Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիներին վերադարձնելու պահանջով այսօր աշխարհի շուրջ 30 քաղաքներում կիրականացվեն համահայկական բողոքի ցույցեր: Առաջին համահայկական ցույցը տեղի է ունեցել ապրիլի 15-ին:
Երեւանում մի քանի տասնյակ քաղաքացիներ «Ազատություն հայ ռազմագերիներին» բովանդակությամբ ցուցապաստառներով երթով անցան փողոցներով՝ նամակներ հանձնելով ՀՀ-ում գտնվող օտարերկրյա դեսպանատներին:
Երթը մեկնարկեց Ազգային ժողովի մոտից: Ցույցի մասնակիցներն այցելեցին Հայաստանում գործող Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ մի քանի այլ դեսպանատներ՝ այդ թվում՝ Չինաստանի դեսպանատուն, որտեղ անգլերեն լեզվով ընթերցեցին նամակի բովանդակությունը՝ նշելով, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիներին պահելով՝ շարունակում է խախտել մարդու իրավունքներին առնչվող միջազգային կոնվենցիաները: Ապա նամակը գցեցին փոստարկղ:
Բողոքի երթը կազմակերպել էր «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական նախաձեռնությունը: Կազմակերպիչների խոսքով՝ «Նախորդ երկու շաբաթվա ընթացքում տեսանք, որ պատգամավորական դիվանագիտությունը բավականին արդյունավետ էր եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիտորինգի կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ Ադրբեջանի կառավարությանը կոչ անելով վերադարձնել հայ ռազմագերիներին: Մենք ականատես եղանք մի շարք դիվանագիտական, քաղաքական լուրջ հայտարարությունների, իհարկե, շարունակում ենք ակնկալել, որ հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի եւ կնպաստեն, որպեսզի մեր հայրենակիցները ժամ առաջ վերադառնան հայրենիք»:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցների թվում էին նաեւ գերեվարված ռազմագերիների ծնողներն ու հարազատները, որոնց մեծ մասը ժամանել էր Շիրակի մարզից: Նրանց խոսքով՝ որքան ժամանակը երկարում է այնքան մարում է հույսը՝ որդիներին կենդանի տեսնելու: Այդ պատճառով՝ բողոքի ցույցով ցանկանում են աշխարհի ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել այս խնդրին. «Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային կառույցների պահանջներին եւ չի ուզում առանց նախապայմանների վերադարձնել մեր որդիներին: Որքան ժամանակը երկարում է, մենք՝ ծնողներս, ավելի վատատես ենք դառնում եւ հույս չենք ունենում, որ երբեւէ կտեսնենք մեր երեխաներին»:
Ադրբեջանում այս պահին գտնվող հայ ռազմագերիներից մեկի հարազատն էլ ասաց՝ փեսան՝ աղջկա ամուսինը, տանը թողել է մորը, կնոջը, 1 տարեկան 2 ամսական երեխային. «Կարմիր խաչի միջոցով որոշ նամակագրական կապ ունեցանք, տեսազանգ, բայց դա մեզ չի սփոփում: Այստեղ ահավոր հոգեկան ապրումների մեջ են գտնվում նրանց ընտանիքները, ծնողները, հարազատները: Հույս ունենք, որ մեր բողոքի ձայնը տեղ կհասնի»:
Ցույցի մասնակից Տիգրան Ամբարտանյանը, որի եղբայրը նույնպես գերեվարված է, ասաց՝ Ադրբեջանի հանրապետությունում այսօր մենք չունենք ոչ մի ահաբեկիչ. «Մենք կարող ենք փաստել, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետպատերազմյան շրջանում գերի ընկած մեր քաղաքացիները եւ զինվորականները գնացել են իրենց հայրենիքը պաշտպանելու: Շիրակում աշխարհազորայիններ են եղել, իսկ մնացած տեղում՝ զինվորականներ: Իսկ հայրենիք պաշտպանելը աշխարհում բոլոր պետությունների համար սուրբ գործունեություն է եւ դա չի կարելի որակել որպես ահաբեկչական արարք: Պահանջում ենք, որպեսզի օր առաջ միջազգային կազմակերպությունները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի կարողանան գերիներին վերադարձնել Հայաստան»:
Տիգրանը եղբոր հետ վերջին անգամ խոսել էր դեկտեմբերի 10-ին՝ տեսազանգի միջոցով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ