Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է». Ինչո՞ւ 2018-ին Սերժ Սարգսյանը տվեց իշխանությունը

Ապրիլ 30,2021 21:30

Այնուամենայնիվ, պարոն նախագահ, Դուք հասկանո՞ւմ էիք, թե այն ժամանակ դեռ չէիք հասկանում՝ ազգային էսպիսի աղետ լինելու է, թե ոչ:

«Իհարկե, որ ասում եմ՝ բա մարդիկ ո՞ւմ մեղադրեն, իրե՞նց մեղադրեն, չի նշանակում, որ ինքս ինձ մեղավոր չեմ համարում դրանում»,- այսօր ArmNews հեռուստաընկերության եթերում, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում՝ ասաց ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը`պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքին, թե ինչո՞ւ 2018-ին հանձնեց իշխանությունը`շատ լավ հասկանալով, թե ի՞նչ է կատարվում:

Հարցին`Դուք ունեիք վերլուծաբաններ, Դուք ունեիք ԱԱԾ, հզոր ստրուկտուրա էր:

Ինչո՞ւ թույլ տվեցիք, պարո՛ն նախագահ, Ձեզ մեղադրում են, որ տվեցիք իշխանությունը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այսպիսի հետևանք լինել: Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է, ես շատ լավ հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ-ինչ աստիճանների, որ Հայաստանում անարդարությունը անսահման է և այլն, և այլն: Բայց, որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, ես չէի կարող կանխատեսել: Ես հասկանում էի, որ, այո, կարող են լինել խնդիրներ, հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ՝ հավանականությունը մեծ էր: Ես այդպես էի կարծում»:

Մհեր Մկրտչյանը հետաքրքրվեց`Ռադիոտուն, որը ռազմավարական օբյեկտ է, երբ մտան և գրավեցին, բոլոր հիմքերը կային Նիկոլին ձերբակալելու. ինչու՞ չձերբակալեցիք Ռադիոյի տունը գրավելուց հետո:

«Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար: Բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, այլ տեսանկյունից էի նայում, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որևէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, այն մասշտաբները, որ հետո ունեցավ: Եվ որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարներին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում էին բոլորովին այլ բնույթ: Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ: Կարծում էինք, որ դա միգուցե խայծ էր, խայծ էր, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, և դրա հիման վրա շարժումը թափ հավաքի»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930