Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է նպաստ վճարել նաեւ ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար

Ապրիլ 30,2021 19:50

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է բարելավել ժամանակավոր անաշխատունակության նպաստ  հաշվարկելու պայմանները:

Հեղինակները մասնավորապես առաջարկում են վարձու աշխատողին նպաստ վճարել նաեւ ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար. գործող կարգավորումների համաձայն՝ նպաստը վճարվում է` սկսած ժամանակավոր անաշխատունակության 2-րդ օրվանից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ առաջիկայում Կառավարությունը եւս ներկայացնելու էր նման նախաձեռնություն: Խաչատրյանը նշեց, որ ժամանակին եղել են չարաշահումներ. անձն ավետչեքի դիմաց տեղամասային բժշկից ստացել է անաշխատունակության թերթիկ եւ չի ներկայացել աշխատանքի. <<Այսօր մեղմվել են այդ ռիսկերը>>: Նշվեց, որ Կառավարության ներկայացրած առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից:

Նախագծի համահեղինակ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ Կառավարության առաջարկներն ավելի պարզեցրել են նպաստի հաշվարկման բանաձեւը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ դրական գնահատեց վարձու աշխատողի համար կատարվող փոփոխությունը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է նաեւ աշխատանքային կարգով:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ կառավարության եւ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի, Արփինե Դավոյանի, Հրաչյա Հակոբյանի, Արսեն Միխայլովի, Կորյուն Մկրտչյանի եւ Վանիկ Օհանյանի համահեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ եւ ստացավ դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ստացավ բացասական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930