Գյումրու Բարեկամության այգում շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Այգում ներդրումներ կատարում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը։ Այն գտնվում Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում։ Իհարկե, կառավարությունը ևս մասնակցություն ունի․ ծրագիրը 10 միլիոն դոլար արժողությամբ է, կառավարության մասնաբաժինը մեկ միլիոն դոլարից ավելի է։
Այսօր գյումրեցի մտավորականներին ներկայացվեց այգու դիզայն-կոնցեպտը, ներկա էր նաև գլխավոր ճարտարապետը՝ Քսենյա Տրոֆիմովան։ Այգու դիզայն-կոնցեպտը մշակելիս՝ աշխատել են տեղի արվեստագետների հետ, քանի որ արվեստին մոտ լուծումներ են փնտրել։
Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կանաչապատ տարածքից բացի, այգում տարատեսակ ժամանցի օբյեկտներ են գործելու, տարիքային տարբեր խմբերի համար կրթական տարբեր ծրագրեր են իրագործվելու։ Մասնավորապես այգում բացվելու է այգեգործության դպրոց, որը Հայաստանի համար ծառայելու է որպես մոդել, պատրաստելու է մասնագետներ կանաչապատ տարածքների ձևավորման և ճիշտ խնամքի համար։
Կարդացեք նաև
Ըստ Ելենա Մուրադյանի, ամեն ինչ անելու են, որպեսզի հաջորդ տարի՝ 2022 թվականի օգոստոսին, այգին բաց լինի քաղաքացիների առաջ։
«Ատրակցիոների հիմնական մասը ներկրվել է, պահեստավորած է ապահով տեղում՝ Գյումրիում։ Սպասում ենք, որ շինարարական աշխատանքների առաջին փուլն ավարտվի, մենք քայլ առ քայլ փուլային ինչ-որ զոնա բացենք։ Այսինքն՝ առաջինը նախատեսված է, որ ժամանցային, սպորտային հատվածը բացվի՝ ատրակցիոները տեղադրելով։ Հուսանք, որ կավելացնենք ատրակցիոները՝ հիմնելով քաղաքացիների հիշողության վրա»,-ասաց Ելենա Մուրադյանը։
Մեր զրուցակիցն ասաց, որ այգու տեսքն ընտրելիս՝ չեն առաջնորդվելով որևէ երկրի մոդելով։
«Ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձեր և ընտրվել է Գյումրվան բնորոշ, տարածաշրջանի համար աննախադեպ այգի»։
Ելենա Մուրադյանն ասաց, որ այգու բարեկարգմամբ մինչև 50 նոր մշտական աշխատատեղեր կստեղծվեն։
Այգում 700-ից ավել ծառատեսակներ են տնկվելու, տարածքի 70 տոկոսը կանաչապատ է լինելու։ Այգին պարիսպ չի ունենալու, սա նոր մոդելի է։
Ի դեպ, «Ուրբանիստա» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այգում տեղադրվելու են նաև վերնիսաժի տաղավարներ, իսկ քաղաքային այգու մի անկյունում հիմնվող այգեգործության դպրոցի գաղափարը ոգեշնչված է քաղաքի արհեստագործության պատմությամբ և արտացոլելու է ազգային արվեստների յուրահատկությունը:
Հիշեցնենք, որ այգին հնարավորություն կընձեռի ապահովել արտաքին և ներքինի տուրիզմի աճը տարածաշրջանում։ Ըստ ծրագրի՝ նախատեսվում է տարեկան ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի հոսք Գյումրի քաղաք:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ