Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողն ընդմիջման ժամերին լրագրող չի՞, ոչ, լրագրողը միշտ է աշխատանք»․ Արման Թաթոյանը՝ Սարգիս Խանդանյանին

Ապրիլ 30,2021 16:23

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «2020թ․-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը ՄԻՊ Արման Թաթոյանին հիշեցրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ հրաժարական ներկայացրած ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի միջադեպը եւ մեջբերեց այդ առիթով ՄԻՊ հայտարարության այս հատվածը՝ որեւէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի հանդեպ բռնությունը։

Խանդանյանն ասաց․ «Միանշանակ համաձայն եմ, բայց մասնագիտական գործունեություն իրականացնող ձեւակերպմանը կուզեի անդրադառնաք։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ լրագրողի մասնագիտական գործունեությունն անսահմանափակ է։ Կարծո՞ւմ եք, որ ցանկացած պարագայում լրագրողական գործունեությամբ զբաղվողն իրականացնում է մասնագիտական գործունեություն։ Այն թեման, որով լրագրողը մոտեցել էր նախարարին, արդյոք բխո՞ւմ էր մասնագիտական գործունեությունից, ունե՞ր հանրային հնչեղություն, որի համար այլ հնարավոր եղանակ չկար հարցը ձեւակերպելու։ Արդյո՞ք լրագրող աշխատողն ամեն վայրում լրագրող է»։

Թաթոյանը հարցին հարցով արձագանքեց՝ իսկ այդ պահին լրագրողը չէր իրականացնո՞ւմ մասնագիտական գործունեություն․ «Լրագրողն այնպիսի մասնագետ է, որն ընդմիջման ժամերին լրագրող չի՞, ոչ, լրագրողը միշտ է աշխատանք։ Նա հարցեր է տվել հանրային ճանաչում ունեցող, կառավարության անդամ անձին, իսկ նման անձին վերաբերող հարցերը հանրային հնչեղություն ունեն։ Լրագրողը մոտեցել է ու հարց տվել։ Ես դա համարում եմ լրագրողական մասնագիտական աշխատանք։ Ինձ որեւէ մեկը չի կարող համոզել, որ լրագրողն այդ պահին չի իրականացրել մասնագիտական աշխատանք։ Պատկերացրեք՝ շաբաթ օրով ես եւ դուք զբոսնում ենք, եւ լրագրողը մոտենում է եւ հարցեր տալիս։ Ասենք՝ մասնագիտական գործունեություն չի իրականացնո՞ւմ․․․չի լինի, չէ՞ այդպես։ Իմ սկզբունքն այն է, որ լրագրողին պետք է վերաբերվել օրինապահության եւ բարեխղճության սկզբունքով, երբ նա հատկապես պաշտոնյային է մոտենում»։

Սարգիս Խանդանյանը չհամաձայնեց՝ ասելով, որ այդ պահին լրագրողը մասնագիտական գործունեություն չէր իրականացնում, որովհետեւ նախարարին հարցնում էր, թե նա ինչու է այդտեղ այդ ժամին ճաշում։ Արման Թաթոյանը հարցով պատասխանեց՝ ուրեմն եթե լրագրողը մոտենա եւ ձեզ հարցնի, թե ձեր փողկապն ինչ գույնի է, ուրեմն նա լրագրող չի՞։

Սարգիս Խանդանյանն այսպես հիմնավորեց․ «Արեւմտյան դպրոցի լրագրություն ուսումնասիրելիս առաջին դասն է՝ ի՞նչ է լուրը։ Ասում են՝ երբ շունը կծում է մարդուն, դա լուր չէ, իսկ երբ մարդն է կծում շանը, դա լուր է․․․ՀՀ-ում, ցավոք, լրագրողի մասնագիտական գործունեությունը դուրս է եկել մասնագիտության շրջանակներից։ Ցավոք, լրագրությամբ զբաղվող շատերը պաշտպանվում են մասնագիտությամբ, այլ ոչ թե պաշտպանում են մասնագիտությունը։ Բռնությունն ամեն դեպքում դատապարտելի է։ Պնդում եմ, որ լրագրողի մասնագիտական գործունեությունն ունի չափանիշներ»։

Արման Թաթոյանն արձագանքեց․ «Այո, լրագրողի աշխատանքը պետք է պատասխանատու, պրոֆեսիոնալ սկզբունքով ընթանա։ Որքան բարձր է լրագրողի պրոֆեսիոնալիզմը, այնքան ինձ համար հեշտ է պաշտպանել այդ լրագրողին։ Բայց իմ հայտարարության նպատակը լրագրողի մասնագիտական գործունեությունը գնահատելը չէր, իմ կարծիքով՝ նա իրականացրել է մասնագիտական գործունեություն։ Այս իրավիճակի հանգամանքներով եմ ղեկավարվել։ Շահարկում էին եւ իմ հայտարարությունն իմաստից զրկում՝ ասելով, թե լրագրողը խախտել է պաշտոնյայի իրավունքները։ Իմ հայտարարության իմաստն այն էր, որ բռնություն է կիրառվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930