«Գործընթացը լիարժեք իրավական է, Սյունիքի դեպքի փաստի առթիվ հարուցված է քրեական գործ: Ապացույցների հիման վրա որոշակի անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում: Որ դեպքում մեզ տեղեկություններ են հայտնի դարձել խոշտանգումների փաստի վերաբերյալ, չի եղել դեպք, որ չենք արձագանքել: Մենք իրավական դաշտում հետեւում ենք գործընթացներին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի դեպքերի հետ կապված ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հարցին՝ ինչո՞ւ չիջաք, երբ դատախազության մոտ ցույց էին անում՝ Դավթյանը պատասխանեց. «Չիջա, որովհետեւ ինչ էին պահանջում ակցիայի մասնակիցները: Ասում են՝ իջեք ու մեզ ժամկետներ ասեք, թե ում հետապնդումը երբ կդադարեցվի: Ո՛չ, դատախազը չի իջնի եւ նման բան չի ասի: Ինչ եք կարծում, ամեն իրավաչափ չհամարողներին պիտի իջնեմ ու պարզաբանե՞մ»:
Հարցին՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանը հրահանգներ էր տալիս ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին, սա գործադիրի կողմից միջամտություն չի՞ իրավապահ մարմինների աշխատանքին՝ դատախազը պատասխանեց. «Ինձ նման հրահանգ չի իջեցվել: Ձեր կողմից հիշատակված մարդիկ համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ եւ կառավարության ղեկավարը կարող է տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված կիսվել: Եթե դուք դրա անունը դնեք հրահանգ, թե չգիտեմ ինչ, միեւնույն է, քրեական վարույթն իրականացվում է այնպես, ինչպես նախատեսել է Քրեական օրենսգիրքը»:
Խոսելով Մարտի 1-ի գործի մասին՝ դիտարկմանը, որ հիմա այդ գործը փշրվել է՝ Դավթյանը պատասխանեց, որ իրավական նման տերմին չկա, ՍԴ-ն ունի որոշում, կա առաջին ատյանի կողմից կայացված դատական ակտ, այդ ակտը վիճարկվել է Վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ