Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ՝ այլեւս նման բաները որեւէ անգամ ինձ հետ չկապել»․ ՄԻՊ-ը «Իմ քայլականին» առաջարկեց միասին գնալ սահմանամերձ բնակավայր

Ապրիլ 30,2021 14:20

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «2020թ․-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին ուղղված հարցադրումներն այսպես սկսեց․ «Գաղտնիք չէ, որ մենք ունենք տարաձայնություններ, նկատի ունեմ՝ կառավարող ուժի որոշ պատգամավորներ եւ ՄԻՊ-ը»։

Արման Թաթոյանը հակադարձեց․ «Ես չունեմ տարաձայնություններ»։

«Ես ունեմ․ այդ դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում»,-հնչեց Մարիա Կարապետյանի պատասխանը, ապա նա համոզմունք հայտնեց, որ ցանկալի է անդրադառնալ այդ տարաձայնություններին։ Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին հանրությունը մեդիատեռորի էր ենթարկվում, երբ կեղծ հրապարակումներով փորձ էր արվում հանրության մեջ տագնապ ու վախ սերմանել։ «Միաժամանակ, դեկտեմբերի կեսից սկսած՝ դուք խոսում էիք այն մասին, որ սահմանազատման աշխատանքներ են տարվում։ Տպավորություն էր, որ դուք փաստում էինք, որ այդ աշխատանքները տարվում էին։ Հետո հրապարակեցիք ԱԳՆ-ի՝ ձեզ ուղղված պատասխան այն մասին, որ գործընթացները չեն կարող մեկնաբանվել որպես սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն»,-հիշեցրեց Մարիա Կարապետյանը՝ ասելով, որ ՄԻՊ-ն օգտագործել է «սահմանների որոշման գործընթաց» եզրույթը, իսկ նախագահի հետ Սյունիք այցի ժամանակ փաստել է, որ չկա սահմանազատման շուրջ համաձայնություն․ «Ձեր հայտարարությունները ո՞նց եք գնահատում։ Հնարավո՞ր չէր պարզել, որ սահմանազատման գործընթաց չկա։ «Գուգլ» քարտեզների հիման վրա՞ եք ահազանգ հնչեցրել, թե հիմնվել եք օդում կախված լուրերի վրա»։

Արման Թաթոյանը պատասխանեց․ «Նախ, ինչ-որ տարաձայնությունների ու մեդիատեռորի մասին խոսեցիք, չգիտեմ ինչ․․․խնդրում եմ՝ այլեւս նման բաները որեւէ անգամ ինձ հետ չկապել, որովհետեւ ՄԻՊ-ն ապաքաղաքական պաշտոնյա է։ Բացի այդ, ես նման կատեգորիաներով չեմ շարժվում, այլ իմ աշխատանքն եմ անում։ Եթե դուք տարաձայնություն եք տեսնում կամ չեք տեսնում, դա ձեր ընկալումն է։ Երկրորդ, դա չի կարող ինձ կանգնեցնել իմ աշխատանքում, անգամ եթե տարաձայնություններ կան։ Ինչ վերաբերում է սահմանազատմանը, նորից շեշտեմ, որ ՄԻՊ-ը չի ներկայացնում կառավարությանը։ Ավելին, ես հետագայում հրաժարվեցի «սահմանների որոշում» եզրույթից, որովհետեւ առհասարակ հասկանալի չէր, թե ինչ գործընթաց է գնում։ Սահմանազատման առնչությամբ էլ իմ դիրքորոշումը չի կարող ենթադրել, որ ընթանում է սահմանազատում։ Չի կարող այդպես մեկնաբանվել, որովհետեւ այդ օրերին դա հենց այդ համատեքստում էլ քննարկվում էր։ Ինչ վերաբերում է «Գուգլ» քարտեզներին, ճիշտ եմ ասել։ Մինչեւ հիմա էլ է այդպես։ Կարող եք գնալ սահման եւ տեսնել, թե ինչ են անում։ Ադրբեջանական ԶՈՒ-ն դա լայնորեն կիրառում է։ Դա մեխանիկական մոտեցում է, որովհետեւ պատերազմից հետո պետք էր ակտիվ աշխատել այդ ուղղությամբ»։

Արման Թաթոյանը նաեւ շեշտեց, որ ինքը միշտ էլ հրապարակային է աշխատել եւ խնդիրները բարձրաձայնել, որովհետեւ այլ ձեւով հնարավոր չէր․ «Հրապարակային եմ ասել, որ մարդիկ տեղեկանան։ Եթե դուք հարցն այդպես չեք հաշվի առնում, առաջարկում եմ գնանք սահմանային բնակավայր, որտեղ ինքներդ կլսեք, թե մարդիկ ինչ անորոշության մեջ են։ Դա է խնդիրների հանգեցնում։ Ես բացառապես մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով եմ առաջնորդվում»։

Հիշեցնենք, որ հենց դեկտեմբերին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է փաստել, որ Սյունիքում սահմանազատում իրականացվում է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930