«Իշխանության փաստարկն այն է, որ իշխանության վակուում ստեղծելն անթույլատրելի է, դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն վարչապետի կողմից իր պաշտոնավարման դադարեցումը չի կարող առաջացնել իշխանության վակուում․ գործող սահմանադրական մարմինը ոչ թե վարչապետն է, այլ Կառավարությունը: Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարի սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, սակայն իրեն համարում է ժամանակավոր պաշտոնակատար», ասաց իրավաբան, արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գեւորգ Դանիելյանը։
Ինչ է վերաբերում է նրան, որ 2018-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կատարում էր Կարեն Կարապետյանը՝ Գեւորգ Դանիելյանը նշեց․ «Սերժ Սարգսյանի կողմից իրավական տեսանկյունից չի եղել հրաժարական, այլ եղել է հայտարարություն, եւ կառավարությունն իր որոշման մեջ նշել է «հայտարարություն», ոչ թե «հրաժարական», եւ գործող վարչապետի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը դադարեցվել է։ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց՝ որոշ իրավաբաններ պնդել են, որ հրաժարականի դեպքում չի կարող շարունակվել պաշտոնավարում։ Ընկալում արդեն իսկ եղել է, որ հրաժարականի դեպքում պաշտոնավարում հնարավոր չէ»։
Իրավաբան Արթուր Հովհաննիսյանն էլ համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ոտնահարում է սահմանադրությունը․ «Օրենսդրությունում անգամ չկա վարչապետի պաշտոնակատար ձեւակերպումը։ Կա օրենք, որով վարչապետն, օրինակ, օգտվում է ուղղաթիռից, սակայն այսօր կա իրավիճակ, երբ «վարչապետի պաշտոնակատարն» օգտվում է մի բանից, որի իրավունքը չունի օրենքով»։
Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանն էլ շեշտեց՝ «վարչապետի պաշտոնակատար» եւ «վարչապետի պարտականությունները կատարող» ձեւակերպումները նույնը չեն, եւ ոմանք իրավիճակը կամայական են մեկնաբանում․ «Ստացվում է, որ հրաժարական տալը հետեւանք չունի, այսինքն՝ դնում հրաժարական ես տալիս, բայց շարունակում ես պարտականություններդ կատարել, ինչպես Փաշինյանն է ասում, ողջ ծավալով․․․բա հրաժարականն ի՞նչ է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ