Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջո Բայդենի ուղերձը «դեղին քարտ» էր Թուրքիայի նկատմամբ

Մայիս 01,2021 14:00

«Հայաստանի քաղաքական դաշտը, իր նաեւ գործակալական ցանցով, քաղաքական գործիչների մի մասի խիստ ռուսական, նույնիսկ ռուսներից ավելի ռուսամետ քաղաքականությամբ, այլ ոչ թե հայաստանամետ քաղաքականությամբ, մի փոքր մտավախությունների տեղիք է տալիս, որ մենք այդ հնարավորությունը կօգտագործենք»,-«Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի կիրառումը Հայաստանում բավական էյֆորիկ տրամադրություններ առաջացրեց: Եթե փորձենք հուզականությունից դուրս գնահատել ԱՄՆ նախագահի ուղերձը, նրա հայտարարությունը, որի նախապատրաստական աշխատանքները տարվեցին, անգամ Թուրքիայի նախագահը զգուշացվեց, Ձեր գնահատմամբ, ի՞նչ հնարավորություն եւ կամ ի՞նչ սպառնալիքներ է ստեղծում այն Հայաստանի համար:

– ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձում «Ցեղասպանություն» բառի օգտագործումը ոչ միայն էյֆորիկ տրամադրություններ առաջացրեց: Լրատվական դաշտում, սոցիալական ցանցերում նաեւ հակառակ տրամադրությունները փորձեցին գերիշխող դարձնել, այն իմաստով, որ դա, ըստ էության, վատ է Հայաստանի համար: Կային մարդիկ, ովքեր պնդում էին նաեւ, որ այդպիսով Հայաստանի համար կարող են շատ մեծ խնդիրներ առաջանալ: Այնինչ, իրականության մեջ դա այդպես չէ: Առաջին հերթին, մենք պետք է շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ին եւ նրա նախագահ Ջո Բայդենին` պատմական ճշմարտությունն ասելու համար՝ անկախ նրանից, թե դա ի՞նչ պատճառով է արվել: Չմոռանաք նաեւ, որ Բայդենը իր նախընտրական խոստումն այդպիսով կատարեց, ինչը շատ դրվատելի է: Երկրորդ, մենք պետք է խոսենք նաեւ նրա մասին, որ սա երկար սպասված արտահայտություն էր եւ հատկապես խիստ սպասված էր ԱՄՆ-ում բնակվող մեր սփյուռքահայ եղբայրների կողմից, որովհետեւ սփյուռքյան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք Հայ դատն են հետապնդում, ըստ էության նաեւ իրենց տարած տասնամյակների աշխատանքի պտուղը տեսան:

Չլիներ այդ աշխատանքը, ես կարծում եմ, հնարավոր է, որ մենք այսպիսի արտահայտություն չլսեինք եւ ԱՄՆ-ն իր քաղաքականությունն այլ ուղղություններով իրականացներ: Իհակե, միամտություն է կարծելը, որ ԱՄՆ-ն ուղղակի վերցրեց եւ ճանաչեց պատմական արդարությունը, քանի որ սփյուռքում, ԱՄՆ-ում ապրող հայերը տասնամյակներ պայքարել են այս ուղերձի համար եւ հիմա է, որ այդ հանգրվանը ստացվեց:

Նաեւ, ԱՄՆ-ում մեկ անձը չի կարող որոշել ԱՄՆ-ի քաղաքականությունը, այնտեղ ինստիտուտներ են աշխատում արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման համար, ի տարբերություն Հայաստանի, որտեղ որեւէ նախագահ իր իշխանությունը պահելու կամ ընտրություններում կեղծիքները «չտեսնելու» համար կարող է արտաքին քաղաքականության մեջ տարբեր տեսակի «վոյաժներ» իրականացնել, արկածախնդրության գնալ, այս կողմից այն կողմ անցնել, մի տեղ խոստում տա` մեկ այլ տեղ քայլեր իրականացնի: Ուստիեւ, միամտություն է կարծելը, որ սա պատահական ասված արտահայտություն կարող է լինել: Ոչ: Սա այլեւս Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքում դրված է: Սա եկավ ամբողջացնելու ԱՄՆ-ի մոտեցումը ցեղասպանության հարցում եւ նաեւ Թուրքիայի հետ կապված խնդիրներն ամբողջովին ի ցույց դրվեցին:

Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը միշտ եղել է Հայոց ցեղասպանության խնդիրը եւ, իրենք մեզանից շատ լավ են հասկանում, թե դա իրենց համար ի՞նչ կարող է նշանակել: Բնավ պատահական չէ, որ իրենք իրենց ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներով միշտ փորձել են պայքարել տարբեր երկրներում, առավել եւս ԱՄՆ-ում, Ցեղասպանության ճանաչման դեմ: Ըստ էության, ԱՄՆ-ն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Թուրքիան այլեւս իրենց աջակցությունն այն ծավալով, ինչպես ունեցել է նախկինում, չունի: Չլիներ ԱՄՆ-ը, Թուրքիան այսօրվա ռազմական ուժերը, բավականին լավ տնտեսական կարողությունները չէր ունենա, նմանատիպ հզորության չէր հասնի: Երկրորդ աշխարհամարտից հետո, նա շատ հեշտությամբ մասնատվելու էր, ինչպես շատ երկրներ: ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային, որպես հարմար տարածք` ԽՍՀՄ-ի դեմ աշխատելու համար, մեծ էր: ԱՄՆ-ը հովանավորություն վերցրեց Թուրքիայի նկատմամբ եւ արդյունքում Թուրքիան խուսափեց մասնատումից եւ Արեւմտյան Հայաստանի հողերի վրա խորհրդային կարգեր հաստատելուց: Ուստիեւ, ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այլեւս ցեղասպանության ճանաչմամբ, բավականին նվազեցրեց Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում: ՆԱՏՕ-ի շարժիչն ու գլխավոր դերակատարն ԱՄՆ-ն է եւ բացառապես ԱՄՆ-ի շնորհիվ է կառուցված ողջ Արեւմտյան Եվրոպայի անվտանգային համակարգը:

Այս իրավիճակը, Հայաստանի համար, իմ համոզմամբ, բացառապես հնարավորություններ է պարունակում: Ոչ մի սպառնալիք ես առանձնապես չեմ տեսնում: Եթե ԱՄՆ-ն այս տարածաշրջանում Թուրքիային այլեւս առանձնակի կարեւոր դերակատարություն չի տալիս ՆԱՏՕ-ի համար, ապա, բնականաբար, այլ ուժային կենտրոն ինքը պետք է հիմնի: Հավանաբար, մի շարք պետությունների համադրմամբ ինչ-որ նոր ուժային կենտրոն կարող է ստեղծվել. կարծում եմ, որ այնտեղ կարող է լինել նաեւ Հայաստանը: Մենք տեսանք, որ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունը չիրականացրեց 44-օրյա պատերազմի ժամանակ եւ միամտություն է կարծել, որ ՌԴ-ն բացառապես ՀՀ տարածքի պաշտպանն է: Ոչ: Մի քանի հանգամանք կար, որ ՌԴ-ին հնարավորություն էր տալիս ամբողջովին լեգիտիմ կերպով, առաջին իսկ օրվանից Արցախում, ի շահ հայերի գործողություններ իրականացնել: Նախ` 1994-ի հրադադարի պայմանագրի տակ ստորագրություն ունի նաեւ ՌԴ-ն եւ ՌԴ-ն է երաշխավորը, որ այդ հրադադարը պետք է պահպանվեր: Դրան գումարած` ՌԴ-ն, ըստ էության, կազանյան փաստաթղթի երաշխավորներից մեկն էր, ՌԴ-ն նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր է եւ չենք մոռանում, որ «մադրիդյան սկզբունքները», որքան էլ դրանք քննադատենք կամ`ոչ, ստորագրված փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված էր ուժի չկիրառման մասին: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, մենք վստահաբար կարող ենք ասել, որ ՌԴ-ն ուներ լեգիտիմ իրավունք, հենց Արցախի հետ կապված` ի շահ հայերի` մասնակցել ռազմական գործողություններին:

Եթե սա մի կողմ ենք դնում եւ խոսում ենք միայն ՀՀ-ի անունից, ապա ՀՀ տարածքը եւս ռազմական ագրեսիայի է ենթարկվել` Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններ են եղել ՀՀ տարածքի նկատմամբ` Վարդենիսում բազմաթիվ հարձակումներ եղան, դրոնները մինչեւ Աբովյան քաղաք էին եկել: Այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք խիստ կարեւոր հարց ունենք անվտանգության հետ կապված եւ մեր անվտանգությունը դիվերսիֆիկացնելու խնդիր կա: ԱՄՆ-ն այդ առումով, կարծում եմ, հարմար գործընկեր է: Չմոռանանք նաեւ, որ այսօր աշխարհում նաեւ շատ կարեւոր է տեխնոլոգիական առաջընթացը, այդ թվում նաեւ ռազմական ոլորտում, իսկ դա ակնհայտորեն ԱՄՆ-ի ձեռքում է: ԱՄՆ-ը իսկապես լավ դաշնակից կարող է լինել ՀՀ-ի համար, բայց դրա համար պետք է աշխատել. դիվանագետները դաշտը պետք է ուսումնասիրեն` արդյո՞ք, ԱՄՆ-ն իսկապես շահագրգիռ է, որ ՀՀ-ն իր դաշնակիցը լինի: Համենայնդեպս, Բայդենի ուղերձում այդ առումով եւս մի հատկանշական հատված կար, որ որեւէ ցեղասպանություն այլեւս չպետք է կրկնվի: Ես կարծում եմ, հատուցման մասով էլ այս պահին չիրականացնելու տրամադրություն կա, բայց դա ժամանակավոր երեւույթ է, որովհետեւ, այն, ինչը որ այս պահին հայտարարվում է` ոչ, վաղը կարող է փոխվել: Սա հնարավորություն է եւ ճիշտ դիվանագիտության պարագայում կարելի է արդյունքներ քաղել: Բայց, ցավոք, Հայաստանի քաղաքական դաշտը, իր նաեւ գործակալական ցանցով, քաղաքական գործիչների մի մասի խիստ ռուսական, նույնիսկ ռուսներից ավելի ռուսամետ քաղաքականությամբ, այլ ոչ թե հայաստանամետ քաղաքականությամբ, մի փոքր մտավախությունների տեղիք է տալիս, որ մենք այդ հնարավորությունը կօգտագործենք:

Հայաստանի համար սպառնալիքը թուրք-ռուսական բարեկամությունն է, որը, ցավոք, տեղի է ունենում միշտ Հայաստանի եւ հայերի հաշվին: Այս պարագայում էլ մենք ականատես եղանք Արցախի մի մասի կորստին:

Ուշագրավ էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցելությունը Սյունիքի մարզ եւ դրանից հետո նրա խոսքը` Հայաստանի տարածքային անձեռմխելիության պահպանման եւ անվտանգային խնդիրների մասին: Այնպես որ, ես կարծում եմ, որ Ջո Բայդենի ուղերձն իսկապես շատ կարեւոր էր, որը հանգիստ կարելի է ասել` «դեղին քարտ» Թուրքիայի նկատմամբ, որովհետեւ Թուրքիան, այնուհանդերձ, բավականին ինքնագլուխ քայլեր իրականացրեց, հատկապես այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն էր եւ քաղաքականություն ընտրվեց ինքնամեկուսացումն արտաքին հարցերի հետ կապված:

– Ապրիլի 24-ին, Բայդենի կողմից «Ցեղասպանության» բառի օգտագործման ֆոնին առավել ընդգծվում է 44-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի դիվանագիտական կեցվածքը: Վերլուծություններ կան, որ հայկական հարցը կրկին մանրադրամ է դառնում գերտերությունների ձեռքին. այս մասին ի՞նչ կասեք:

– Իհարկե, կա նման մտավախություն, որ հայկական հարցը կարող է մանրադրամ դառնալ գերտերությունների ձեռքին: Մանավանդ որ, ոչ միայն փոքր, այլ նաեւ տարածքով մեծ պետություններն են մանրադրամ դառնում, ինչպես, օրինակ, Երկրորդ աշխարհամարտից հետո Լեհաստանը եւ Չեխոսլովակիան: Մեր պարագայում էլ կա նման մտավախություն եւ դա անհիմն չէ: Բայց այստեղ կա նաեւ երկրորդ կողմը. իսկ մենք կարո՞ղ ենք, արդյոք, ճիշտ քաղաքականություն իրականացնելով, ոչ թե մանրադրամ դառնանք, այլ օգտվենք ստեղծված իրավիճակից: Չէ՞ որ շատ երկրներ, այդ թվում նաեւ փոքր երկրներ, կարողացել են լուծման որոշակի ուղիներ գտնել եւ շատ անբարենպաստ ինչ-որ մի իրավիճակ իրենց օգտին լուծել: Օրինակ, Ֆինլանդիան, որը նմանատիպ մի քանի դրվագներում հայտնվել է: Այնպես որ, այս հարցին երկկողմանի մոտեցում կարելի է ցուցաբերել:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի դիվանագիտական կեցվածքին, ապա չպետք է մոռանանք, որ ԱՄՆ-ը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում նախ ինքնամեկուսացման քաղաքականություն էր որդեգրել: Նաեւ` ԱՄՆ-ում շատ խիստ ծայրահեղ լարված իրավիճակ էր` նախագահական ընտրություններ էին եւ բավականին լարված ընտրություններ էին: ԱՄՆ քաղաքացիների, այդ երկրի կառավարման ողջ համակարգի համար շատ կարեւոր էր այս ընտրությունը, ուստիեւ պետք է հաշվի առնենք` ինչպիսի ժամանակահատված էր: Չմոռանանք, որ ռուս-թուրքական համաձայնությունը շատ ճիշտ ժամանակահատված աշխատեց. ՌԴ-ն թույլ տվեց, որ Սիրիայից` Թուրքիայի միջոցով բավականաթիվ վարձկաններ եւ ահաբեկիչներ գան Ադրբեջան: Իմիջիայլոց, սա եւս մեկ պատճառ էր, որ ՌԴ-ն պատերազմի ժամանակ արցախցիների կողքին կանգներ` հենց ահաբեկիչների ներկայությունը հաշվի առնելով:

Մի խոսքով, պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ում, այնուամենայնիվ, կան դիվանագիտական ինստիտուտներ եւ բավականաչափ ճիշտ հաշվարկ արեցին, թե երբ էր, որ ԱՄՆ-ը խառը կլիներ իր ներքին հարցերով եւ արտաքին որեւէ հարց չէր կարող գերակայություն լինել այդ ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենաք, որ Արեւմուտքը փորձեց համաձայնության հասնել` սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու համար հակամարտության գոտում, ինչը չի ստացվել. չգիտեմ` հայկական կո՞ղմը չի համաձայնել, ռուսնե՞րն են խանգարել… կարծում եմ, դա դժվար է եղել կյանքի կոչել, քանի որ ռուս-թուրքական պայմանավորվածությունն արդեն կար:

Ցանկացած պարագայում մենք մտահոգվելու տեղ ունենք, բայց նաեւ պետք է կարողանանք ստեղծված իրավիճակը, որը նաեւ հնարավորություն է մեր օգտին ինչ-որ հարցեր լուծելու, կարողանանք կյանքի կոչել: Ըստ էության, դեսպան Թրեյսին հստակ ասաց Մինսկի խմբի դերակատարության մասին. այն անպայման պետք է իր աշխատանքը շարունակի եւ ի հակադրություն Պուտինի եւ Ալիեւի ասածի, դեսպանը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրը լուծված չէ: Դրա համար, ես կարծում եմ, շատ պետք չէ վախենալ մանրադրամ դառնալուց, այլ պետք է փորձել շահերի ճիշտ համադրում իրականացնել:

(շարունակելի)

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31