«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքը ամեն գնով պետք է հասնի իշխանություն: Ես սխալվեցի, կարծելով, որ նրա համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանք»,- սա ընդարձակ տեքստն է այն մտքի, որը 2018 թվականի ապրիլի 21-ին արտասանեց Սերժ Սարգսյանը`Նիկոլ Փաշինյանի հետ «Մարիոտ Արմենիայում» ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց`«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»:
Այսօր, ArmNews հեռուստաընկերության եթերում, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ բարդ նախադասությունները ինքը պարզեցրել է` նկատի ունենալով, որ կարող է բարդություններ լինեն, սխալ հասկացվի իր խոսքը:
Սերժ Սարգսյանը նաեւ բացատրեց, թե ինչո՞ւ որոշեց գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման. «Ես կարիք ունեի անձնապես համոզվելու`իրո՞ք այս մարդը կարմիր գիծ ունի, թե՞ չունի: Ես կարճ րոպեների ընթացքում համոզվեցի, որ այո, նա պատրաստ է գնալ մինչեւ վերջ: Իսկ այդ վերջն ինձ համար դիվային էր»:
Կարդացեք նաև
Այդ հանդիպման հաջորդ օրը` ապրիլի 22-ին, Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Հարցին`ինչո՞ւ Ռադիոտանը չձերբակալվեց, իսկ այդ ժամանակ ձերբակալվեց, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Ռադիոտուն ներխուժողները սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ շատ մարդ կար փողոցներում եւ ինքը չընդդիմացավ իրավապահների որոշմանը: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը մտածում էր հրաժարականի մասին, մտածում էր, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո կհանդարտվի. «Անկախ նրանից`կհանդարտվեր, թե ոչ, ես հրաժարական էի տալու»:
Մհեր Մկրտչյանը նկատեց`ձերբակալությունի հետո շարժումը կմարեր, ինչո՞ւ ազատեցին Նիկոլ Փաշինյանին: Սերժ Սարգսյանն ասաց, որ հարյուր տոկոսով ասել, որ ձերբակալումից հետո շարժումը կմարեր`դժվար է. «Բայց ես այլեւս ինձ համար որոշել էի, իշխանության մնալն անիմաստ է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ