Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Մեհրաբյան. «Օլիմպիական 4-5 վարկանիշը միանգամայն իրատեսական է»

Ապրիլ 30,2021 16:15

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Հովհաննես Հովսեփյանը լրատվամիջոցներին ասաց, որ Տոկիոյի օլիմպիական խաղերին 4-5 բռնցքամարտիկի մասնակցության ակնկալիք ունի եւ դրա համար ոչինչ չի խնայելու: Aravot.am-ը նույն հարցի շուրջ զրուցեց նաեւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ:

-Պարոն Մեհրաբյան: Օլիմպիական խաղերի 4-5 վարկանիշը իրատեսակա՞ն է:

-Այո: Երբ մասնագիտական աչքով նայում ես Լոնդոնում անցած տարի անցկացված, սակայն համավարակի պատճառով ընդհատված վարկանիշային մրցաշարի վիճակահանությանը՝ տեսնում ես, որ մեր տղաները հնարավորություն ունեն: Կորյուն Սողոմոնյանն արդեն ուղեգիր նվաճել է: Նրան միանալու իրական հնարավորություն ունեն 63 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ եւ ծանր քաշային բռնցքամարտիկները:

-Իսկ կանանց օլիմպիական մրցաշարում ներկայացուցիչ կարո՞ղ ենք ունենալ:

-Մեծ հույսեր եմ կապում 69 կգ քաշային Անի Հովսեփյանի հետ, չնայած նրա մենամարտը Լոնդոնից Փարիզ տեղափոխված վարկանիշային մրցաշարում լինելու է աշխարհի չեմպիոն թուրք մարզուհու հետ: Ներքին վստահություն ունեմ, որ Անին նրան կհաղթի: Ես թրքուհուն տեսա Ստրանջայի մրցաշարում, որտեղ պարտվեց ուզբեկ մարզուհուն: Իմ կարծիքով, Անի Հովսեփյանը վարկանիշ նվաճելու հնարավորություն ունի: Դժվար է, բայց կարող է: Ի վերջո, նա Եվրոպայի արծաթե մեդալակիր է, աշխարհի երիտասարդների բրոնզե մրցանակակիր, մի քանի միջազգային մրցաշարերի հաղթող: Մի անգամ ես նրան փորձարկեցի պրոֆեսիոնալ ռինգում Ասիայի չեմպիոնի հետ մենամարտում, եւ Անին գեղեցիկ ոճով վստահ հաղթանակ տոնեց: Բոլորը զարմացած էին, թե նրան որտեղի՞ց ենք գտել: Անին կարող է եւ պետք է դառնա հայ առաջին կին բռնցքամարտիկը, որը կմասնակցի օլիմպիական խաղերին:

-Նպատակները բավականին հավակնոտ են: Որտե՞ղ եւ նախապատրաստական ինչ փուլեր եք նախատեսել:

– Կիսատ մնացած վարկանիշային մրցաշարը կշարունակվի Ֆրանսիայում, հունիսի 1-ից 8-ը: Հունիսի 1-ից 3-ը ժամանման օրերն են, բուն մենամարտերը կմեկնարկեն հունիսի 4-ից: Նախապատրաստության առաջին փուլն արդեն սկսում ենք Ծաղկաձորում՝ մինչեւ մայիսի 15-ը: Երկու օր հանգստանալուց հետո կրկին կհավաքվենք Օլիմպավանում, իսկ մրցավայր կմեկնենք հունիսի 1-ին կամ 2-ին՝ կլիմայափոխում անցնելու նպատակով:

-Դուք Հովհաննես Հովսեփյանի հետ աշխատել եք Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայում: Ի՞նչ կասեք նրա մասին:

-Ես իմ ձայնը տվեցի նրան: Սակայն ես ընտրել եմ, ոչ թե անհատ Հովսեփյանին, այլ բռնցքամարտի ապագան: Իմ համոզմամբ, նա կարող է հոգալ հայկական բռնցքամարտում կուտակված հոգսերը եւ մարզաձեւը դուրս բերել քանդված ու պառակտված վիճակից: Ասածս ոչ ենթադրություն է, ոչ էլ բարի ցանկություն կամ երազանք: Հանգիստ եմ բռնցքամարտի ապագայի համար, որովհետեւ Հովհաննես Հովսեփյանի հետ աշխատելու ժամանակ անձամբ տեսել եմ ու նաեւ շատերը, նրա նպատակային ու մեծ աշխատանքը, որ արել է բռնցքամարտը զարգացնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930