Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց պետականության գաղափարախոսության որոնումներում

Մայիս 01,2021 12:00
bakur

Ե՞րբ հայությունը կորցրեց պետականության զգացումը:

Դիմենք պատմությանը: Ինչպես երեւում է Խորենացու վկայությունից, մինչ 5-րդ դարը այսպես է բնութագրել պատմահայրը. «Կամենում եմ առանց մեղադրական հիշատակի չթողնել մեր հին նախնիքների անիմաստասեր բարքը, նրանց կշտամբանքի խոսքեր գրել», կամ թե՝ «Մեզ ամենից հայտնի է մեր թագավորների եւ մյուս նախնիքների անփութությունը դեպի գիտությունը եւ բանական հոգու անկատարությունը»:

Երբ հայ ժողովուրդը կորցնում էր սեփական պետականության զգացումը, ապա Պարթեւաց արքաները իսկույն Հայաստանի համար թագավոր էին ուղարկում իրենց տնից: Նրանք ժամանակի ընթացքում հայանում էին, դառնում հայկական պետականության հենասյունը:

Պատմությունից հայտնի են այն դեպքերը, երբ հայ նախարարներն ու եկեղեցին ամեն կերպ խանգարում էին գործող թագավորին ստեղծելու կենտրոնաձիգ ու կայուն պետություն: Արշակ 2-րդ եւ Պապ թագավորներն այդ դաժան ու անզիջում պայքարի զոհերն էին: 428 թվականին Սահակ Պարթեւ կաթողիկոսն ու հայ նախարարները նամակով դիմեցին Պարսից Վռամ 5-րդ արքայից արքային՝ վերացնելու Հայոց թագավորությունը: Երբ արքայից արքան առարկեց, հավաստիացնելով, որ հայոց թագավոր Արտաշեսի բարոյական կերպարը լիովին համապատասխանում է իրենց նորմերին, կաթողիկոսը ներկայացրեց հայոց թագավորի նամակները բյուզանդական կայսրին՝ զորքով օգնելու՝ թոթափելու պարսից լուծը: Արքայից արքան հայոց թագավորությունը պարսկական մարզ դարձրեց՝ Հայաստան ուղարկելով պարսիկ մարզպանի, միեւնույն ժամանակ վերականգնելով Սահակի կաթողիկոսական կարգավիճակը: Պարսից Արքայական խորհուրդը սկսեց Հայաստանի պարսկացումը՝ արդեն խորը արմատներ ձգած քրիստոնեության փոխարեն զրադաշտության տարածումը, որն էլ հանգեցրեց սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ապստամբության: Իսկ Սյունյաց իշխանաց իշխան Վասակը հավատում էր Պարսից արքայից արքայի տված խոստմանը՝ վերականգնելու Հայոց գահը: Երբ Սյունեցին ներկայանում է թագադրվելու, հայ եկեղեցականները Պարսից արքայից արքա Հազկերտ 2-րդին ներկայացնում են Վասակ Սյունեցու գաղտնի նամակները՝ Բյուզանդիայի կայսրին:

Եթե Աքամենյան արքաները իրենց հյուսիսային սահմանների ապահովությունը տեսնում էին միասնական եւ հզոր Մեծ Հայքի մեջ, ապա Սասանյանները ամեն ջանք գործադրում էին՝ վերացնելու Հայոց պետականությունը:

V դարավերջին նոր հնարավորություն է ստեղծվում Հայոց թագավորությունը վերականգնելու համար: Սակայն Հայ-պարսկական Նավարսակի պայմանագրում Վահան Մամիկոնյանը նման պայման չի դնում՝ բավարարվելով մարզպանի կարգավիճակով: Իսկ ահա Աղվանից թագավորությունը վերականգնելու համար Արցախի իշխանները նման պահանջ են դնում, ու Վաչականը արքայից արքա Վաղարշից թագ է ստանում, թագավորում մինչեւ 528 թվականը:

Պատմությանը հայտնի են Անիի Բագրատունյաց թագավորության անկման հանգամանքները: Հայոց պետականությունը զոհ գնաց ներքին թշնամուն եւ դավաճանությանը: Հայոց կաթողիկոս Պետրոս «Գետադարձի» եւ իշխանների մի մասի համար կարեւորը ոչ թե պետության պահպանումն էր, այլեւ իրենց անհատական շահը: Նույն կերպ հայոց թագավորության անկմանը նպաստել է Վասպուրականի թագավորը:
Գուցե Հայոց պետականության վերականգնման հետ կապված հույսեր էին փայփայում Վիրքի Զաքարյան իշխանները, սակայն դրանք հօդս ցնդեցին մոնղոլների ասպարեզ գալով:

Քաղաքական բարդ իրադարձությունների խաչմերուկում հայոց պետականության պահպանումը պահանջում էր գոյություն ունեցող հայոց թագավորությունների եւ իշխանությունների միավորում եւ կուռ պետության ստեղծում: Սակայն պետականակերտ մտածելակերպի պակասը հանրությունում նման ձգտումները զրոյացան: Հերթով կործանվեցին ոչ միայն թագավորությունները, այլեւ դրանց վերականգնման հույսերը:

Անշուշտ, հանրության պետականակերտ մտածելակերպի բացակայությունը բացատրվում է նաեւ հայ հեղինակների մոտ նման քարոզչության բացակայությամբ:

1720-ական թվականներին Օսմանյան Թուրքիայի դեպի Կասպյան արեւմտյան ափերը արշավող բանակների դեմն առնելու համար Արցախում հիմնվեց Հայոց Սղնախներ ռազմականացված պետությունը, որի հետ հաշվի էին նստում վրաց, պարսից եւ ռուսաց արքունիքները: Պետրոս Մեծը Իվան Կարապետին որպես հատուկ դեսպան ուղարկեց Արցախ: Հայոց Սղնախների բանակը հաջողությամբ ետ էր մղում օսմանյան բանակների հարձակումները: Այդ ընթացքում Ռուսաց ինքնակալ կայսրը Արցախի հայությանը առաջարկեց տեղափոխվել Դերբենտից մինչեւ Ռեշտ մերձկասպյան տարածքները, միեւնույն ժամանակ հանձնարարելով Դերբենտի, Բաքվի, Գիլանի պարետներին ամեն ինչով նպաստել հայության այդ տարածքներում հաստատմանը, նպատակ ունենալով այդտեղ հիմնել Ռուսաստանի խնամակալության տակ հայկական թագավորություն: Այդ հրամանագրերում ոչինչ չի ասվում մերձկասպյան տարածքներում թուրք, ադրբեջանցի կամ թաթար բնակչության գոյության մասին: Միայն Պետրոս Մեծի մահը խանգարեց իրականացնելու այդ ծրագիրը: Շուրջ հիսուն տարի հետո Հովսեփ Էմինի՝ հայոց պետականություն վերականգնելու ձգտումները բախվեցին Հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցու դիմադրությանը: Կաթողիկոսը վախենում էր օսմանցիների զայրույթից, ուստի մերժում էր ապստամբության ամեն մի փորձ:

20-րդ դարի առաջին քառորդում Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով Շուշի բերդաքաղաքում ստեղծվեց Ազգային Խորհուրդ եւ կառավարություն: Սակայն հայությունը կրկին անգամ պատրաստ չէր պետություն ունենալու գաղափարին: Իսկ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չկարողացան ճիշտ կողմնորոշվել, թե ինչ ուժեր են գալիս տիրելու տարածաշրջանում, ուստի եւ կորցրին թե՛ սուվերենությունը, թե՛ տարածքների մեծ մասը:

Խորհրդային տարիներին, երբ երկրի հիմնական հարցերը լուծվում էին Կրեմլում, հայ հասարակությունն ավելի կտրվեց անկախ պետություն ունենալու գաղափարից, քանի որ դաժանորեն ճնշվում էր ազատագրական ամեն մի գաղափար: Մի կարեւոր հանգամանք եւս խոչընդոտում էր ազատագրական գաղափարի հաստատմանը հանրությունում: Բոլշեւիկյան իշխանություններն այնպես էին կազմել երկրի ազգային քարտեզը, որ միութենական հանրապետությունները տարածքային առումով կախված լինեն իրարից: Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը, որոնք պատմական Հայաստանի մաս են կազմում, ինքնավար կարգավիճակով տրվել էին արհեստածին Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը առանց իր միս ու արյուն հանդիսացող Արցախի եւ Նախիջեւանի մարզերի չէր կարող դուրս գալ ԽՍՀՄ կազմից:

Անկախությունը ի վերուստ տրվեց: Ցավոք, հանրությունը լիարժեքորեն պատրաստված չէր այս անակնկալին: Ահա անցած երեսուն տարիներին հանրությունը իրեն առաջնորդ ու խորհրդարանի անդամներ էր ընտրում ամենեւին իր շահերին չհամապատասխանող մարդկանց, չնայած հանրահայտ է, որ հայկական գենոֆոնդը առանձնանում է տաղանդավոր անհատներով: Այդ «ընտրյալների» ուղենիշը սեփական շահն էր, կոռուպցիոն համակարգի միջոցով անաշխատ եկամուտներով հարստացումը:

Այսօրվա խառնակ օրերին եւս զգացվում է, որ հայոց մեջ պետականության խնդրում քիչ բան է փոխվել: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք այս կամ այն կերպ գալիս են իշխանության եւ իրենց գործունեությամբ խոչընդոտում են երկրի առաջընթացին, այլեւ ղեկավարվելով անձնական շահերով, երկիրը տանում են դեպի կործանում: Հանրությունը պետք է կարողանա իր շահերից ելնելով ճիշտ ընտրություն կատարել: Հանրությանը կադրային խնդրում ճիշտ կողմնորոշման համար անհրաժեշտ է գործող համակարգ, որի հիմքում պետք է դրված լինի հանրության համար ընդունելի գաղափարախոսություն: Ահա ինքս 2000 թվականից հեռուստատեսային հաղորդումներում (Գավիթ) ու հոդվածներում պետականության պահպանումն առաջնային լինելը համոզելու համար առաջարկում եմ մի կարգախոս, այն է՝ «Յուրաքանչյուրիս շահը համընդհանուր (պետության) շահի մեջ է», որը կարող է դառնալ հայության գաղափարախոսության հիմքը:

Ինչո՞ւ եմ գաղափարախոսության հիմք համարում շահը: Գաղտնիք չէ, որ հայությունը իր պատմության ընթացքում ղեկավարվել է շահ ունենալու գաղափարով: Եթե հայերը առեւտրի միջոցով կապել են քաղաքակիրթ աշխարհի արեւելքն ու արեւմուտքը, հյուսիսն ու հարավը, ապա թելադրողը շահն է եղել: Եթե հայերը ամեն առիթով հին ժամանակներից սկսած սփռվել են աշխարհով մեկ, ապա թելադրողը կրկին շահն է եղել: Ուրեմն աչքաթող չանենք մեր ժողովրդի դեպի շահը ունեցած հակումը: Մնում է հանրությանը ցույց տալ, որ միմիայն կայուն, խելացի, կազմակերպված, տաղանդավոր ու կարող ուժեր ընդգրկող պետություն ունենալու միջոցով կարող է ապահովվել հանրության յուրաքանչյուր անդամի շահը, նրանցից յուրաքանչյուրին գնահատելուվ ըստ ունակության եւ ներդրումի:

Հանրահայտ է, թե հրեաների համար ինչ դեր խաղաց «Ավետյաց երկիր» երկու բառանոց գաղափարախոսությունը: Մեզ համար կարեւորագույն խնդիրը գոյություն ունեցող պետության կայունացումն է, ներքին միասնությունը: Ոչ մի վատ բան չկա «Հայ լինելը շահավետ գործ է» եւ «Եթե հայ ես, ուրեմն պետք է շահես» կարգախոս-ծրագրերից, որոնք պետք է բխեն մեր ապրելակերպից:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
28.04.2021

«Առավոտ» օրաթերթ
30.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31