Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիկացիաների ապաշրջափակումից Հայաստանն ընդամենը կոպեկներ է ստանալու, ՌԴ-ն ավելին թույլ չի տա. Արմեն Մարտիրոսյան

Ապրիլ 30,2021 16:55

«Հաշտեցման որեւէ գործընթաց ես չեմ տեսնում, անկեղծ ասած: Չի կարող հաշտեցման գործընթաց լինել դահիճի, մարդասպանի եւ նրա զոհի միջեւ եւ պատմական կտրվածքով, եւ վերջին ժամանակահատվածում: Ինչպե՞ս կարող է հաշտություն լինել, եթե պատմական ժամանակագրության առումով Թուրքիան դեռեւս չի ճանաչել ցեղասպանությունը, չի փոխհատուցել իր քայլերի համար: Չմոռանանք, որ այսօրվա Թուրքիան զարգացել է նաեւ հայկական գողացված կապիտալի հաշվին`կլինի դա ֆինանսական, անշարժ կամ շարժական գույք: Ուստի, խոսել պատմական հաշտեցման հնարավորության մասին, կարծում եմ, դեռ վաղ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը`պատասխանելով հարցին`աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերի եւ նոր իրողությունների համատեքստում հայ-թուրքական հաշտեցման հերթական գործընթացն ինչպե՞ս է գնահատում եւ տապալված ֆուտբոլային դիվանագիտության ֆոնին այժմ կարգավորման ի՞նչ հնարավորություններ է տեսնում:

«Ի՞նչ հիմքով դու կարող ես հաշտեցման գործընթաց իրականացնել մի պետության հետ, որը բառացիորեն կես տարի առաջ, ահաբեկիչներ եւ վարձկաններ էր բերել տարածաշրջան`քո դեմ պատերազմի համար, կամ նորագույն տեխնոլոգիաներով զենք է տվել Ադրբեջանին, բազմաթիվ հատուկջոկատայիններ է ուղարկել Արցախում հայերի դեմ կռվելու համար, որ Ադրբեջանի բանակի ռազմական օպերացիաների պլանավորումը, ասում են թուրք գեներալներն ու սպաներն են իրականացրել եւ այլն»,- հարցնում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, ինչ ասում են ՀՀ գործող իշխանությունները հայ-թուրքական հաշտեցման հնարավորությունների մասին, ապա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, դա մի իշխանության ասած է, որը պարտվել է պատերազմում եւ խայտառակ պատերազմից հետո, իրեն շատ խայտառակ ձեւով էլ դրսեւորում է. «Հրաժարական տալու փոխարեն, որպեսզի այլ պատրաստված ուժեր գան եւ փորձեն իրավիճակը շտկել, իրենք գնում են ինչ-որ քայլերի, որոնց լիազորությունը քաղաքացիներն իրենց չեն տվել: Լիազորություն տալու խնդիր էլ չկա, որովհետեւ այն՝ ինչ խոստացվել էր, այդ քայլերից ոչ մեկն այդպես էլ չիրականացվեց, այդ թվում նաեւ Արցախի հարցը հրապարակում, ժողովրդի հետ քննարկելը եւ միասնական որոշում ընդունելը: Դրա համար, ես կարծում եմ, որ այս պարագայում վաղ է հաշտեցման մասին խոսելը, չնայած նրան, որ տարածաշրջանային բավական հետաքրքիր զարգացումներ կան`նաեւ կոմունիկացիաների հետ կապված: Իմ կարծիքով, այն, ինչը փորձում են իրականացնել, կարող է դրանից Հայաստանն ինչ-որ կոպեկներ ստանա տարանցման համար, որովհետեւ ավելին մեզ ոչ ոք թույլ չի տալու ստանալ, քանի որ ինքնուրույն խաղացող չենք եւ Հայաստանին «ասում է» բացառապես ՌԴ-ն, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի, կարելի է ասել, շատ լավ գործընկերն է: Թեեւ մենք պաշտոնապես դաշնակից ենք, բայց մենք դա չզգացինք: Ուստիեւ, որքան էլ ապաշրջափակման ծրագրերի մասին խոսենք, այդ թվում նաեւ Ջո Բայդենի հայտարարությունից հետո` Էրդողանի շուրթերով, ես կարծում եմ, որ մենք հեռու ենք հաշտեցման գործընթացից: Առանց մեղքի ընդունման, մեղքի թողություն չի լինում եւ հաշտեցում ևս չի կարող լինել»:

Ինչ վերաբերվում է «ֆուտբոլային դիվանագիտությանը», Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է` ժամանակին այդ մասին շատ է խոսել`այն ի սկզբանե տապալված համարելով, քանի որ Թուրքիային պետք էր ավելի խորը մտնել կովկասյան տարածաշրջան եւ լեգիտիմություն ու լայն հնարավորություններ ստանալ`Ադրբեջանի նկատմամբ իշխանություն հաստատելու, ինչը, ի վերջո, տեղի ունեցավ, մենք դա տեսանք 44-օրյա պատերազմի արդյունքում: «Նաեւ «ֆուտբոլային դիվանագիտությունն», ըստ էության, խայտառակ 2008-ի շարունակությունն էր եւ իր ոչ լեգիտիմ իրավիճակը Սերժ Սարգսյանը փորձում էր նմանատիպ քայլերով փոխհատուցել: Հայաստանը, բնականաբար, դրանից ոչինչ չշահեց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցի մանրամասները`տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930