Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ձեր հարցը կլինե՞ր արդյոք, եթե դուք չլինեիք իշխող խմբակցության անդամ»․ Արման Թաթոյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Ապրիլ 30,2021 18:44

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «2020թ․-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման  ներկայացման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանն ակնարկեց, որ իրավիճակները մեկնաբանելու տեսանկյունից ՄԻՊ Արման Թաթոյանի մոտեցումները 2016թ-ից ի վեր փոխվել են։ Ապա` նա նշեց, որ քիչ առաջ գտել եւ կարդացել է 2016թ․-ի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Արման Թաթոյանի հայտարարություններից մեկը, որում այդ թվում հետեւյալ բնորոշումը կա՝ «խիստ մտահոգիչ է այն, որ հանրության առանձին խմբերի կողմից հրապարակայնորեն խրախուսվում են ատելության, բռնության կոչերը․․․այսպիսի իրավիճակը խաթարում է պետական ինստիտուտների կողմից մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու միջոցներ ձեռնարկելը»։

Ապա Թագուհի Ղազարյանը մեջբերեց 2020թ․ նոյեմբերի իննի գիշերը քաղաքացիների՝ կառավարության շենք մուտ գործելու միջադեպերի վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարության հետեւյալ հատվածը՝ «պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար ծառայողներ չեն եղել Երեւանում, քանի որ գտնվել են առաջնագծում, հիմնավոր չէ, քանի որ պետությունը պարտավոր է կանխատեսել մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ ոստիկանների առկայություն։ Քաղաքացին պարտավոր չէ հանդուրժել իր իրավունքների խախտումները, այդ թվում բռնությունն այն պատճառով, որ պետական իրավասու մարմինները չեն ապահովել անձնական անվտանգության համար պայմաններ»։

Թագուհի Ղազարյանը շեշտեց․ «2016թ․-ի ձեր ուղերձն ինձ համար ավելի ընդունելի է, քան 2020թ․-ը․ վստահ չեմ, որ ձեր դիրքորոշումների փոփոխությունը դրական ուղերձ է տալիս քաղաքացիներին։ Ի՞նչն է պատճառը, որ դուք ոստիկանության հանդեպ նման փոփոխություն եք գրանցել ձեր հայացքներում»։

Արման Թաթոյանն ի պատասխան հարցրեց․ «Տիկին Ղազարյան, 2016թ․-ի հետ կապված այդ հարցն ինձ տալիս եք, որովհետեւ դուք հիմա իշխող խմբակցության անդա՞մ եք։ Ձեր հարցը կլինե՞ր արդյոք, եթե դուք չլինեիք իշխող խմբակցության անդամ։ Նախ, դուք իրավիճակից կտրված մեջբերում արեցիք։ 2018թ․-ի իմ հայտարարություններից ինչո՞ւ օրինակ չեք բերում։ Ես շարունակում եմ մնալ ՄԻՊ կարգավիճակի խիստ սահմաններում, ինձ համար նշանակություն չունի իշխանության մարմնի փոփոխությունը, կառավարությունը։ Ես ինստիտուցիոնալ եմ մոտենում հարցին։ 2016-ի իմ հայտարարությունները ճշգրիտ են ու ուղղված են եղել այդ պահին ՄԻՊ համակարգի հանդարտեցմանը, եւ նույնը արել եմ մյուս թվականներին եւս։ Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա համակարգի խախտումները տարիներով եղել են։ Այլ է հարցը, որ համակարգային առումով շարունակական դրական զարգացում ունենք ՄԻՊ-ոստիկանություն համագործակցության տեսանկյունից»։

Ապա «Իմ քայլից» Մարիա Կարապետյանը ՄԻՊ-իշխանություն տարաձայնությունների համատեքստում մեջբերեց ՄԻՊ տարեկան հաղորդման այն հատվածը, որում մեջբերված էր ԱՄՆ նախկին դեսպանի գրառումն այն մասին, որ ՀՀ իշխանության կողմից ՄԻՊ-ի հանդեպ ճնշումներ կան։ «Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը»,-հարցրեց նա։ Ավելի վաղ, հիշեցնենք, Մարիա Կարապետյանը պնդել էր, որ ՄԻՊ-ի եւ իշխանական պատգամավորների միջեւ տարաձայնություններ կան, Թաթոյանն էլ ասել էր, որ ինքը չունի տարաձայնություններ։ Արման Թաթոյանը պատասխանեց․ «Ախր տիկին Կարապետյան, իմ աշխատանքն այսպես թե այնպես առաջացնելու է տարաձայնություն։ Ախր ես այդ կատեգորիաներով չեմ շարժվում, որովհետեւ իմ աշխատանքն ուզած-չուզած՝ բերելու է անհամաձայնության։ Ես չեմ աշխատում սկզբունքով, որ վա՜յ՝ կառավարության հետ տարաձայնություն ունենամ կամ չունենամ, ես իմ աշխատանքն եմ անում։ Միշտ նկատի ունեցեք, որ ինձ ձեր անհամաձայնությունը չի կանգնեցնելու»։

Պատգամավորների եւ ՄԻՊ-ի ելույթներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930