Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում

Ապրիլ 30,2021 15:00

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը։

Համաձայն «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանի» գծագրած չորս տարվա զարգացման պլանի՝ վերջինս կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում՝ առաջին տարվա ընթացքում բացելով 10 «հարմարավետ» ձևաչափի սուպերմարկետ Երևանում։ Երևանի Գյուլբենկյան 30/3 հասցեում արդեն գործում է մեկ նույն ձևաչափի սուպերմարկետ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել գործունեության շրջանակը և ներկայացվածություն ապահովել նաև Հայաստանի մարզերում։

Վաչե Արսենն ընդգծել է, որ ընդլայնվելու գաղափարը կյանքի է կոչվել վերջին շրջանում երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների շնորհիվ, և վստահություն հայտնել, որ այս նախագծի հաջող իրականացման դեպքում առաջիկայում կիրականացվեն ավելի խոշոր ներդրումային նախագծեր։

Քարֆուր սրահներում առաջարկվող ապրանքների  շուրջ 80%-ի մատակարարումը կազմակերպվում է տվյալ տարածաշրջանից, ինչը մեծ դերակատարում ունի տեղական արտադրողներին, մատակարարներին և տնտեսություններին աջակցելու գործում։ «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը», խրախուսելով հայկական արտադրության ապրանքատեսակների վաճառքը և, ցանկանալով աջակցել տեղական արտադրողին, իր բոլոր սրահներում հայկական արտադրության ապրանքների համար ապահովել է մեծ ցուցադրվածություն և տեսանելիություն։ Սրահում նախկինում ներկայացված թուրքական արտադրության բոլոր ապրանքները փոխարինվել են հայկական և եվրոպական արտադրության ապրանքատեսակներով։

Վահան Քերոբյանը և Վաչե Արսենը քննարկել են «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Վաչե Արսենը նշել է, որ Հայաստանում «Քարֆուրի»  ներկայացվածության ընդլայնումը հնարավորություն կընձեռի վաճառելու հայկական արտադրության ապրանքատեսակները նաև «Քարֆուրի» միջազգային ցանցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շուկայում առկա մի շարք խնդիրներ և հարցեր, մասնավորապես՝ շուկայում հայտնվող ոչ օրիգինալ ապրանքատեսակների հանդեպ հսկողության իրականացմանն առնչվող հարցեր։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հստակ քայլեր է իրականացնում այդ խնդրին լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

Նշենք, որ կայուն զարգացման նախագծերին զուգահեռ՝ «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» նախատեսում է հստակ քայլերով իրականացնել բիզնեսի թվայնացում, մասնավորապես՝ առևտրի առցանց հարթակի ստեղծման և զարգացման միջոցով, որն էլ ավելի հարմարավետ կդարձնի հայ սպառողի գնումներ կատարելու գործընթացը։

Վահան Քերոբյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել մեր երկրի զարգացմանն ուղղված բոլոր ներդրումային նախաձեռնություններին իր իրավասությունների սահմաններում։ Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը շրջել է սուպերմարկետում և ծանոթացել սրահում ներկայացված հայկական արտադրության ապրանքատեսակներին։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930