Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկը ոչ թե ձիթենու ճյուղ է, այլ սեփական պարտության հետ հաշտվելու պահանջ. The Economist

Ապրիլ 30,2021 16:06

Ինչպես անցյալը, այնպես էլ ներկան, հետապնդում են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Մեկ հարյուրամյակ առաջ օսմանյան զորքերը իրականացրին Հայոց ցեղասպանությունը: Մի քանի ամիս առաջ Թուրքիան օգնեց Ադրբեջանին հաղթել Հայաստանին պատերազմում: Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է, գրում է բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Թուրքիան և Հայաստանը հաշտության որևէ նշան չեն ցուցաբերում» վերտառությամբ հոդվածում:

Կրքերը կրկին բորբոքվեցին ապրիլի 24-ին այն բանից հետո, երբ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարեց, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը և տեղահանումը ցեղասպանություն էր: Պատմաբանների մեծ մասը համաձայն է Բայդենի հետ, սակայն ԱՄՆ նախկին նախագահները, որպես կանոն, խուսափում էին նմանատիպ հայտարարություններից՝ չցանկանալով դրանով վրդովեցնել Թուրքիային, որը կտրականապես հերքում է, որ այդ սպանությունները զանգվածային ու պարբերական բնույթ են կրել, չնայած որ փաստերը վկայում են, որ մեծ հավանականությամբ հենց այդպիսին էլ եղել են: Թուրքիայի արտգործնախարարը Բայդենի հայտարարությունն անվանել է «պատմության վուլգար աղճատում»:

Ըստ ամենայնի՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները շատ չեն տուժի, շարունակում է պարբերականը: Թուրքական արժույթը գտնվում է չափազանց բարդ իրավիճակում, ուստի Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ ճգնաժամ այս անգամ ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ: Սակայն Թուրքիայի պաշտոնատար անձիք հայտարարում են, որ դրանից կտուժեն Հայաստանի հետ հարաբերությունների լիցքաթափման հեռանկարները:

Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտը թույլ տվեց չեզոքացնել հաշտության ճանապարհին կանգնած խոչընդոտները: Սակայն ահա թե ինչ է նա ավելացնում. «Եթե Հայաստանը շարունակի թշնամական վերաբերմունք ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ և փորձի ստիպել ամերիկացիներին ճանաչել ցեղասպանությունը, ապա այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանի»:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ.՝ որպես Ադրբեջանին զորակցության նշան: Դրա բացումը կարող էր «միանգամայն զգալիորեն» թուլացնել լարվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մարտին Economist պարբերականի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ «առանց նախապայմանների»:

Եթե տեղի ունենա լայն տարածաշրջանային կարգավորում, «դրանից կշահեն բոլորը», կարծում է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմաթ Դավութօղլուն: Սահմանի բացումը հնարավորություն կտա կայունացնել ամբողջ Կովկասը, դա հնարավորություն կտա տարածաշրջանի ամենաաղքատ երկրին՝ Հայաստանին հասանելիություն ստանալ թուրքական և այլ երկրների շուկաներ, ինչպես նաև Թուրքիան կկապի Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ կան էներգակիրների մեծ պաշարներ, գրում է պարբերականը:

Դավութօղլուն, որն այսօր ոչ մեծ ընդդիմադիր կուսակցություն է ղեկավարում, արտգործնախարար է եղել այն ժամանակ, երբ Թուրքիան ու Հայաստանը 2009թ. սերտորեն մոտեցել էին դիվանագիտական կապերի կարգավորմանը: Այդ գործընթացը խոչընդոտի բախվեց երկու երկրներում ազգայնականների բացասական արձագանքի պատճառով: Թուրք ազգայնականները հրաժարվում էին ընդունել ցանկացած գործարք, քանի դեռ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում էր: Այն դեպքում, երբ հայ ազգայնականները պահանջում էին Թուրքիայից ճանաչել 1915թ. ցեղասպանությունը:

Արևմտյան դիվանագետներն արդեն վաղուց ելնում են նրանից, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կհանգեցներ Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման: Բայց այսօր կարծես թե ավելի ճիշտ կլինի հակառակ տեսակետը, կարծում է պարբերականը:

Հայաստանն Արևմուտքի ուղեծիր տանելու փոխարեն կարգավորումը կարող է էլ ավելի սերտորեն մոտեցնել Թուրքիային ռուսական ուղեծրին: «Ռուսական ծրագիրն այն է, որ բաց սահման ունենա Եվրասիական տնտեսական միության և Թուրքիայի միջև»,- ընդգծել է Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորներից մեկը, որի անունը չի նշվում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, որը սովորել է գործարքներ կնքել Ռուսաստանի հետ, ապա նա այնքան էլ չի ձգտում այսօր Կովկասում առաջ մղել Արևմուտքի շահերը: Ռուսաստանը թերևս նույնքան ազդեցություն ունի հաշտության գործընթացի վրա, որքան հենց Թուրքիան ու Հայաստանը: Ռուսական զորքերը Խորհրդային Միության անկումից հետո հսկում են հայկական կողմում Թուրքիայի հետ սահմանը, և Երևանը, անկասկած, կպնդի, որպեսզի նրանք շարունակեն դա անել: «Հայաստանն այսօր, ինչպես երբևէ, ամուր կառչած է ռուսական ուղեծրին,- ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:- Իսկ Թուրքիայի հետ կարգավորումն է՛լ ավելի կխորացնի այդ կապերը»:

Որքան էլ թղթի վրա գրավիչ լինի այդպիսի տարածաշրջանային կարգավորումը, այն, դատելով իրավիճակից, շարունակում է մնալ նույնքան անորոշ, որքան նախկինում էր, շարունակում է պարբերականը: Հայաստանի որոշ պաշտոնատար անձիք զգուշորեն պաշտպանում են Թուրքիայի հետ ուղիղ առևտուր կատարելու հեռանկարը: Սակայն քաղաքական վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը և հանրությունն ընդհանուր առմամբ կարծես թե պատրաստ չեն որևէ պայմանավորվածության: Ոմանք անգամ մտավախություն ունեն, որ այդքան հզոր հարևանի հետ հարաբերություններում լարվածության լիցքաթափումը կստիպի Հայաստանին մեղմել իր նկրտումները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Երկրում, որի բնակչությունը ընդամենը երեք միլիոն է, և որը դեռ գտնում է վերջին պատերազմի ազդեցության տակ, Թուրքիայի նկատմամբ վախը էլ ավելի է մեծացել: «Այս պատերազմը սանձազերծել է Թուրքիան, զարգացրել է Թուրքիան և ղեկավարել է Թուրքիան,- ասել է հայ պաշտոնյաներից մեկը:- Որևէ վստահություն էլ չկա»:

Թուրքիան ու Ադրբեջանն էլ չեն կարող իրենց հանգիստ զգալ: Ադրբեջանում հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը գովասանքի խոսքեր հնչեցրեց Հայոց ցեղասպանության իրականացնողներից մեկի՝ Էնվեր Փաշայի հասցեին: Ալիևը վերջերս բացեց զզվելի թեմատիկ մի պուրակ՝ «Ռազմավարի պուրակ» անունով, որտեղ ներկայացված են ծուռ քթերով ու գրոտեսկային դեմքերով հայ վիրավոր զինվորների մանեկեններ, ինչպես նաև խնամքով դասավորված են պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների սաղավարտները: Մնում է միայն գուշակել, թե ինչպես կարող է նման էքսպոզիցիան համատեղվել խաղաղության մասին Ադրբեջանի առաջարկի հետ: Այն, ինչ պարոն Էրդողանը և պարոն Ալիևն առաջարկում են Հայաստանին, ավելի շատ նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ սեփական պարտության հետ հաշտվելու պահանջի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930