Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտ մեկ տարի առաջ միջնորդություն էր ներկայացրել ԱԺ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ընտրակեղծիքների գործով կալանավորելու համար:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հարցին, թե ի՞նչ եղավ այդ գործը, կարծես այլեւս տեղից չի շարժվում՝ պատասխանեց. «Տեղից շատ է շարժվել: Այդ քրգործով տասնյակներով քրեական հետապնդման ենթարկված անձինք կան: Տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան, հազարներով հարցաքննություններ են իրականացվել, պետք է ամբողջականացվի, վերջում տրվի քրեաիրավական գնահատական»:
Հարցին՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասով հարուցված քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, որովհետեւ իր հայտարարություններն ուղիղ առնչություն ունեին Փաշինյանի հետ, նաեւ Նիկոլ Փաշինյանի հնարավոր դավաճանության հետ կապված գործ կար՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Չկա որեւէ տեղեկություն, որեւէ հաղորդում, որ պատշաճ իրավակարգի մեջ ներգրավված չլինի: Ձեր նշած անձի հաղորդման հիման վրա հարուցված քրգործն իր ամբողջ ծավալով ընթանում է, իրականացվում են բոլոր գործողությունները: Ես քրգործի շահերին վնասող եմ համարում նույնիսկ այդ փաստը հրապարակել՝ հարցաքննվե՞լ է Փաշինյանը»:
Դիտարկմանը, որ ՀՔԾ-ի կողմից հաստատվել է, Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի ցուցմունք տալու վերաբերյալ փաստեր են հրապարակվել՝ Դավթյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր կոնկրետ անձի հետ կապված վարույթն իրականացվող մարմինը ինքն է որոշում՝ դա ենթակա՞ է հրապարակման: Նիկոլ Փաշինյանի հետ կապված հրապարակելը կվնասի գործի քննությանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ