Վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը պարզապես իրավական խորհրդատվություն է տվել, ոչ թե խմբագրել: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Դավթյանը իրավաբանների այն վեճի մասին, ըստ որի Փաշինյանը չի կարող լինել պաշտոնակատար՝ հրաժարականից հետո: Հարցին՝ «Գեւորգ Դանիելյանը, կարելի է ասել՝ ողջ իրավաբանական հանրույթը, բացի մի քանի սուրբ կովերից, պնդում են, որ չի կարող պաշտոնավարել, նա դադարում է գործել ու չկա նրան սոցիալական երաշխիքներ տրամադրելու որեւէ դրույթ»՝ գխավոր դատախազը նախ ճշտեց՝ դա ո՞ւմ ձեւակերպումն է՝ «սուրբ կով». «Եթե դուք որպես լրագրող ձեզ թույլ եք տալիս որեւէ իրավաբանի անվանել կով, դուք ո՞նց կընդունեք, եթե որեւէ իրավաբան որեւէ լրագրողի ասի՝ հորթ: Պահեք ձեզ կոռեկտության մեջ»:
Ինչ վերաբերում է պաշտոնավարմանը, Դավթյանն ասաց, որ եթե նույնիսկ արձանագրվում է, որ գործ ունենք սահմանադրական վեճի հետ, սահմանադրական վեճերը քննող մարմին կա՝ ՍԴ-ն, իսկ իրենց որեւէ հանցագործության փաստ այդտեղ չեն տեսել. «Բարձրացված առերեւույթ վեճը սահմանադրաիրավական բնույթ ունի»:
Լրագրողները հարցրեցին՝ «սուրբ կովից» վատ զգացիք, ձեզ համար նույնքան տհա՞ճ է, երբ վարչապետը դատավորներին վնգստացող էր ասում, կամ՝ շնաբարո դուրսպրծուկներ՝ Դավթյանը պատասխանեց, որ իր համար միշտ տհաճ է հրապարակային ցանկացած վիրավորական արտահայտություն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ