Շառլ–Տիրան Թեքեյանի «Քառամյա պատերազմն Արևելքում, ֆրանս–հայկական գործընկերությունը պատերազմի ընթացքում» երկլեզու գրքի շնորհանդեսը
Մուսա լեռան հայերի փրկագործության մասնակից՝ ֆրանսիական նավատորմի ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանի «Քառամյա պատերազմն Արևելքում, ֆրանս-հայկական գործընկերությունը պատերազմի ընթացքում» երկլեզու հայերեն-ֆրանսերեն գիրքը, հայերեն նոր թարգմանությամբ, ներկայացվում է հայ ընթերցողին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչմանը հաջորդող այս օրերին:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շնորհանդեսին ելույթ ունեցան ակադեմիկոսներ, պատմաբաններ:
Երկլեզու հրատարակությունը պարունակում է բանասեր, Սարդարապատի թանգարանի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանի մեկնաբանություններն ու ծանոթագրությունները, որոնք հնարավորություն կտան ընթերցողներին ավելի լավ հասկանալ ժամանակի պատմական նրբությունները:
Հայ-ֆրանսիական ընդհանուր հիշողության կարևոր դրվագ պատմող այս գիրքը լույս է տեսել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և մուսալեռցիների ժառանգներ պարոն Զոհրաբ Թազյանի և պարոն Հակոբ Ջամբազյանի աջակցությամբ: Հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն:
Գրքի մասին`
1919-ին լույս տեսած իր այս հուշերում ֆրանսիական նավատորմի ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանը (1887-1965), որ հատուկ դեր է խաղացել այս փրկագործության մեջ, պատմում է թուրքական ճիրաններից Մուսա լեռան հայերի փրկության մասին:
«Ղեկավագը հրվանդանով անցնելիս Մուսա լեռան լանջերից մեկին նկատել էր ծածանվող ճերմակ մեծ դրոշ` կարմիր խաչով։ «Գիշենը» խարիսխ էր նետել և մի նավակ ուղարկել ափ։ Չնայած թուրքերի հրաձգությանը` վերջինս կարողացել էր կապ հաստատել ապստամբ մի քանի պատվիրակի հետ, որ լողալով ընդառաջ էին եկել։ Պարզվել էր, որ տարբեր գյուղերից մոտավորապես հինգ հազար հայ ընդվզել է բռնագաղթի սպառնալիքի դեմ, պատսպարվել Մուսա լեռան վրա և, գրեթե երկու ամիս, հաղթականորեն դիմադրել թուրքական զորախմբերին։ Լեռնահովտում բազմաթիվ կանայք, երեխաներ և ծերունիներ են ապաստանել, որոնց պաշտպանում է մոտավորապես ութ հարյուր քաջամարտիկ` տարբեր տրամաչափի հրացաններով զինված։» … «Ներկայացա ծովակալին, որը իրադարձությունները հակիրճ ներկայացնելուց հետո, ծանոթացրեց ապստամբ երեք պատվիրակի` թավամազ, համակրելի, բոցավառ և կայծկլտուն աչքերով քաջամարտիկների հետ։ Ես նրանց դիմեցի հայերենով։ Երեքի սիրտն էլ լցվեց բերկրանքով, և դեմքերը պայծառացան։ Իրար հերթ չտալով` սկսեցին խոսել. վերջապես, երկար ժամանակ կաշկանդված կրծքավանդակը կարողացավ կարծես զսպված տառապանքի և հույսի ճիչ արձակել» :
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն