Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ժողովրդավարության անկում է գրանցել. Freedom House-ը ՀՀ-ն դասել է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմերի շարքում

Ապրիլ 30,2021 14:42

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 28-ին հրապարակել է «Ազգերն անցումային շրջանում 2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը ժողովրդավարության անկում է գրանցել:

Մեթոդաբանություն

Զեկույցը գնահատում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը 2020 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Զեկույցի հեղինակները երկրներում ժողովրդավարությունը գնահատել են ըստ 7 ցուցիչների.

  • Ազգային ժողովրդավարական կառավարում – կառավարման համակարգի ժողովրդավարական բնույթ, օրենսդիր և գործադիր մարմինների անկախություն, արդյունավետություն և հաշվետվողականություն,
  • Ընտրական գործընթաց – ազգային օրենսդիր և գործադիր ընտրություններ, ընտրական շրջանակի բազմակուսակցական համակարգերի աշխատանք, քաղաքական գործընթացներին ժողովրդական մասնակցություն,
  • Քաղհասարակություն– քաղաքացիական հատվածի կազմակերպչական կարողություններ և ֆինանսական կայունություն, նրանց գործունեության համար ստեղծված իրավական և քաղաքական միջավայր, առևտրային կազմակերպություններ, շահագրգիռ խմբերի մասնակցություն քաղաքական գործընթացներին, հակաժողովրդավարական ծայրահեղ խմբերի կողմից սպառնալիք,
  • Անկախ մամուլ – մամուլի ազատության վիճակ, այդ թվում՝ զրպարտության մասին օրենքներ, լրագրողների նկատմամբ ոտնձգություններ, խմբագրական անկախություն, ֆինանսապես կենսունակ և անկախ մասնավոր մամուլի գործունեություն, հանրային մեդիայի գործունեություն,
  • Տեղական ժողովրդավարական կառավարում –  իշխանության ապակենտրոնացում, տեղական մարմինների պատասխանատվության շրջանակ, ընտրություններ և կարողություններ, թափանցիկություն ու հաշվետվողականություն,
  • Դատական համակարգ ու դրա անկախություն – սահմանադրական և մարդու իրավունքների պաշտպանություն, դատական անկախություն, ազգային փոքրամասնությունների իրավունքների վիճակ, օրենքի առաջ հավասարության երաշխիքներ, կասկածյալների և դատապարտյալների նկատմամբ վերաբերմունք, դատական որոշումների համապատասխանություն,
  • Կոռուպցիա – կոռուպցիայի ընկալում, բարձրաստիճան քաղաքական գործիչների բիզնես շահագրգռվածություն, ֆինանսական բացահայտման և շահերի բախման մասին օրենքներ, հակակոռուպցիոն նախաձեռնությունների արդյունավետություն:

Ըստ վերը նշված ցուցիչների՝ երկրները գնահատվում են 1-7 բալանոց սանդղակով, որում 1-ը ամենացածր, իսկ 7-ը ամենաբարձր ցուցանիշն է: Ժողովրդավարության ընդհանուր միավորը 7 ցուցիչների միջինն է և արտահայտվում է նաև տոկոսային ցուցանիշով (ժողովրդավարության ամենաբարձր ցուցանիշը 100 տոկոսն է):

Հայաստան

Այս մեթոդաբանությամբ առաջնորդվելով՝ զեկույցի հեղինակները Հայաստանին տվել են 2.96 միավոր (33%) և դասել կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմերի շարքում (2.01-3.00 միավոր հավաքած երկրները համարվում են կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմեր): Այդպիսի երկրները փորձում են քողարկել ավտորիտարիզմը և հենվում են իշխանության ոչ ֆորմալ կառույցների վրա՝ սահմանափակ հարգանք ցուցաբերելով ժողովրդավարության ինստիտուտների և փորձառության վրա:

Առանձին ցուցիչներով Հայաստանը առավել բարձր՝ 3 միավոր է հավաքել միայն կոռուպցիայի և մամուլի ազատության ցուցիչներով (Աղյուսակ 1):

Գնահատելով քաղհասարակության դիմադրողականությունը՝ զեկույցի հեղինակները Հայաստանը դասել են առավել դիմադրունակ երկրների շարքում՝ նկատելով, որ ֆորմալ և ոչ ֆորմալ քաղհասարակության ներկայացուցիչները 44-օրյա պատերազմի ժամանակ ապաստան են տրամադրել տասնյակ հազարավոր տեղահանվածների:

Աղյուսակ 1

Ազգային ժողովրդավարական կառավարում Ընտրական գործընթաց Քաղաքացիական հասարակություն Անկախ մամուլ Տեղական ժողովրդավարական կառավարում Դատական համակարգ և դրա  անկախություն Կոռուպցիա
 

2.25
 

3.25

 

4.5

 

3.00

 

2.25

 

2.50

 

3.00

 

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2019 թ. դեպի հիբրիդային/անցումային վարչակազմ առաջընթաց գրանցած Հայաստանը «2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ նահանջել է»:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում խթանել է ժողովրդավարական ճգնաժամ, ինչը վտանգում է 2018 թ. Թավշյա հեղափոխության նվաճումները: Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրի ժողովրդավարության ցուցանիշը նվազել է: Այս տարվա զարգացումները, այդ թվում՝ զինվորականության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը, ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ»,- ասվում է զեկույցում:

Հայաստանում 2019 թ. ժողովրդավարության ցուցանիշը գնահատվել էր 3 միավորով, ինչը նրան թույլ էր տվել դասվել հիբրիդային վարչակազմերի շարքում: Ընդ որում, Հայաստանը ժողովրդավարության առաջընթաց էր գրանցել նաև 2018 թվականին` նախորդ տարվա 2.57-ից դառնալով 2.93:

Նկատենք, որ Հայաստանում նախորդ տարվա համեմատությամբ ժողովրդավարության նվազում էր գրանցել նաև Economist Inteligence Unit-ը՝ փետրվարին հրապարակած Ժողովրդավարության ինդեքսում:

Ժողովրդավարությունը տարածաշրջանում 

Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները տարածաշրջանում ժողովրդավարությունից նահանջ են արձանագրել: Տարածաշրջանի երկրներից 18-ում գրանցվել է ժողովրդավարության ցուցանիշի նվազում, 5 երկրների դեպքում ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ չի փոխվել, և միայն 6 երկրներ են բարելավել ցուցանիշը:

Ընդ որում, ժողովրդավարության ցուցանիշը նվազել է նաև հարևան Վրաստանում՝ նախորդ տարվա 3.25-ից դառնալով 3.18: Այնուամենայնիվ, Վրաստանը շարունակում է մնալ անցումային շրջանում գտնվող երկրների շարքում: Ադրբեջանում նույնպես ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել՝ նախորդ տարվա 1.14-ից դառնալով 1.07: Այդպիսով, Ադրբեջանը շարունակում է մնալ կոնսոլիդացված ավտորիտար երկիր:

Առաջարկություններ

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2021 թ. զեկույցում առաջարկներ արվել են ոչ թե առանձին երկրների համար, այլ ընդհանուր:

Մասնավորապես, զեկույցի հեղինակներն առաջարկել են.

  • Վերակենդանացնել դաշինքները մյուս ժողովրդավարությունների հետ,
  • Ներդրում կատարել անկախ ընտրություններում,
  • Աջակցել քաղհասարակությանը և ժողովրդավարությանն աջակցող շարժումներին,
  • Աջակցել անկախ և ազատ լրատվամիջոցներին,
  • Խթանել տարբեր ոլորտներում փոխանակման ծրագրերը։

Այսպիսով, Հայաստանում 2018 թ․-ից հետո ժողովրդավարության ոլորտում ձեռք բերված հաջողությունները լուրջ սպառնալիքի տակ են հայտնվել, ինչը փաստում են նաև միջազգային համապատասխան կառույցները:

Ստեղծված իրավիճակը թեև ուղղակիորեն բխում է 2020 թ. պատուհասած առողջապահական և անվտանգային լուրջ մարտահրավերներից, այնուամենայնիվ, ճգնաժամը դեռ չի ավարտվել, ուստի անհրաժեշտ քայլեր չնախաձեռնելու դեպքում երկրի ժողովրդավարության ցուցանիշը կարող է շարունակել անկումը:

Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930