Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարության կապակցությամբ Բրազիլիայում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը հարցազրույց է տվել Բրազիլիայի խոշորագույն Estado de S. Paulo օրաթերթին:
Հայոց ցեղասպանություն. ո՞րն է ԱՄՆ նախագահի ճանաչման ներգործությունը
Estado de S. Paulo-ին տված հարցազրույցում Բրազիլիայում ՀՀ դեսպանն ասում է, որ նախագահ Բայդենի հայտարարությունը նոր դարաշրջան է բացում միջազգային հարաբերություններում
«Հայաստանը ողջունում է նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա հստակորեն բնորոշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները՝ որպես ցեղասպանություն: Մենք ուզում ենք հավատալ, որ այս պատմական հռչակագիրը միջազգային հարաբերություններում բացում է նոր դարաշրջանի սկիզբ, դարաշրջան, երբ համամարդկային արժեքներն ու պատմական արդարությունը վեր են ընթացիկ պահի նեղ քաղաքական նկատառումներից:
Կարդացեք նաև
Այս հայտարարությունը եկավ որպես 2019-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պա-լատների և մինչ այդ երկրի բոլոր նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տրամաբանական հետևանք: Դա նաև նախագահ Բայդենի ամուր բարոյական կեցվածքի, պարկեշտության և արդարության սկզբունքներին նրա հավատարմության դրսևորում է:
Ցեղասպանության ողբերգական օրերին Միացյալ Նահանգների կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն հայ ազգի: Կ. Պոլսում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն առաջինն էր, որ նկարագրեց ցեղասպանության սարսափներն իր պաշտոնական զեկույցներում: Միացյալ Նահանգների նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտությունն ու արդարությունը պաշտպանելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթը: Մենք շնորհակալ ենք նրան նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումը հարգելու համար:
Ես ցեղասպանություն վերապրածի թոռ եմ: Տատս, որ ծնվել էր Վանա լճի ափին գտնվող Արճեշ քաղաքում, ականատես է եղել իր ծնողների և հինգ մանուկ եղբայրների ու քույրերի սպանդին Օսմանյան ոստիկանության կողմից: Ընտանիքի քուրդ հարևանների ողորմության պատճառով նա փրկվեց և հայտնվեց բազմաթիվ մանկատներից մեկում, որոնք Հայաստանում և Մերձավոր Արևելքում հիմնադրել էր ամերիկյան մարդասիրական Near East Relief կազմակերպությունը, որը պատսպարեց, խնամեց և կյանքի վերադարձրեց ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայ որբերի: Իմ ընտանեկան պատմության պատճառով նախագահ Բայդենի խոսքերը շատ ուժեղ հուզական ազդեցություն թողեցին ինձ վրա:
Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մարդկության համար համընդհանուր խնդիր է: Այս հռչակագիրը զգալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և ցեղասպանության կանխարգելման գործում:
Ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու անհրաժեշտության մասին նախագահ Բայդենի խոսքերը հիշեցնում են «ցեղասպանություն» եզրույթ ստեղծող և ցեղասպանության հանցագործության կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինի խոսքերը: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Կոնվենցիան ներկայացնելիս նա ասաց, որ մարդկությունը պետք է կանխի այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ Առաջին և հրեաների հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ պաշտոնական շփում չկա: Թուրքիան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, արգելափակում է ընդհանուր սահմանը և փորձում է կիրառել տնտեսական և քաղաքական-ռազմական հարկադրանքի միջոցներ:
Ինչ վերաբերում է Բրազիլիային, ապա ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին քայլերն արդեն արված են: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ Դաշնային Սենատը ընդունեց հայ ժողովրդի հետ համերաշխության հայտարարություն: Նախաձեռնությամբ հանդես էին եկել սենատորներ Ալոիսիո Նունես Ֆերեյրան, որը հետագայում ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը և պաշտոնական այց կատարեց Հայաստան, և Ժոզե Սեռան: Հուսով եմ, որ Բրազիլիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նույնպես շուտով կհասնի իր տրամաբանական ավարտին»: