Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Սարգսյանին փորձեցին ենթարկեցնել, եվ ստացվեց». Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի պարզաբանումները

Ապրիլ 30,2021 22:44

«Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, որովհետև, իմ պատկերացումներով, նա ուներ բոլոր հնարավորությունները լինելու ՀՀ նախագահ՝ իր ունակություններով, իր գիտելիքներով, իր կարողություններով` արժևորելու այդ ինստիտուտը, որովհետև նորություն էր այդ ինստիտուտը, և նա կարող էր մեծ օգուտ բերել մեր երկրին: Ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան եռանկյունին Հայաստանի համար մեծ օգուտներ կբերեր»,- այսօր ArmNews հեռուստաընկերության եթերում, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում ասաց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը`պատասխանելով հարցին`ինչո՞ւ Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ:

Սերժ Սարգսյանը շարունակեց. «Բայց, ինչպես ասում են, ոչ ոք իդեալական չէ, և մարդը սովորական պայմաններում, խաղաղ պայմաններում կարող է շատ արդյունավետ գործել, կարող է լինել շատ պատվախնդիր, բարոյական, իսկ իմ խորին համոզմամբ, մարդու էությունը դրսևորվում է էքսցեսների ժամանակ, մարդու էությունը դրսևորվում է կրիտիկական իրավիճակներում, և պատահական չէ, որ այդպիսի իրավիճակներում, օրինակ, պատերազմական իրավիճակներում, շատ երիտասարդ մարդիկ այդ հասակում դառնում են մեծ զորամիավորումների հրամանատարներ, գեներալներ և այլն: Սովորական պայմաններում նրանք չեն կարող դա անել: Եվ այդ նույն պատերազմի ժամանակ շատ մարդիկ, որոնք առաջին հայացքից շատ խրոխտ են, հուժկու են և այլն, դառնում են թուլամորթներ, դառնում են դիրք լքողներ և այլն: Ցավոք սրտի, այդ դժվար իրավիճակում Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել՝ չկարողացավ դրսևորել, որովհետև գտնվում էր, կարծում եմ, շատ նսեմացված վիճակում: Նրան, բնականաբար, փորձեցին ենթարկեցնել … Եվ ստացվեց: Շատ-շատ ափսոսում եմ, և շատ ամոթ է»:

Պատասխանելով հարցին` ի՞նչն է ստիպում Արմեն Սարգսյանին՝ «ուղղակի չթքել պաշտոնի վրա ու հեռանալ», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես, բնականաբար, կդժվարանամ այդ հարցին պատասխանել և այդ հարցերը երևի պետք է ուղղել հենց Արմեն Սարգսյանին: Ես ամբողջ կյանքում եղել եմ պետական պաշտոնյա, իսկ վերջին 30 տարիներին մաս եմ կազմել իշխանությունների, երբեք նվաստի դերում հանդես չեմ եկել: Դա, ինձ համար անհասկանալի երևույթ է, թե մարդը ինչի համար պետք է նվաստանա, ինձ համար անհասկանալի մի բան է դա»:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի լիազորությունների խնդրին էլ, պաշտոնաթող նախագահն ասաց. «Լիազորությունները բավարար են, որպեսզի արժևորվի այդ ինստիտուտը: Ես դրան չեմ ուզում անդրադառնալ: Բայց, երբ Արմեն Սարգսյանն առաջարկ ստացավ ընտրվել ՀՀ նախագահ, քաջածանոթ էր Սահմանադրությանը, նա քաջածանոթ էր խորհրդարանական երկրի նախագահի լիազորություններին և բացարձակապես որևէ ակնարկ անգամ ես չեմ լսել այդ մասին: Եղել են հրապարակային հանդիպումներ, բոլորը տեսել են, եղել է ոչ հրապարակային հանդիպում, և ոչ մեկ հատ, և նորից եմ կրկնում` որևէ ակնարկ այդ մասին չի եղել: Առաջարկը ստանալուց հետո նա, իհարկե, շնորհակալություն է հայտնել և ասել է, որ իրեն որոշակի ժամանակ է պետք մտածելու, մարդկանց հետ հանդիպելու, որպեսզի իր վերջնական կարծիքը հայտնի: Եվ նա մտածել է՝ ոչ մեկ օր, հանդիպել է մարդկանց հետ, քաղաքական շրջանակների, իր կողմից հարգված մարդկանց հետ, այնուհետև եկել է և ասել, որ մեծ շնորհակալությամբ համաձայնվում է, ինքը պատրաստ է ընտրվել ՀՀ նախագահ: Ես կարծում եմ, որ լիազորությունների մասին պետք չէ խոսել, որովհետև դա վերաբերում է զուտ Սահմանադրությանը, և երբևէ առիթ կլինի, ես իմ կարծիքը կասեմ: Նա ունի բոլոր, բոլոր լիազորությունները: Բա, եթե ինքը լիազորություններ չունի, ինչու՞ լիազորությունների մի մասը զիջեց խորհրդարանին: Ի՞նչ տարբերություն՝ դու ստորագրում ես կամ քո չստորագրելով թույլ ես տալիս, որ այդ օրենքը, այդ փաստաթուղթը մտնի ուժի մեջ: Այսինքն, դու քո անձն ես ինչ-որ տեղ պաշտպանում, որպեսզի հետո ասես՝ տեսեք, ես սա չստորագրեցի: Բայց հարց է առաջանալու, չէ՞, լավ, եթե համարում ես, որ դա չստորագրելու է, ինչո՞ւ չես ուղարկում Սահմանադրական դատարան»:

Սերժ Սարգսյանի կարծիքով, ամոթ է լինել այդպիսի վիճակում, ինչպիսի իրավիճակում Արմեն Սարգսյանն է:

Արմեն Սարգսյանն ունի՞ բրիտանական քաղաքացիություն, թե՞ ոչ`հարցին էլ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև ոչ միայն նրա համար, որ ես իրեն ուղիղ եմ հարցրել, և ինքն ասել է, որ վաղուց հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, այլ նաև մեր պատկան մարմիններից ես որևէ ահազանգ այդ մասով չեմ ստացել: Դե հիմա, եթե ինչ-որ մարդիկ այլ կերպ են մտածում, բա ինչո՞ւ այդ մասին չեն հայտարարում: Կամ, եթե այդպիսի բան է եղել, ինչո՞ւ այսօրվա իշխանություններն այդ փաստը մեջտեղ չեն բերում ոչ թե գոնե Արմեն Սարգսյանին կշտամբելու, այլ ինձ կշտամբելու համար»:

Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն այստեղ վարում էին այնպիսի քաղաքականություն, որի հետ իրենք համաձայն չէին, բայց Սորոսի հիմնադրամը մուտք է գործել Հայաստան 1997 թվականին. «Շատերն ասում են, որ սորոսականներն են այս հեղափոխությունը կատարել: Ոչ: Նրանք, այո, աջակցել են, բայց այս հեղափոխություն կոչվածը, նորից կրկնեմ, շատ ավելի հզոր ուժեր են աջակցել ներսին, շատ հզոր ուժեր, որոնք տիրապետում են տեխնոլոգիաների, ռեսուրսների և այդ տեխնոլոգիաները հաջողությամբ օգտագործել են ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում: Այո, մենք անհամաձայնություններ ունեինք սորոսականների հետ, բայց իմ կարծիքով նրանք այնքան էլ մեծ վտանգ չէին ներկայացնում այն ժամանակ Հայաստանում, որովհետև նրանք որևէ ազդեցություն չունեին իշխանության կողմից կայացվող որոշումների վրա: Իսկ իշխանափոխությունից հետո իրենք, իհարկե, ներթափանցեցին և՛ խորհրդարան, և՛ գործադիր իշխանության տարբեր կառույցներ ու իրենց գաղափարները հիմա իրականացնում են»: Ինչ վերաբերվում է այդ ֆոնդերի փակմանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Շատ ավելի հեշտ է չթողնել մուտք գործել, քան նրանց արգելել՝ խոսքը միայն Սորոսին չէ վերաբերում, այլ տարբեր կառույցների, տարբեր ֆոնդերի և այլն: Վերջիվերջո, մենք կլինեինք այն եզակիներից մեկը, որ երկար տարիներ իրենց գործունեությունից հետո արգելեինք: Հենց այդ իշխանափոխության ժամանակ և դրան հետևող շաբաթների ընթացքում տարբեր եվրոպական երկրներ արգելեցին, և դա մեզ համար հիմք կարող էր հանդիսանալ, եթե նրանց վտանգը մեծանար, որպեսզի մենք ևս արգելեինք»:

Իսկ թե ինչո՞ւ ինքը Ռուսաստանից` օգնություն չի խնդրել Հայաստանում իշխանափոխություն-հեղափոխության ժամանակ, Սերժ Սարգսյանն ասաց. «Մտքովս անգամ երբեք չի անցել և չի կարող անցնել ռազմավարական դաշնակցից խնդրել օգնություն՝ իշխանությունը պահելու: Դա ինձ համար շատ վիրավորական կլիներ: Ես ռազմավարական դաշնակցից, Ռուսաստանի նախագահից բազմաթիվ բաներ եմ խնդրել` խնդրել եմ մեզ ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, և ցուցաբերվել է՝ լիուլի ցուցաբերվել է, ես խնդրել եմ նոր սպառազինություններ, նոր սպառազինությունների համար վարկեր տրամադրել, տրամադրվել է, ես խնդրել եմ մեզ համար անհրաժեշտ սպառազինություն, որն այլ երկրների չի վաճառվում՝ արվել է, խնդրել եմ բազմաթիվ տարբեր տնտեսական հարցեր լուծել՝ այո, լուծվել են, բայց ես զանգեի, խնդրեի, ասեի՝ խնդրում եմ պահեք իմ իշխանությունը: Ես ո՞վ կլինեի այդ ժամանակ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930