Մայիսի 4-ից 22-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը:
«Փառատոնն անցկացվում է 10-րդ անգամ, նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, տարածել եւ հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես 20-րդ դարի, այնպես էլ մեր ժամանակակիցների գործերը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը: Նրա խոսքով, փառատոնի նպատակներից մեկն էլ մաշված, ձեռագիր վիճակում գտնվող նոտաների թվայնացումն է:
«Անցյալ 12 տարիների ընթացքում կարողացել ենք թվայնացնել հայ կոմպոզիտորների մեծակտավ 100-ից ավելի ստեղծագործություններ: Ունենք շատ մեծ կոմպոզիտորական ժառանգություն, բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք իսկապես գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, ու դեռ աշխատանք կա անելու, որպեսզի այդ նոտաները ձեռագրից հասցվեն թվային մակարդակի»,-ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը:
Սարգիս Բալբաբյանը հավելեց, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա 3 համերգ, որի ժամանակ կհնչեն 20-րդ դարի հայ կոմպոզիտորների եւ մեր ժամանակակիցների գործեր: Նա նշեց, որ այս տարվա փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ կոմպոզիտորների հոբելյանների առատությունն է. «Ամեն տարի մենք փառատոնը նվիրում էին մեկ հոբելյանի, մեկ կոմպոզիտորի, եւ նրա շուրջ կառուցում համերգային ծրագրերը: Այս տարի ունենք շատ հոբելյաններ` միանգամից 3 հարյուրամյակ` Առնո Բաբաջանյան, Ադամ Խուդոյան, նաեւ պետք է նշենք Ղազարոս Սարյանի 100-ամյակը: Վերջինս անցյալ տարի էր, սակայն համավարակի պատճառով չկարողացանք պատշաճ համերգով անդրադառնալ, ինչպես նաեւ Ջոն Տեր-Թադեւոսյանի 95-ամյակը, Միխայիլ Կոկժաեւի 75 եւ Երվանդ Երկանյանի 70-ամյակները»:
Կարդացեք նաև
Փառատոնի ընթացքում կկատարվեն այս կոմպոզիտորների ստեղծագործությունները, համերգները ձայնագրվելու, տեսագրվելու եւ տարածվելու են համացանցային տիրույթում, միջազգային հարթակներում:
Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի առաջին համերգը ղեկավարելու է իսրայելաբնակ դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը: Նա նշեց, որ առաջին համերգին կկատարվեն Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Տեր-Թադեւոսյանի ստեղծագործությունները: Վահագն Պապյանը կարեւորեց հատկապես Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը, որն ի տարբերություն կոմպոզիտորի մյուս ստեղծագործությունների՝ հազվադեպ է կատարվում, ինչպես նաեւ Ջոն Տեր-Թադեւոսյանի Առաջին սիմֆոնիան,որը դիրիժորը շատ արժեքավոր գործ որակեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ողջյունում եմ և նշում, որ այս և շատ ուրիշների գործերը ավելի հաճախակի կատարվեն …