Հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու Սեդա Վարդանյանի հետ
– Ո՞ր տարիքից պետք է սկսել երեխային դաստիարակելը։
– Երեխային դաստիարակելը սկսվում է ծնված օրվանից: Այսինքն՝ միշտ նրա վրա պետք է ունենալ ուղղորդող, բայց դրական, նրա կարիքներն ու զարգացումը հաշվի առնող ազդեցություն: Ի սկզբանե երեխան ռեֆլեքսների ամբողջություն է, բայց նույնիսկ այս մակարդակում ամենակարեւորը պետք է լինի մոր կողմից եկող հուզական ազդանշանները՝ դիմախաղի ու քնքշանքի միջոցով: Հուզականությունը այն շարժիչն է, որը հիմքն է դաստիարակության եւ առողջ հոգեկանի կայացման: Դաստիարակությունը դառնում է ավելի գիտակցված ու հետեւողական, երբ երեխան արդեն գիտակցել է իր «ես»-ը, մոտ 3 տարեկանում եւ ծնողից եկող ներգործությունից է կախված նրա «ես» նույնականությունը, աշխարհի եւ մարդկանց մասին պատկերացումները, իսկ մի փոքր ավելի ուշ, նաեւ բարոյականի՝ լավի եւ վատի մասին պատկերացումները: Դաստիարակությունը շարունակվում է դպրոցում, երբ երեխան նոր՝ աշակերտ դերի մեջ է, դեռահասության փուլում, երբ սկսվում է դեռահասական «փոթորիկը»: Ուղղակի այստեղ փոխվում է վեկտորը՝ անհավասարից՝ դեպի հավասար: Ծնողը դառնում է ընկեր, ոչ թե գերակայող անձ, ինչը հաճախ տեղի չի ունենում եւ դառնում է կոնֆլիկտների պատճառ: Դաստիարակությունը որպես ակտիվ ներգործություն, դադարում է, երբ պատանին որպես անձ արդեն կայացել է եւ ձեռք բերած ինքնուրույնությունը եւ հասունությունը պետք է լինի դաստիարակության կարեւոր ու հիմնական արդյունքը:
– Այդ ճանապարհին առավել հաճախ հանդիպող դժվարություններն ու խնդիրները որո՞նք են։
– Ես կարող եմ ասել, որ դաստիարակողի անձը եւ դաստիարակության մասին իր պատկերացումները: Երեխային դաստիարակելու համար անձը ինքը պետք է ունենա առողջ կենսական փիլիսոփայություն, պատրաստ լինի «ծնող» դերին, որը իրականացնի ոչ միայն ավտոմատ վերարտադրելով այն, ինչ իր նկատմամբ է կիրառվել, այլ կարդալով, սեփական կենսափորձը վերլուծելով, հրահանգավորումից որպես հաղորդակցման հիմնական ձեւ, հրաժարվելուց եւ անցնելուց ավելի ապրումակցող, հասկացող շփման: Երեխային դաստիարակելու համար, ցանկալի է ժամանակ առ ժամանակ դուրս գալ ծնող դերից եւ ակտիվացնել ձեր ներսում երեխա հոգեվիճակը, որպեսզի նրա հետ երեխայանալ, այդ դեպքում կապը լինում է ամուր, իսկ ներազդեցությունը՝ արդյունավետ: Դժվարությունները դաստիարկության մեջ կապված են նաեւ մի քանի մեթոդ անհետեւողական ձեւով կիրառելու կամ տան մեջ մի քանի իրար հակասող մեթոդների կիրառման հետ: Այս դեպքում երեխան եւս չի կարողանում կողմնորոշվել, որն է ճիշտը, իսկ որը՝ սխալը: Դաստիարակության առջեւ խնդիրներ է ստեղծում տեխնիկական դարը: Ցավոք սրտի, երիտասարդ ծնողները հաճախ զբաղված լինելով սմարթֆոններով, բաց են թողնում երեխայի հետ կենդանի շփում ունենալու կարեւոր փաստը, կամ իրենց զբաղվածության պատճառով երեխաներին են սովորեցնում տեխնիկայով զբաղվելուն եւ սա էականորեն վնաս է հասցնում երեխայի զարգացմանը, մասնավորապես չի բավարարվում երեխայի հարցասիրությունը՝ ուղղված աշխարհաճանաչողությանը, թուլանում է ծնող-երեխա հուզական կապը:
– Արդյո՞ք ծնողն ունի կոնկրետ դեր ու ազդեցություն երեխայի կյանքում, եւ քննարկենք ծնողին՝ որպես վատ դաստիարակության օրինակ:
– Ծնողն ունի որոշիչ ազդեցություն երեխայի անձի կայացման գործում եւ իր դերի առումով կարող է գերազանցել նույնիսկ հասակակիցներին, ուսուցիչներին եւ այլ մարդկանց: Իհարկե, հետագայում այդ դերը թուլանում է, բայց քանի որ հոգեկանի հիմքերը դրվում են մանկության շրջանում, ապա այդ դերը չի կարելի երբեք նվազեցնել: Հարցի մեջ կա պատասխանը եւս: Ծնողը կենդանի օրինակ է երեխայի համար: Չի կարելի երեխային ասել. «կուզեմ դու զարգանաս, գիրք կարդաս», բայց ինքդ դրանով չզբաղվես, «Լինես բարի», ինքդ անընդհատ նրա առաջ չարախոսես: Այդ աններդաշնակությունն առաջացնում է նաեւ երեխայի ներսում աններդաշնակություն: Ես վերապատրաստում անցկացնելիս հաճախ ուրախանում եմ, երբ մասնակիցը գալիս է երեխայի հետ եւ նկատում եմ երեխայի աչքերի զարմանքը եւ ուրախությունը, երբ տեսնում է, որ մայրիկը գրիչը վերցրած գրառումներ է անում, հարցեր տալիս: Ուստի լավ օրինակ եղեք ձեր երեխայի համար եւ դաստիարակության մեծ չափաբաժին իրականացրած կլինեք:
– Ե՞րբ է երեխայի մոտ ձեւավորվում անձնական կարծիք, եւ այդ փուլում ի՞նչ հնարավոր խնդիրներից պետք է խուսափի ծնողը:
– Ես նշեցի, որ արդեն 3 տարեկան երեխան արտաբերում է «ես»-ը: Այդ կարծիքը պետք չէ կոպիտ վիճարկել, ճնշել, այլ օգնել երեխային կողմնորոշվել իր մասին եւ աշխարհի մասին՝ չասեմ կարծիք, այլ «պատկերացումներում»՝ համեմված դրական հուզականությամբ՝ տագնապը, զայրույթը հաճախ վերածելով հետաքրքրության. «իսկ դու գիտե՞ս….» կաղապարով:
– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընտանեկան բռնությունը երեխայի հոգեդաստիարակության հարցում: Հոգեբանական ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ ընտանեկան բռնության ականատես եղած կամ հենց ենթարկված երեխայի մոտ:
– Ամենաբացասական եւ ամենաուղիղ: Ընտանիքը միկրոաշխարհ է, եւ երեխան իր անձնական հեքիաթում ամեն կերպ ուզում է ստեղծել այդ դրական միկրոաշխարհը, որում ապահով է ու ջերմ: Բռնությունը խաթարում է երեխայի ապահովությունը, տուն, որը պետք է լիներ սիրելի, դառնում է թշնամական եւ անվտանգ: Մի կողմից կարող է նպաստել, որ ինքը եւս հետագայում դառնա բռնարար, մյուս կողմից՝ հնարավոր է զոհի, կախյալի սցենարը: Իհարկե, սա չի դատապարտում մարդուն, հետագա զարգացման ընթացքում հնարավոր է նա հաղթահարի այս տրավման միայնակ կամ հոգեբանի աջակցությամբ, բայց այն, որ ընտանեկան բռնությունը կործանարար է, միանշանակ: Ուստի ընտանիք կազմելիս պետք է հաշվի առնել եւ հարց տալ ինքներդ ձեզ. «Ես կարո՞ղ եմ ստեղծել առողջ միջավայր, որում կապրեն ու կզարգանան իմ երեխաները»: Չէ՞ որ միայն պարարտ հողի վրա են աճում առողջ բույսեր:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2021