառելը կանխելու համար: Այնուամենայնիվ, ոչ մի դեպքում պացիենտները չպետք է ենթարկվեն մեկուսացման՝ որպես ոչ ֆորմալ պատժի:
Մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել են նաեւ տարբերակված մոտեցման դրսեւորումներ: Ըստ զեկույցի հեղինակների, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն կատարած այցի ընթացքում արձանագրվել է եւ շարունակում է մտահոգիչ մնալ նշված բժշկական կենտրոնի 7-րդ բաժանմունքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տարբեր հիվանդասենյակներում պահելու տարբերակված մոտեցման հարցը՝ պայմանավորված որոշ հիվանդասենյակների համեմատաբար բարեկեցիկ պայմաններով:
«Այսպես, նշված բաժանմունքի 1-ին եւ 2-րդ հիվանդասենյակների պայմանները վատագույնն են, եւ այնտեղ պահվում են հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցող անձինք: Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել է նաեւ, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի 7-րդ բաժանմունքում առկա է եղել հիվանդասենյակ, որը, ի տարբերություն մյուսների, կողպված չի եղել, եւ այդ հիվանդասենյակում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կարողացել են շրջել միջանցքում, ազատ օգտվել սանհանգույցից: Ավելին, նշված հոգեբուժական կազմակերպությունում պացիենտներից ոմանք պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել են աշխատակիցների կողմից տարբերակված մոտեցման դրսեւորելու դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ պացիենտներից մեկը նշել է, որ սենյակում մենակ է ապրում, իրեն մենակ է զգում, իր սենյակը հիմնականում փակ է, շփում չունի մյուս պացիենտների հետ»,-նշում են զեկույցի հեղինակները:
Այցի ընթացքում մեկ այլ դիտարկման արդյունքում 6-րդ բաժանմունքում արձանագրվել է, որ այնտեղ փորձաքննվող 2 անձանցից մեկը կարող է հանգիստ դուրս գալ սենյակից՝ առանց պաշտպանիչ դիմակի, եւ շրջել միջանցքում, որտեղ առկա է սեղան, աթոռ, հեռուստացույց եւ այլ գույք, զրուցել, շփվել բաժանմունքի աշխատակիցների հետ, իսկ մյուս պացիենտը, որը կրել է դիմակ, նույնիսկ դուռը չկողպելու պարագայում իրավունք չի ունեցել դուրս գալ միջանցք: Ավելին, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի 6-րդ բաժանմունքի փորձաքննվողների համար առանձնացված երեք սենյակներն իրարից էականորեն տարբերվել են պահման պայմաններով՝ վերանորոգմամբ, կահավորանքով եւ այլն:
Մշտադիտարկման արդյունքում նաեւ պարզվել է, որ կանանց եւ անչափահասների համար նախատեսված առաջին սենյակը եղել է համեմատաբար ավելի վերանորոգված, մահճակալներն ու կողապահարանները՝ ավելի բարեկարգ, հատակը՝ լինոլիումապատ: Միեւնույն ժամանակ, անմիջապես սանհանգույցի դիմաց տեղակայված երրորդ սենյակը եղել է խիստ անբարեկարգ վիճակում, եւ այնտեղ հիմնականում պահվել են սպանության կատարման մեջ մեղադրվող անձինք: Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների կողմից այցի ընթացքում արձանագրվել են նաեւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի աշխատակիցների կողմից անընդունելի տերմինաբանության օգտագործման դեպքեր: Օրինակ՝ աշխատակիցներից ոմանք հիվանդասենյակը որակել են որպես «խուց»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2021