1915 և 1916թթ. Օսմանյան կայսրությունում զոհված ավելի քան 1 միլիոն հայերի հիշատակը հարգելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արժանապատիվ հայտարարությունն իր նախորդներից տարբերվում էր միայն մեկ բառի՝ «ցեղասպանություն» գործածմամբ:
Առաջին բանը, որ պետք է ասել, այն է, թե որքան բան է դա նշանակում ամերիկահայերի համար, որոնց նախնիները զոհվել են այդ տարիներին Արևելյան Անատոլիայի սպանդի ժամանակ: Ի վերջո, հայկական սփյուռքը սփյուռք է հենց այդ ողբերգության պատճառով: Օսմանյան կայսրությունում ապրող 2 միլիոն հայերից գրեթե բոլորը սպանվեցին կամ արտաքսվեցին իրենց տներից, իսկ փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ, «Կարնեգի» հիմնադրամի կայքում գրում է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
Ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանություն բառը
Վերջին հիսուն տարիների ընթացքում ցեղասպանություն բառն աստիճանաբար սկսել է կիրառվել որպես «Մեծ Եղեռնի» կամ «Մեծ աղետի» (ինչպես հայերն են ասում) ծանրությունը նկարագրող եզր: Իրենց կյանքը կորցրածների ժառանգները բառը չօգտագործելն ընկալում են որպես տրավմայի ժխտում, շարունակում է հոդվածագիրը:
Կարդացեք նաև
Թուրքական իշխանությունները համառորեն դիմադրել են այս եզրին՝ չնայած այն ապացուցող պատմական վկայություններին: Լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն եզրը ստեղծել է Հոլոքոստի լույսի տակ (1944թ. Կարնեգի հիմնադրամի կողմից հրատարակված գրքում): Գրեթե ռեֆլեքսորեն թուրքերը բողոքում են, որ այդ ենթատեքստով իրենց նախնիներին դատում են որպես նացիստներ:
Թուրքիայի քաղաքացիների հավաքական հիշողության մեջ 1914–1921թթ. ժամանակաշրջանը իրար հաջորդող կատակլիզմներից մեկն է, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ձգտում էին ոչնչացնել Օսմանյան կայսրությունը: Այդ տարիներին կայսրությունում ընդհանուր առմամբ մահացել է 5 միլիոն մարդ, նրանցից առնվազն կեսը՝ մուսուլմաններ: Թուրքական Հանրապետությունը վեր բարձրացավ կայսրության մոխիրներից `գործնականում ի հեճուկս ամեն ինչի: Որոշ թուրքեր իռացիոնալ կերպով վախենում են, որ հայերի՝ սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու մղումը Թուրքիան մասնատելու արշավ է, ճիշտ այնպես, ինչպես դա անում էին քրիստոնյա տերությունները մեկ դար առաջ:
Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը դարձավ Թուրքիայի քաղաքացիական իրավունքի առաջատար ակտիվիստ և ավելին, քան որևէ մեկը, կրթեց թուրքական հասարակությանը իր պատմության և իր կորցրած հայերի դատարկ էջերի մասին: Դինքը դեմ էր միջազգային ճանաչման արշավներին ՝ բարոյական մեծ ուժով պնդելով, որ Թուրքիան նախ պետք է ժողովրդավարացնել, և դա, բնականաբար, կհանգեցնի նրան, որ երկրում, որտեղ տեղի են ունեցել սպանությունները, իրական հաշվարկ կկատարվի:
Դինքը, ցույց տալով երկու ժողովուրդների սուր հոգեբանական ըմբռնումը, հիշարժանորեն ասել է. «Թուրքերն ու հայերը, և թե ինչպես են նրանք իրար ընկալում, 2 կլինիկական դեպք են. հայերն իրենց ցավով, թուրքերը՝ իրենց պարանոյայով»:
2000-ականների կեսերին Թուրքիայում առաջընթաց գրանցվեց: Թուրքիայի արևելյան քրդական համայնքները ներողություն խնդրեցին հայերից և հուշարձաններ կանգնեցրին նրանց համար: Հրապարակվեցին շրջադարձային հուշագրություններ, անցկացվեցին գիտաժողովներ, գրում է դե Վաալը:
Այնուամենայնիվ, Դինքը 2007թ. դաժանորեն սպանվեց, և քաղաքացիական իրավունքների շարժումը, որի մաս էր նա կազմում, ամբողջությամբ չեզոքացվեց: Ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որն այժմ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական գործընկերն է, պաշտպանում է հին մոլեռանդ փաստարկները: Ի պատասխան Բայդենի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ կանգնեց իրենց հին ազգայնական հռետորաբանությունից, որը տարօրինակ կերպով պնդում էր, թե հայերն են սպանել թուրքերին, և ոչ թե հակառակը: Այս քաղաքական միջավայրում ԱՄՆ-ի համար, իրոք, մեծ տարբերություն չկա իրերը կոչել իրենց անուններով: Որոշակի քաղաքական հետևանք կարող է լինել (չնայած, բարեբախտաբար, մինչ այժմ ամեն ինչ խոսքի, այլ ոչ թե գործի մակարդակի վրա էր), բայց Անկարա-Վաշինգտոն հարաբերություններն այլևս սերտ դաշնակիցների հարաբերություններ չեն:
Ի՞նչ կկատարվի հիմա: Ցեղասպանությունը ազնիվ, բայց թերի եզր է, որն օգտագործվում է տարբեր շփոթեցնող նպատակների համար:
Առաջին ձևը, որ այն օգտագործվում է, իրավական եզրն է, ինչպես սահմանված է 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայում: Որոշ հայ քաղաքական մեկնաբաններ և ակտիվիստներ, անտեսելով Բայդենի խոսքերը հաշտություն փնտրելու մասին, ուղիղ գիծ են գծում ցեղասպանության ճանաչումից մինչև Թուրքիայի դեմ իրավական հայցեր:
Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը (և իրավաբան փորձագետների մեծ մասը) պնդում է, որ կոնվենցիան հետադարձ ուժով չի կարող կիրառվել: Ինքը՝ Լեմկինը, կարծես թե սատարում էր այս տեսակետը: Իր հուշերում նա նկարագրում է, թե ինչպես 1950թ. ինքը մոտեցել է ՄԱԿ-ում թուրքական առաքելությանը և հաջողությամբ ազդել Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս առաջիններից մեկը վավերացնի կոնվենցիան: Նրա հիշողությունների ակնհայտ հետևանքն այն է, որ հասկանալի էր, որ դա չի խթանի հայերի դեմ հանցագործությունների թուրք իրականացնողների հետապնդում, որոնցից շատերն այդ ժամանակ դեռ ողջ էին:
Այս իրավական պարզաբանումը չի խանգարի արդեն ընթացող հայցերին: Այնուամենայնիվ, անկասկած, դժվար կլինի ապացուցել ավելի քան մեկ դար առաջ թվագրվող իրավական պահանջները: Այլ պատմական դեպքերում, այս կարգի փոխհատուցումը սովորաբար եղել է կամավոր և խորհրդանշական գործողություն. գործողություն, որին դիմակայելու է Թուրքիայի կառավարությունը, բայց որն արդեն կատարել են որոշ քրդական տեղական մարմիններ:
Ցեղասպանություն բառն օգտագործվում է նաև որպես մոլի զենք ինքնության քաղաքականության մեջ: Ազգայնական բազմաթիվ խմբերի համար ցեղասպանության ենթարկված լինելը գրեթե պատվի նշան է, որը նրանք կարող են օգտագործել քաղաքական նպատակների համար: Սա առաջացրել է տգեղ ալիք, որը կարելի է անվանել ցեղասպանության մրցակցություն, որը հատկապես սրվեց նախկին Խորհրդային Միությունում: Ցեղասպանությունն այժմ թունավոր եզր է հայ-ադրբեջանական հռետորական հակամարտության մեջ, չնայած որ ադրբեջանցիները կապ չունեին 1915թ. սպանությունների հետ, կարծում է հոդվածագիրը:
Եզրի հենց երրորդ կիրառությունն էլ Բայդենն ակնհայտորեն նկատի ուներ իր ապրիլի 24-ի հայտարարության մեջ. զանգվածային սպանության և մշակութային բնաջնջման, մարդու իրավունքների ժխտման հոմանիշ, ինչը պետք է ճանաչվի՝ հաշտեցման և եզրափակման հասնելու համար: Բայդենի հայտարարությունը ցեղասպանությունը տեղավորում է անցյալում՝ այն անվանելով «Օսմանյան դարաշրջան»` դրանով իսկ մեղքը չբարդելով ժամանակակից Թուրքիայի վրա: Նա շեշտում է հայ ժառանգների հանդեպ կարեկցանքը և խոսում «ապագային նայելու», «ապաքինման ու հաշտեցման» մասին:
Ավելի ամբողջական պատմություն
Այդպիսի հաշտեցումը, թվում է, շատ հեռու է: Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուց հետո դա դժվար թե շուտ փոխվի, կարծում է դե Վաալը: Եթե որևէ մեկը կարող է առաջընթացի մի կետ նշել, գուցե դա գիտնականներ են: Հայոց ցեղասպանության և այս դարաշրջանի պատմագրությունն անհամեմատ ավելի բարդ է դարձել ՝ մեծ մասամբ շնորհիվ հայ և թուրք պատմաբանների, այդ թվում ՝ Թաներ Աքչամի, Հալիլ Բերքթայի, Ֆաթմա Մուգե Գյոչեքի, Ժերար Լիբարիտյանի և Ռոնալդ Գ. Սանիի աննախադեպ համագործակցության: Գիտական հետազոտությունների այս նոր փուլը վերջնականապես վարկաբեկել է ժխտողական թուրքական թեզերը: Այն նաև այժմ ենթատեքստ է տալիս և բացատրում է Օսմանյան կայսրության ավարտին և Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակում տեղի ունեցածը, բայց չի արդարացնում դա:
Պատմաբանները կարող են հետագայում լրացնել 1914-1921 թվականների արանքում մնացած սարսափելի պատմությունը: Հայոց ցեղասպանությունը ամենասարսափելի հանցագործությունն էր այն իմաստով, որ հայերը և նաև ասորիները ոչ միայն սպանվեցին, այլև ոչնչացվեց նրանց մշակույթը: Այլ պատմություններ նույնպես կարելի է պատշաճ կերպով պատմել, ներառյալ սուննի թուրքերի, քրդերի և ադրբեջանցիների պատմությունները, որոնք այդ տարիներին տուժել են մեծ տերությունների բանակներից, երբեմն նաև վրեժխնդիր հայերից: Մեկ այլ ցավալի պատմություն է Պոնտոսի հույների պատմությունը, որոնց բռնի աքսորը Թուրքիայից 1923թ. փակեց այս դարաշրջանը:
Հայերը կարող էին նպաստել այս պատմության լրացմանը՝ բացելով Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում դեռ փակ պահվող արխիվները` բացահայտելու 1918-1920թթ. Հայաստանը ղեկավարող Դաշնակցության պատմական գրառումները:
Բայց մինչ դա, սա ամերիկահայ ընտանիքների սգո և հիշատակի ժամանակն է, որոնք այլևս չպետք է մտահոգվեն, որ իրենց հարազատների ճակատագրի վրա կախված է պաշտոնական երկիմաստության զգացումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ