Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում 2020-ի տարեկան հաղորդումը ներկայացրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման մասով առաջին հայցերը երբ են լինելու, մարդկանց հետաքրքրում է: Դավթյանը պատասխանեց, որ 2020-ի համար նախատեսված քայլերն իրականացրել են, առաձին ստորաբաժանում է գործում, աջակցող տեխնիկական կազմը գործում է, շուրջ 210 անձանց վերաբերյալ ուսումնասիրություններ ու վարույթներ են իրականացվում, այս տարի եւս 20-30 անձ ավելացվել է: Որոշակի իրավական խութեր կան, նոր փաթեթ է պատրաստվում՝ այդ խութերը վերացնելու համար. «Ուղեկցվում է բավականին դժվարություններով, բայց մենք հետեւողական ենք ու ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները»:
Խոսելով ձերբակալությունների մասին՝ Դավթյանն ասաց, որ կարծրացած պրակտիկա կա, քանի որ ժամանակին չէին վիճարկվում դրանք. «Նախորդ տարվա համեմատությամբ, մեր ձերբակալության արձանագրությունները անհամեմատ ավելի որակով են: Դատարանների կողմից մեկնաբանությունները եւս խնդիր են: Հասել ենք այնպիսի իրավիճակի, որ դատարանների կողմից այնպիսի իրավիճակներ ունենք, որոնք եթե նախադեպ դարձնենք, մենք գործնականում ոչ մեկին չպետք է ձերբակալենք: Պարզ օրինակ ասեմ՝ հիմքի հետ կապված գրված է, որ անձը կարող է ձերբակալվել հանցագործության կատարման վայրում, կամ դրան անմիջապես հարող վայրում: Օպերայի հրապարակում կատարված հանցագործության դեպքից 15 րոպե հետո Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մարդուն ձերբակալում ենք, դատարանն ասում է, որ սա դեպքի վայրը կամ դրան հարակից վայրը չի: Դե հիմա մենք որտե՞ղ գրենք, այդ հարակից վայրը քանի՞ մետրն է»:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործից. «Ի՞նչ փուլում է գտնվում այդ գործը, ՍԴ որոշումից հետո արդյոք օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն չկա: Ինչու է այն ժամանակ արարքը որակվել 300.1 հոդվածով, ոչ թե ընդհանուր նորմով»:
Գլխավոր դատախազը պատասխանեց, որ ժամանակին հատուկ նորմին է տրվել առավելությունը, որովհետեւ դա պարզ իրավական տեխնիկայի կանոն է. «Այլ բան չէր կարող անել վարույթն իրականացնողը, երբ որ տեսնում է, որ նկարագրված արարքը համապատասխանում է իշխանությունը վերազանցելու եւ դրա արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելու մասին ու տեսնում է, որ այդ ծանր հետեւանքները սահմանադրական կարգի հիմունքների ուղիղ դադարեցման հետեւանքներ են, այլ բան չուներ անելու, քան որակելու համապատասխան հոդվածով: Մենք ինչ ենք հիմա վիճարկում ՍԴ-ում: Քրեադատավարական օրենքը տվել է մեզ հնարավորություն վերաորակելու, բայց այդ վերաորակավորումը կարող է պայմանավորվել միայն փաստական հանգամանքների հետ, ապացուցողական բազայի: Զուտ իրավական որակման եւ ՍԴ որոշման, ԱԺ-ի կողմից արարքը ապաքրեականացնելու կամ այս տեսակ ոչ փաստական կողմին վերաբերող հարցերով վերաորակման հնարավորություն չի տալիս: Սա է առիթ հանդիսացել նրան, որ մենք ՍԴ-ի առջեւ բարձրացնենք խնդիրը, ստանանք մեկնաբանություն: Մեր ակնկալած մեկնաբանությունն այն է, որ այո, սրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, տուժողների իրավունքներն են խախտվում: Եվ այդ մեկնաբանության արդյունքում ասում եք՝ ինչ է լինելու: Ստանալով մեկնաբանությունը՝ մենք կկարողանանք վերաորակավորում անել ընդհանուր նորմի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ